Լրահոս
Օրվա լրահոսը

«Комсомолка»-Ն ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ՝ ՍՊԻԴԻՑ ԲՈՒԺՎԵԼՈՒ

Մարտ 04,1999 00:00
Serj Sargsyan

Հաշվի առնելով, որ հանրապետությունում «շիկացած» խնդիրներից 2-ի մասին հնարավորինս լիարժեք ինֆորմացիա ունի ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը (Արծրուն Մարգարյանի սպանություն, «Արմենիկումի» հայտնագործում), մի քանի հարցերով նրանից փորձեցինք ճշտել այս հարցերի որոշ մանրամասներ։

-Պրն Սարգսյան, Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի՝ Արսեն Խաչատրյանի մայրը որդու հետ տեսակցելու թյուլտվություն էր ստացել։ Արմեն Խաչատրյանի մայրը մինչ օրս որդուց որեւէ տեղեկություն չունի։

-Ես որեւէ մեկից դեռեւս որեւէ դիմում չեմ ստացել։

-Տեսակցելու թույլտվության դիմումները ծնողները ՀՀ նախագահին էին ուղղել։ Իսկ եթե Ձեզ դիմեն, թույլտվություն կտա՞ք։

-Նախագահին են ուղղել դիմումները, նախագահն էլ համապատասխան ցուցումներ կտա։

-Արսեն Խաչատրյանի մոր հետ իմ մասնավոր զրույցից պարզեցի, որ նրա հետ մեկուսարանում հատուկ հոգեբան է աշխատում, որը Արսենին համոզում է սպանությունն իր վրա վերցնել կամ տալ երրորդի անունը։

-Սուտ է։ Չեմ հավատում, որ տիկին Աիդան կարող է այդպիսի բան ասել, որովհետեւ դա բացարձակապես սուտ է։ Ու կարծում եմ՝ դա ձեր հնարածն է։ Հաստատ։ Ու դուք հնարելու վարպետ եք։ (Հակառակը համոզելու իմ շարժումները պրն Սարգսյանի վրա չազդեցին- Լ. Ա.։) Հապա ձեր այսօրվա թերթը կարդա։ Գրել եք, որ ՆԳ աշխատողը դարձել է ստանդարտիզացիայի պետական վարչության պետ։ Այսինքն՝ մենք մի ոլորտ էլ ենք վերցրել։ Բա ամոթ չի՞։ Զանգ տայիք, հարցնեիք, ճշտեիք։ Գնացեք, ասեք՝ տականքնե՛ր, ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում։ Ով որ ասել է՝ տականք է։

-Եկեք ճշտենք նաեւ Արծրուն Մարգարյանի սպանության այն վարկածը, որ տեղում երրորդ մարդն էլ է եղել։

-Ով որ այդպիսի բան է ասում, խնդրում եմ նրան խորհուրդ տաք, գա պաշտոնական ցուցմունք տա։

-Այսինքն՝ այդպիսի բան չկա՞։ Բայց Արսեն Խաչատրյանին պարտադրել են, որ տա երրորդի անունը։ Ես սա էլ եմ տիկին Աիդայից իմացել։

-Մեզ մոտ բավական կալանավորներ կան։ Ինչո՞ւ բոլորի մայրերին չեք հարցնում։ Բոլորի մայրերն էլ ասելու են, որ այնտեղ վատ է, հոգեբանական ճնշում կա, ծեծում են, մեր տղան հանցագործ չէ։ Մենք դատարան չենք, դեռեւս դատավճիռ չի կայացվել, որ Արսենը մեղավոր է կամ մեղավոր չէ։

-Լուրեր էին պտտվում, որ Արմեն Խաչատրյանը պետք է ազատ արձակվի։

-Երբ նախաքննությունն ավարտվի, կորոշվի։ Եթե Արմենը մեղք չունենա, իհարկե, պիտի ազատվի։ Մեղք չունենա կազատվի, մեղք ունենա՝ չի ազատվի։

-Պրն Սարգսյան, մի փոքր «Արմենիկումի» մասին։ Հետաքրքրվեցի ու իմացա, որ ոչ մեր ԱԳՆ-ին, ոչ ձեր, ոչ Առողջապահության նախարարություններին պաշտոնական «հետաքրքրվողներ» դրսից չեն դիմել։

-Ես կարդացել եմ ձեր գրածը։ Դա ուղղակի ձեր հնարածն է։

-Բայց ես ինձ մոտ թե՛ ձեր, թե նշածս նախարարությունների պաշտոնական պատասխաններն ունեմ։ Կոնկրետ՝ զրուցել եմ ՆԳ եւ ԱԱՆ-ի լրատվական վարչության պետի հետ։

-Բայց նրան ո՞վ պիտի զանգ տար, հետաքրքրվեր։ Վաղը (այսինքն՝ այսօր- Լ. Ա.) «Комсомольская правда»-ից գալու են։ Լուրեր նայեք տարբեր, թերթեր նայեք, այնտեղ գրած է։ Վաղն էլ «Комсомольская правда»-ից մի մեծ խումբ է գալիս։

-Իսկ «հեռավոր արտասահմանի՞ց»։

-Գալու են, այնտեղից էլ են գալու։

-«Комсомолка»-ն ես նայել եմ. նրանք պատրաստվում էին 5 տարեկան ՍՊԻԴ-ով հիվանդ մի երեխայի ուղարկել Հայաստան, եւ եթե երեխան բուժվեր, խոստացել էին «Արմենիկումն» անվճար գովազդել։ Երեխային բերելո՞ւ են։

-Ո՛չ։ Գալիս է 20 տարեկան տղամարդ։Լիլիթ ավ

-Մտավախություն չունե՞ք, որ դեպի Հայաստան ՍՊԻԴ-ով հիվանդների հոսք կլինի։

-Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել։ Հնարավոր չէ։ Ի՞նչ է նշանակում՝ կգան։ Ով էլ գա, պետք է գա պետական խողովակներով, իրենց երկրի ՍՊԻԴ-ի կենտրոնի ուղեգրով։ Այստեղ որեւէ պրոբլեմ չկա։

-Իսկ օտարերկրյա գաղտնի ծառայությունները դեղի բաղադրությունը չե՞ն կարող իմանալ։

-Դեղի բաղադրությունը գաղտնիք չէ։ Գրանցման վկայականում բաղադրությունը գրած է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Դուք գիտեք, որ ջրի բաղադրությունը H2O է, չէ՞։ Կարո՞ղ եք ջուր ստանալ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031