Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՍՏԱՆԱ

Մարտ 10,1999 00:00
kasharq

Արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերը միաբերան եւ վստահաբար պնդում էին, որ նախկին վարչապետն առաջադրելով իր թեկնածությունը՝ չի խախտում Սահմանադրությունը, քանի որ Ղարաբաղը 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ միացել է Հայաստանին։

Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական համարելը դիտվում էր իբրեւ հայ ժողովրդին երկու մասի բաժանելու, ազգային միասնությունը խաթարելու եւ թշնամացնելու թշնամական ձգտումների դրսեւորում։ Այն ժամանակ հարց էր առաջանում, թե այդ դեպքում ինչու ընտրելու իրավունքից զրկված էին Ղարաբաղի բնակիչները։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն այս փաստը բացատրեց արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակի սղությամբ։ Այսօր Հայաստանն ամբողջ թափով պատրաստվում է նոր խորհրդարանական ընտրություններին։ Եվ այն կուսակցությունները, որոնք երեկ կաշվից դուրս էին գալիս ապացուցելու, որ Հայաստանը պետք է հարգի իր ընդունած օրենքները, որ ղարաբաղցիներն էլ Հայաստանի Հանրապետության նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես լոռեցիները կամ երեւանցիները, այսօր մոռացել են, թե դեկտեմբերի 1-ի եւ թե մեր ընդհանուր պետության եւ ընդհանուր քաղաքացիության մասին։

Այդ կուսակցություններից՝ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը հաստատեց, որ դեռեւս 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ինքը հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ շեշտել է, որ Ղարաբաղը դե յուրե հանդիսանում է Հայաստանի մաս, եւ ղարաբաղցիներն էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նման պնդման համար հիմք է ոչ միայն 1989 թ. որոշումը, այլ նաեւ 1990 թ. Անկախության հռչակագիրը։ Մյուս ընդունված փաստաթղթերը, որոնք ինչ-որ կերպ հակասում են այս փաստաթղթերի ոգուն, ուղղակի շեղում են։ «Մենք դեռեւս 1998 թ. ենք համարել, որ ղարաբաղցիներին պետք է տրվի քվեարկության իրավունք։ Այդ բանը ասում ենք նաեւ այսօր։ Այն ղարաբաղցին, որը իրեն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է կարողանա ընտրել եւ ընտրվել հայաստանյան ընտրություններում»։

«Ինչո՞ւ այս հարցը ԳիԱրՔՄի-ն չի բարձրացրել ՔԽ-ում՝ դարձնելով առանձին քննարկման առարկա» հարցին պարոն Աղամալյանն ասաց. «ՔԽ-ում տարբեր քննարկումների ժամանակ մենք այդ միտքը հայտնել ենք։ Այդ մասին հատկապես շեշտվել է ԵԱՀԿ գործող նախագահ Բրոնիսլավ Գերեմեկի հետ հանդիպման ժամանակ։ Միգուցե այդ հարցը բարձրացվի ՔԽ-ում, եթե այնտեղ ընտրությունների հետ կապված հարց քննարկվի։ Եթե մենք հարմար գտնենք եւ հույս ունենանք, որ մեզ մյուս ուժերը կսատարեն, ապա այդ հարցը կբարձրացվի»։

«Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կարող է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրվել, իսկ մյուս ղարաբաղցիները չեն կարող ընտրել» հարցին, հնչեց այսպիսի պատասխան. «Որովհետեւ առ այսօր մշակված չէ մեր պետության ազգային անվտանգության դոկտրինան եւ նրանից բխող արտաքին քաղաքական դոկտրինան։ Դրանով վերջ կդրվեր Ղարաբաղի նկատմամբ իրականացվող երկակի խաղին։ Երբ մեզ հարմար է, ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է, իսկ երբ հարմար չէ, ասում ենք, որ Հայաստանի մաս է։ Ինչ-որ տեղ դա մեզ ճկունություն է տալիս, սակայն հարցի չլուծվելը միշտ մեզ կանգնեցնելու է այսպիսի երկակի իրավիճակի առջեւ»։ Ալեքսանդր Աղամալյանը կարծում է, որ այսօր խախտված են ղարաբաղցիների իրավունքները։

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ «Մինչեւ այսօր գործում է 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը եւ ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքները տարածվում են նաեւ ղարաբաղցիների վրա»։ Սակայն նրանք արդեն մեկ անգամ մասնակցել են խորհրդարանական ընտրությունների՝ ընտրելով Ղարաբաղի Ազգային ժողով։ Այդ պատճառով նրանք այս անգամ չեն մասնակցի ընտրություններին։ «Յուրաքանչյուր մարդ ունի մեկ քվեի իրավունք»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը, մոռանալով, որ Ղարաբաղի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ կա որոշակի տարբերություն, եւ նույն տրամաբանությամբ Վանաձորում ավագանի ընտրած քաղաքացին չի զրկվում ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքից։

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման ամենանախանձախնդիրներից է։ Ալեքսանդր Աղամալյանին տրված առաջին հարցին պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ձեր հարցից կարելի է կարծել, որ 1998-ին 1989-ի որոշման մասին մենք հիշել ենք պահի շահերից ելնելով։ Այդպիսի բան չկա։ Ճիշտ է, այս տարի մենք դեռ նման հայտարարություն չենք արել, բայց շուտով կանենք։ Եթե մենք ՔԽ-ում նույնպիսի կարգավիճակ ունենայինք՝ ինչպես նախկինում, մենք անպայման այդ հարցը կդարձնեինք ՔԽ-ի քննարկման առարկա»։ «Դուք հաճախ եք հանդիպում նախագահին։ Երբեւէ նրա առաջ բարձրացրե՞լ եք այս հարցը»։

«Պարտադիր չէ, որ ես նախագահի հետ իմ հանդիպման մանրամասները հայտնեմ լրագրողներին։ Կոնկրետ չեմ ասել, բայց ընդհանուր՝ այո։ Քանի դեռ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ դրվում է խտրականություն, դա կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների։ Այս ընտրությունների հետ կապված էլ արդեն կան որոշ անցանկալի պահեր, որոնց մասին սակայն ես չեմ ուզում խոսել շահարկումների տեղիք չտալու համար։ Այս հարցը պետք է լուծվի մեկ անգամ եւ մեկընդմիշտ»։

Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ ՍԻՄ-ը կտիրապետի իշխանության համապատասխան լծակներին. «… Մենք միշտ ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվելով նախագահ, չկատարեց իր խոստումները։ Նա ուղղակի այնքան վատը չէ, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ դա շատ քիչ հույս է ժողովրդի համար»։ Մենք համոզված ենք, որ ղարաբաղցիներն առաջիկայում չեն մասնակցի հայաստանյան ընտրություններին (խոսքը անհատների մասին է)։ Ավելի հավանական է, որ առաջիկայում նրանք կմասնակցեն այլ ընդհանուր պետության ընդհանուր խորհրդարանի ընտրություններին։ Սակայն դա մեզ պատճառ չի կարող լինել մեր կուսակցություններից փոքր-ինչ հետեւողականություն պահանջելու համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031