Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՀԱՅՑԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Մարտ 20,1999 00:00
dat

Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը, նախագահությամբ Ժորա Վարդանյանի, երեկ շարունակեց «Օրագիր» օրաթերթի եւ ՆԳ եւ ԱԱՆ հայցերի քննությունը։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայցի անհիմն լինելու մասին իր միջնորդությունը, ասելով, որ հակընդդեմ հայցը նպատակ է հետապնդել դատարանի ուշադրությունը շեղել, «քանի որ չի երեւում վեճի առարկան»։

Դատարանը պատճառաբանեց, որ «երկու հայցերի միջեւ ուղղակի կապ կա եւ պետք է միացնել հակընդդեմ հայցը հիմնական հայցի հետ»։ Ն. Փաշինյանը հարցնում էր. «Որտեղ է կապը» եւ մեղադրեց դատարանին, որ նա չի տալիս սպառիչ հիմնավորում։ Այս հայցի առումով պատասխանող կողմ ճանաչված ՆԳ եւ ԱԱ նախարարության ներկայացուցիչը՝ Մ. Գրիգորյանը, իր կարծիքը հայտնեց այսպես. «Մենք հիմնավորել ենք այն հանգամանքը, որ «հերյուրանքներ» արտահայտությունը, որ օգտագործվել է «Հայոց աշխարհին» տրված հարցազրույցի մեջ, վերաբերում է ոչ թե «Օրագիր» թերթի գոյությանը կամ չգոյությանը, ընդհանրապես նրա վարքագծին, այլ որոշակի հրապարակումներին, որոնք վերաբերում են մասնավորապես ՆԳ եւ ԱԱՆ-ին, եւ այդ նախարարությունը ղեկավարող անձին՝ Սերժ Սարգսյանին»։

Ինչ վերաբերում էր Ն. Փաշինյանի ասածին, թե հակընդդեմ հայցը հայցից խուսափելու փորձ է, Մ. Գրիգորյանը դատարանին փաստաթղթեր ներկայացրեց իր իսկ խոսքերով, «որոնք ոչ թե դրվագային էին, ակնարկային, այլ ամբողջ գործունեությունը բնութագրող փաստաթղթեր՝ իրենց հիմնավորումներով։ «Հայոց աշխարհում» արտահայտված «հերյուրանքներ» արտահայտությունը եւ մեր փաստարկներն անմիջականորեն կապված են իրար հետ եւ հակընդդեմ հայցը մերժելու հիմքեր չեմ տեսնում»։ Դարձյալ հայցվոր կողմը պահանջեց լեզվի փորձագետ, քանի որ կասկած հայտնվեց դատարանի լեզվաիմացության վրա։ Բանը հասավ նույնիսկ հարցի այսպիսի ձեւակերպմանը. «բոլոր» բառը ի՞նչ խոսքի մաս է եւ նախադասության ի՞նչ անդամ է», ինչին հետեւեց Ժ. Վարդանյանի խոսքը. «բոլոր» բառը բոլորս հասկանում ենք»։ Եվ «սկսվելու» փորձ արվեց դատական նիստը։

Դատավորն անցավ գործի. «Բաղդասարովը գնում է «Երեւան» հյուրանոցը», «Օրագրում» տպագրվածի համար հարցնելով. «որտեղի՞ց է Ձեզ հայտնի, որ Սերժ Սարգսյանը Բաղդասարովի հովանավորն է, որտեղի՞ց է սկզբնաղբյուրը»։

Հայցվոր կողմը չպատասխանեց հարցին եւ դատարանին ներկայացրեց նյութեր, մասնավորապես «Երկաթյա Սերժիկի կիսանդրին նկարիչների միությունում»։ Հրապարակման մեջ պատմվում է Նկարիչների միությունում բացված ինչ-որ ցուցահանդեսի մասին, ուր նշվում է, որ Ս. Սարգսյանի կիսանդրին մետաղյա էր։ Ժ. Վարդանյանն իր հարցերով արհեստականորեն խղճահարություն էր հարուցում դեպի դատական համակարգը (հանկարծ սա հերյուրանք չդիտվի՞- Ռ. Մ), որովհետեւ հարց տալու նրա փորձն իսկ անհաջող էր.

-Ո՞վ է ձեզ բարոյապես իրավունք տվել նման բան հրապարակել թերթում։

-Ես արձանագրել եմ փաստը։

-Միայն Սերժ Սարգսյանի կիսանդրի՞ն ձեզ գրավեց, թե՞ մի այլ…

-Այլ գեղագիտական քանդակներ չկային։

Մյուս հայցվորն իր հերթին ներկայացրեց հրապարակումներ, որոնք իրենց կարծիքով վարկաբեկել են ՆԳ եւ ԱԱ նախարարությանը, նախարարին եւ ապատեղեկատվություն են եղել։ 24 հրապարակումներ էին դրանք, որոնցից նշենք մի քանիսը. «Հայկական ՆԿՎԴ-ն իշխանություններին պետք է», «Ձկի գործով քրեականներ», «Մակաշով-3», «Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտումը ձեռնտու չէ իշխանություններին», «Սերժ Սարգսյանի մերձավորները խոշոր հարկատուներ չեն»…

Կրկնությունները շատ էին։ Պարզ չէր, սկզբնական հայցի քննությունը որտե՞ղ ավարտվեց, ե՞րբ սկսվեց, դատարանը ե՞րբ անցավ հակընդդեմ հայցի քննությանը, ով՝ երբ է պատասխանող կողմ։ Եղան փոխադարձ մեղադրանքներ էլ, թե յուրաքանչյուր կողմը ձգտում է ավելորդ ձգձգել դատաքննությունը։ Երկու կողմերն էլ դատարանին կոչ էին անում առաջնորդվել օրենքով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031