Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲԱՐԲԶԻԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Մարտ 27,1999 00:00
David Harutyunyan

Արդարադատության նախարարությունը վերջերս սկսել եւ բարեհաջող ավարտել է հնչակյան կուսակցության ստուգումները։ Հնչակները չեն կարող հպարտանալ միմյանց հանդուրժող եւ հաշտ կեցությամբ։ Ու արդեն հասցրել են բաժանվել «մարմինների»։ Մարմնի մի մասն այսօր արդեն գլխավորում է Ջորջ Հակոբյանը, մյուսը՝ Էռնեստ Սողոմոնյանը։ Վերջինս էլ մի «փոքրիկ» դիմում էր հղել առ Արդարադատության նախարարություն՝ թե գնացեք, տեսեք ինչե՜ր են անում մյուս թեւում։ Քանի որ թեւերից որեւէ մեկի հետ զրուցելն, ըստ էության, այնքան էլ հետաքրքիր չէ, որոշեցինք հենց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից ճշտել՝ ինչ է պարզվել ստուգումների արդյունքում։

– Արդարադատության նախարարությունը սկզբունքորեն ունի որոշակի ֆունկցիա՝ ստուգելու (տվյալ դեպքում՝ կուսակցությունների) օրենսդրության պահանջների համապատասխանությունը։ Դրանով էլ պայմանավորված էին հնչակյան կուսակցության ստուգումները։ Մենք ստացել էինք 2 դիմում, ժամանակին նաեւ Էռնեստ Սողոմոնյանից էլ էինք ստացել, որից հետո հնչակյան կուսակցության որոշ անդամներ նույնպես ներկայացրին դիմումներ։ Նրանք համարում էին, որ համագումարը օրինական հիմքով գումարված չի եղել։

Սա է ստուգումների հիմքը։

– Ճի՞շտ է, որ ստուգումները կասեցվել են ինչ-ինչ միջնորդությունների հիման վրա։

– Ստուգումները չեն կասեցվել։ Դրանք իրականացվել են, ավարտվել, եւ հարցը արդարադատության նախարարության կոլեգիան պետք է քննարկի, որից հետո կգանք որոշակի եզրակացության։

– Ասում են՝ բազմաթիվ խախտումներ եք հայտնաբերել։

– Տեղեկանքը ֆիքսում է փաստերը. ենթադրենք՝ այսինչ փաստաթուղթը կար, այսինչը՝ ոչ։ Բազմաթիվ խախտումների մասին թերեւս սխալ է խոսելը։

– Իսկ լուրջ խախտումների՞։

– Գիտեք, քանի որ մեր կուսակցությունները չեն ընտելացել այն պայմաններին, որոնցում պետք է աշխատեն, խախտումներ թույլ են տալիս գրեթե բոլոր կուսակցությունները։ Մեր խնդիրն է ոչ թե պատժել, նկատողություն հայտարարել (կատակ եմ անում, իհարկե, նկատողության խնդիր չունենք), այլ օգնել կուսակցություններին՝ խուսափել խախտումներից։ Քանի որ դրանք հիմնականում անտեղյակության պատճառով են լինում։

– Կոլեգիայի նիստը ե՞րբ է լինելու։

– Կամ ա՛յս երկուշաբթի, կամ հաջորդ։

– Իսկ սա կուսակցություններին ստուգելու առաջի՞ն դեպքն է, թե՞ նախադեպեր, ամեն դեպքում, կան։

– Ընդհանրապես եղել են։ Մի քանի ամիս առաջ ուսումնասիրեցինք, թե որ կուսակցություններն են հայտարարագրում իրենց ֆինանսական մուտքերը, որոնք՝ ոչ։ Չհայտարարագրողները շատ էին։ Նամակով դիմել ենք, խնդրել, որ վերացնեն խախտումները։ Մեր խնդիրը ոչ թե խախտումը հայտնաբերելն է, այլ աջակցելը, որ դրանք վերացվեն։ Մենք մեծ խախտումների դեպքում իրավունք ունենք դիմելու հանրապետության նախագահին, որպեսզի նա հարցը բարձրացնի Սահմանադրական դատարանի առջեւ, բայց բանը դրան չի հասնում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031