Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 03,1999 00:00
qaxaqakan

Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները աշխարհում մեծ իրարանցում են առաջացրել։ Այլ հայեցակետերի կողքին մեզանում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանում տիրող վիճակը, որտեղ Հարավսլավիայի իրադարձությունների առնչությամբ ակնհայտորեն նշմարվում է հակազդեցության երկու գիծ. «մեծապետականները» հակադրվում են «ժողովրդավարության» կողմնակիցներին։

Ռուսաստանն իրականում իր ապագա ուղեգիծն ընտրելու փուլում է՝ գնալ մեծապետական իր հզորությունն ու վիրավորված ինքնասիրությունը վերականգնելու ուղիո՞վ, թե շարունակել երկրի վերակառուցումը՝ քաղաքական նոր իրողության պահանջներին համապատասխան։

Քանի որ Ռուսաստանում քաղաքական ուղեգծի ցանկացած զարգացում անխուսափելիորեն կարտացոլվի Հայաստանի ճակատագրում, ուստի հետաքրքիր կլիներ հանգամանորեն քննարկել ռուսաստանյան քաղաքականության զարգացման հեռանկարները։ Հատկանշական է, որ Հայաստանում նկատելիորեն մեծանում է համակրանքը ռուսաստանյան մեծապետականության աճի նկատմամբ եւ այդ տրամադրությունների բռնկումներն այնտեղ լռելյայն աջակցություն են գտնում։ Հայ հասարակայնության մեծամասնությունը «ցավում է» վիրավորված Ռուսաստանի համար։

Հասկանալի է, որ այդ համակրանքը խարսխված է Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերի հետ նույնացնելու՝ հայերի ավանդական հակվածության վրա։ Հանրապետությունում շատերն են համոզված, որ Ռուսաստանն ու Հայաստանը գտնվում են միեւնույն շահերի կատարելապես նույնական դաշտում։ Ընդ որում Հայաստանի բարեկեցությունը հենց Ռուսաստանի մեծապետականության զորեղացման եւ Արեւմուտքի նկատմամբ նրա դիմակայության քաղաքականության հետ են կապում։

Սակայն այժմ իսկ նկատելի են Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի կտրուկ փոփոխության տագնապալի նախանշանները։ Ս.թ. մարտի 23-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինն ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, որում ասված է. «Մոսկվան չի պնդում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս Բաքուն ընդունի «ընդհանուր պետության» սկզբունքը» (ԹՈՒՐԱՆ-ի լրատվ. 23.03.99)։

Ռուսաստանի նախագահի ուղերձում միաժամանակ շատ պարզորոշ ասված է. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս համարելուց (որը բխում է լիսաբոնյան գագաթաժողովի սկզբունքներից) հեռանալը ոչ թե մոտեցնում, այլ հակառակը՝ հեռացնում է այդ հարցի լուծումը» (ԹՈՒՐԱՆ-ի լրատվ. 25.03.99)։

Հետաքրքրականն այն է,որ սույն հայտարարություններն արվել են ուղերձի բարձր մակարդակով, եւ այն Ադրբեջանի նախագահին է հանձնել անմիջականորեն Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Լեոնիդ Գրաչեւսկին, այսինքն՝ ընդգծվում են այդ փաստաթղթի հրատապությունն ու պաշտոնական բնույթը։ Բացի դրանից՝ հայտարարություններն արվեցին հենց Հարավսլավիան ռմբակոծելու մասին որոշման ընդունման օրը։

Ի՞նչ է դա՝ պատահականությո՞ւն։ Ինչո՞ւ Ռուսաստանը հենց այդ օրը սկսեց ակնարկել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման՝ Ադրբեջանի համար անընդունելի վերջին սկզբունքներից իր հրաժարվելու եւ լիսաբոնյան այն սկզբունքներին վերադառնալու մասին, որոնք Հայաստանը մերժել էր։ Ինչո՞ւ հարկ եղավ վերստին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, ինչը Բաքվի համար շատ կարեւոր է։

Մեր կարծիքով՝ պատահականություններ չկան։ Ընդհակառակը՝ ամեն ինչ միանգամայն օրինաչափ է։ Հայտարարություններն արվեցին այնպիսի մի իրավիճակում, երբ Ռուսաստանը քաղաքական առումով իրեն ոչ առանց ՆԱՏՕ-ի ջանքերի՝ մի կողմ քաշված է համարում, եւ այդ հանգամանքն է ամենակարեւորը։

Հարավսլավական ուղղության մասին խոսելն իսկ ավելորդ է՝ Մոսկվայի կառավարող ընտրախավում տիրող տենդագին խուճապը վկայում է, որ Ռուսաստանի քաղաքականությունում հավասարակշռությունը լիովին խախտվել է։ Միջոցներ են որոնվում դիմակայելու միավորված Արեւմուտքի աշխուժացմանը։ Բայց հայտնի է, որ Ռուսաստանն իրեն վիրավորված է համարում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որը ՆԱՏՕ-ին իր տարածք հրավիրելու եւ ԱՊՀ-ից դուրս գալու չքողարկված ուղեգիծ է վարում։ Ամերիկացի փորձագետների՝ Բաքու այցելելն ավելի ամրակայեց Ադրբեջանի մտադրությունների լրջությունը։

Վերոնշյալ ուղերձում Ռուսաստանի նախագահի հայտարարությունն առ այն, որ «Հարավային Կովկասում աշխարհառազմավարական իրավիճակը փոխելու» փորձերը «կարող են վնասել ընդհանուր շահերին», ինքնին հստակություն է մտցնում Մոսկվայի վերջին դիրքորոշման մեջ եւ վկայում նրա բուն մտահոգությունների մասին։

Հասկանալի է, որ հարկադրաբար մտնելով Արեւմուտքի դեմ հակամարտության ոլորտը, Մոսկվան ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի՝ անմիջապես հերթական գործարքի գնաց Ադրբեջանի հետ, փորձելով չեզոքացնել նրա ակտիվությունը։ Պատմությունը քանիցս հաստատել է Ռուսաստանի այդպիսի քայլի օրինաչափությունը։ Չէ՞ որ ռուսաստանյան քաղաքականության մեծապետական ուժագծի սաստկացումը միշտ էլ առուվաճառք է ենթադրել՝ ի հաշիվ հայերի։

Թուրքական գործոնի դեմ Ռուսաստանի ուժային դիմակայությունը հնարավոր է բացառապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի քաղաքականությունը համաձայնեցված է Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ։ Ուստի Արեւմուտքի հետ իր հարաբերությունների ամենաթույլ օղակում՝ Կովկասում, Մոսկվան Ռուսաստանի ու Արեւմուտքի հակամարտության սրման բոլոր ժամանակներում անմիջապես դիմում է թուրքերի հետ գործարքի միջոցներին։ Հակառակորդի ակտիվությանը դիմակայելու այլ միջոց Ռուսաստանն այդ ուղղությամբ չունի։

Ասվածը չի նշանակում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Ռուսաստանն իր քաղաքականության ռազմավարական ուղղությունը կտրուկ փոխել է։ Բորիս Ելցինի ուղերձի հայտարարություններն ինքնին ոչինչ չեն պարտավորեցնում։ Ակներեւ է ճգնաժամային իրավիճակը հերթական մարտավարական գործարքի հաշվին լուծելու՝ Մոսկվայի ձգտումը, իսկ դա կարող է կայուն ուղեգծի վերածվել, եթե Ռուսաստանը խուսանավի Արեւմուտքի հետ առճակատումից։

Որ Ռուսաստանի համար մեծապետական տրամադրությունների ներկայիս վերելքն ավելի շուտ խաղ է, քան իրականություն, այժմ արդեն ակնբախ է։ Ռուսաստանյան քաղաքական մտքի կայունությունը թափ է առնում, եւ Կրեմլն ավելի ու ավելի հստակ ընտրություն է կատարում ժողովրդավարական ուղեգիծը շարունակելու ուղղությամբ։ Համենայնդեպս, հայերը պետք է աղոթեն նման հեռանկարի համար՝ փոխանակ անխոհեմաբար պաշտպանելու Կովկասի իր դաշնակցին՝ Հայաստանին հերթական անգամ վայրկենապես «դավաճանող» ռուսաստանյան «խոցված ինքնասիրությունը»։

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Մյուս դիտարկումը կարդացեք 11-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930