Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության I համագումարի բանաձեւ

Ապրիլ 20,1999 00:00
Hayastan

Ժողովրդավարական Շարժման արդյունքում պետականության գաղափարով միավորված ժողովրդի ազատ կամքով 1991թ. ծնվեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: Ազատ, արդար, օրինական ընտրություններով ձեւավորվեցին խորհրդարանական եւ նախագահական ինստիտուտները: Ստեղծվեց պետական կառավարման ինքնուրույն համակարգ, դրվեցին իշխանության տարանջատման հիմքերը: Հռչակվեցին անհատի իրավունքներն ու ազատությունները, խոսքի եւ մամուլի ազատությունը, սեփականության բոլոր ձեւերի հավասարությունը եւ անձեռնմխելիությունը: Սկիզբ դրվեց քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների ձեւավորման: Բարեփոխումներով սկսեց ձեւավորվել մասնավոր սեփականության համակարգը: Կազմավորվեց մարտունակ բանակ: Արցախյան հակամարտությունում հաստատվեց զինադադար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք բերեց փաստացի անկախություն, ապահովվեց նրա անվտանգությունը:

Սակայն, Հայաստանի Հանրապետությունում չձեւավորվեց ռազմավարական կառավարման համակարգ, եւ 1995թ. սկսվեց նահանջը ժողովրդավարությունից: Որդեգրվեց իրավիճակային լուծումներով թելադրված քաղաքականություն. պետական կառավարման ինստիտուտների, հատկապես ուժային կառույցների առաջընթացիկ ամրապնդման ձգտումը հանգեցրեց վերջիններիս բացարձակեցմանը, օրինական իշխանությունների ինքնավերարտադրման անկարողությանը: 1995թ. Ազգային ժողովի եւ 1996թ. նախագահական ընտրություններում ոտնահարվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ժողովրդավարական գործընթացների փաստացի մերժման արդյունքում 1998թ. Հայաստանում իրականացվեց հեղաշրջում եւ իշխանության զավթում: Ներկայիս իշխանությունների գործելակերպը՝ պետության բնականոն զարգացման օրինաչափությունների անտեսումը, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարումն ու քաղաքական ուժերի դերի մերժումը, հակահանրապետական է: Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է սահմանադրական կարգը:

Պետական կառավարման համակարգը հատվածական բնույթ ունի, ենթարկվում /ստորադասվում/ է կլանային շահերին, իրավիճակային խնդիրներ լուծելիս անընդունակ է անգամ ապահովել սոցիալական ու կենցաղային փխրուն հավասարակշռությունը, ներքաղաքական կայունությունն ու դրա հիմքերն առարկայացնող տնտեսական համամասնությունները: Պետական համակարգերում չի կայացել իշխանության հորիզոնական եւ ուղղահայաց տարանջատումը: Չեն ապահովվում պարզ վերարտադրման տնտեսական համակարգի ձեւավորման պայմաններ: Վտանգված է ազատ ձեռներեցությունը, մասնավոր սեփականության ինստիտուտը, ընթացք է ստացել սեփականության վարչահրամայական վերաբաշխումը: Իշխող վարչախումբը չունի գաղափարների կայուն համակարգ, չի բավարարում ոչ ժամանակի, ոչ էլ իրավիճակը գնահատելու եւ բավարար ելքեր գտնելու պահանջներին, չի կրում քաղաքական ու իրավական որեւէ պատասխանատվություն եւ փորձում է պահպանել իշխանությունը ներքին ռեւանշիզմի գաղափարով: Իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական հետապնդումներ իրականացնող գործիքի եւ չեն կատարում իրենց հիմնական խնդիրները: Քաղաքական համակարգը՝ մասնավորապես եւ կառավարման համակարգը՝ ամբողջովին, օտարված են հասարակությունից:

Քաղաքական դաշտն արժեզրկված է Հայաստանի Հանրապետության օրենքների անտեսմամբ արտերկրից ղեկավարվող, ինչպես նաեւ՝ ուժային կառույցների կողմից ստեղծված կուսակցություններով ու միավորումներով: Քաղաքական ուժերի գերակշիռ մասը հրաժարվել է ազատության եւ ժողովրդավարության գաղափարներից եւ, ըստ էության, վերածվել է իշխանական համակարգի կցորդի: Նման քաղաքական պայքարը հանգում է զուտ իշխանության բաժանման գործարքի, որի մասնակից կողմերն անխուսափելիորեն դառնում են մարգինալ /լուսանցքային/: Արտագաղթի ծավալվող չափերը սպառնում են Հայաստանի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը: Իշխանությունը նպատակ չունի ձեւավորել քաղաքացիական ինստիտուտներ: Գաղափարախոսական մեքենան որդեգրել է պետականությունը մերժող ազգայնամոլական սկզբունքներ: «Սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ, երկքաղաքացիություն ներմուծելով, փորձ է արվում փոշիացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իշխանություն ձեւավորելու իրավունքը: Պահանջատիրական, չհավասարակշռված, անսկզբունքային, պատեհապաշտ ու անհեռանկարային արտաքին քաղաքականությունը Հայաստանը դուրս է մղում միջազգային ու տարածաշրջանային ինտե-գրացիոն գործընթացներից:

Արձանագրելով, որ

– ընտրական օրենսգրքի բացակայության, Սահմանադրության եւ օրենքների արհամարհման պայմաններում Ազգային Ժողովի ընտրություններով կրկին ոտնահարվելու են ընտրողների իրավունքները, ընտրություններին մասնակցելը միայն նպաստելու է ներկա իշխանական ռեժիմի կյանքի երկարացմանը,

– եւս մեկ անօրինական իշխանության ձեւավորումով Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն բոլոր նախադրյալները քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումների, նոր հեղաշրջման համար,

– հնարավոր միջազգային ու ներքաղաքական հետեւանքները վտանգելու են Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի ապագան, որի ողջ պատասխանատվությունն իշխանությունների հետ կիսելու են ընտրություններին մասնակցող ուժերը՝ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը բոյկոտում է 1999թ. մայիսի 30-ի Ազգային ժողովի ընտրությունները:

Պետականության եւ ժողովրդի առջեւ պատասխանատվությամբ, հավատարիմ իր սկզբունքներին՝

– մարդու իրավունքները, քաղաքացիների եւ հասարակության շահերը առաջնային են պետական կառույցների լիազորությունների նկատմամբ.

– պետականության ամրապնդման եւ ազգային անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են ժողովրդավարական կայունությունը, անշրջելի ժողովրդավարության հաստատումը.

– Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական բարգավաճման եւ սոցիալական անվտանգության նախապայման է մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանվածությունը եւ զարգացումը.

– Հայաստանի Հանրապետության զարգացումն ու առաջընթացը պայմանավորված են տարածաշրջանային ու միջազգային ինտեգրացիոն գործընթացների ծավալմամբ, քաղաքական, տնտեսական, մշակութային ու տեղեկատվական կապերի ամրապնդմամբ, փակ հասարակության բացառմամբ.

– ժողովրդավարական ու ազգային արժեքների միասնականությամբ՝ իրավական պետություն կառուցելով եւ քաղաքացիական հասարակություն ձեւավորելով, հայ ժողովուրդը կապահովի իր բազմակողմանի, ներդաշնակ զարգացումը, բարեկեցությունն ու արժանապատիվ դիրքը միջազգային հանրությունում. ճգնաժամը հաղթահարելու եւ զարգացման հնարավորություններ ստեղծելու նպատակով «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունն առաջիկա իր գործունեության հիմնական ուղենիշներ է հռչակում՝

– լիբերալ ազատական քաղաքական ուժերի համախմբումը եւ քաղաքական առողջ դաշտի ձեւավորումը,

– գործող նախագահի՝ օրինական պաշտոնանկությունն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը,

– քաղաքական հետապնդումների բացառումը,

– սահմանադրական կարգի վերականգնումը եւ օրինականության հաստատումը,

– Հայաստանի Հանրապետությունում ազատ, արդար, օրինական ընտրական կայուն համակարգի ու ավանդույթների ձեւավորումը, անշրջելի ժողովրդավարության հաստատումը:

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը քաղաքական բոլոր միջոցներով հետեւողականորեն պայքարելու է իր մարտավարական եւ ռազմավարական նպատակներն իրականացնելու՝ Հայաստանը քաղաքական ու տնտեսական զարգացման կայուն ուղի դուրս բերելու համար: Միայն Հայաստանի քաղաքացիների բարձր քաղաքական ակտիվությամբ հանրապետությունում կհաստատվի ժողովրդի իշխանություն եւ ժողովրդի ընդդիմություն:

17-ը ապրիլի, 1999թ.

ք. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930