Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԹԱԼԱՆՈՒՂԻՆԵՐԸ

Ապրիլ 29,1999 00:00
zvartnoc

Ապրիլի 24-ին գնացել էի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Սանկտ Պետերբուրգ-Երեւան N 976 չվերթը։ Ինքնաթիռը 21.30-ին վայրէջք կատարեց, եւ քիչ անց ապակե պատից այն կողմ երեւացին ուղեւորները, որոնց մեջ էր եւ տղաս։ Ուղեբեռներն ստանալով՝ մարդիկ մի քանի անգամ ստուգման էին ենթարկվում եւ պարտադիր անցնում «կարմիր» գոտիով (կանաչը փակել էին), էլեկտրոնային ստուգումներով ու պայուսակներ բացելով։

Բոլոր ուղեւորներն անցան, սակայն տղաս դեռ չէր երեւում։ Խնդրեցի եւ ներս մտա՝ իմանալու, թե ինչ է պատահել։ Այնտեղ հավաքված էին 5-6 աշխատողներ, եւ տղաս վրդովված վիճում էր նրանց հետ։ Նրան ասում էին, թե պետք է վճարվի բեռի համար, քանի որ տոմսի մեջ իբր գրանցված չէ ուղեբեռի քաշն ու մուծված արժեքը, հակառակ դեպքում պետք է պայուսակները եւ փաթեթները (կենցաղային իրեր, գրքեր եւ առօրյա հագուստներ) տեղափոխվեն պահեստ, որպեսզի երկուշաբթի, իրենց ասելով «разбирать» անեն, ֆաքս ուղարկեն Ս. Պետերբուրգ՝ վճարվե՞լ է ուղեբեռի ավելորդ քաշի համար, թե չէ։ Ասում ենք, թե ինչպես կարող է մոտ 100 կգ բեռ (8 կտոր) անցկացնել ստուգման մի քանի կետով, եթե այն գրանցված չի եղել։ Երկար վիճաբանությունը ոչ մի արդյունք չտվեց։ Հերթապահ աշխատողներից մեկը դիմելով ինձ ասաց. «Մի բան խոստացիր՝ բաց կթողնեն»։ Ստիպված իրեն «ավիաուղիների մենեջեր» անվանող երիտասարդի հետ այդպես էլ հարցը լուծեցի՝ վճարելով նրան 10 հազար դրամ, առանց ստուգման դուրս եկանք այդ չարաբաստիկ միջանցքից։

Եվ այսպես, օդանավակայանում կորցրինք ավելի քան 2 ժամ, 10 հազար դրամ եւ փոխարենը ստացանք շատ հոգեկան վրդովմունք ու ցավ։ Զվարթնոց օդանավակայանում կատարվում են նաեւ այլ կարգի դրամաշորթություններ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին երիտասարդ մի ընտանիք (Իջեւանից) մեկնում էր Մոսկվա։ Ստուգողներից մեկը երիտասարդի նոր անձնագիրը վերցնելով, ասում է, թե պետք է ունենայիք նաեւ ռուսերեն թարգմանությունը՝ նոտարով հաստատված, հակառակ դեպքում չեք մեկնի։ Վերջինս անտեղյակ այդ «նորությունից» եւ չուզենալով ետ մնալ թռիչքից, վճարում է աշխատողի պահանջած 20 հազար դրամից ունեցած 15 հազարը, առանց որեւէ անդորրագրի։ Նման դեպքեր երեւի շատ միամիտների հետ են կատարում։ Իսկ այս երկուսի մասին ցանկանում եմ տեղյակ պահել «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությանը, որ իրենք էլ, եթե տեղյակ չեն՝ իմանան։

Գուցե ինչ-որ միջոցառումների դիմեն՝ հիշյալ անօրինականությունները վերացնելու համար։

ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930