Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԻ, ՆՈՒՇԻ, ԶԳՈՒՅՇԻ ՄԱՍԻՆ

Մայիս 04,1999 00:00
Gagik Eganyan

1993-ից սկսած յուրաքանչյուր տարի Միացյալ ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվում է համաձայնագիր՝ Հայաստանում ապրող փախստականների հիմնախնդիրների մասին։

Այդ հիմնախնդիրների շարքում ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը առաջնային է համարում բնակարանային շինարարությունը (ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների համար բնակարանների կառուցում), քաղաքացիության ընդունումը։ Նաեւ սոցիալական աջակցության, իրավական օգնության հարցերը կարեւորվեցին։ Այս ոլորտներում իրականացվող ծրագրերն են, որ ՄԱԿ-ն ամեն տարի համաձայնեցնում է ՀՀ կառավարության հետ։ Այս տարվա համաձայնագիրը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Բիրաթի եւ ՀՀ կառավարության՝ ի դեմս սոցապ նախարար Գագիկ Եգանյանի, միջեւ կնքվեց միայն երեկ՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այդ համաձայնագիրը կնքվել է առնվազն փետրվար ամսին։ Պրն Եգանյանն ասաց, որ մինչեւ այժմ այն «ավարտուն կոնդիցիայի» էին բերում։

ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ուժերով փախստականների համար կառուցվել է 2000 բնակարան։ Այժմ կառուցվում է եւս 300-ը։ «Փոխըմբռնման եւ համագործակցության համաձայնագրի» ստորագրման ժամանակ պրն Եգանյանը գնահատեց նաեւ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Փախստականների մասին» ՀՀ օրենքը. «Ամբողջությամբ կանոնակարգում է այն իրավական հարցերը, որոնք առնչվում են փախստականների հետ»։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը որոշել է միգրացիայի, փախստականների հարցերով առանձին վարչություն կազմավորել։

Թեեւ մենք հարկ համարեցինք պրն Թոմաս Բիրաթի հետ առանձնազրույց ունենալ, այնուամենայնիվ ավելորդ չենք համարում նաեւ համաձայնագրի ստորագրման ժամանակ նրա խոսքից մի պահ ներկայացնել։ Այն պահից, երբ թարգմանիչը «կուրյոզի» էր հասցնում իր աշխատանքը։ Ասենք, երբ պրն Բիրաթն ասաց, որ «բավականին դյուրին է փախստական դառնալը», ոչ ոք չհասցրեց զարմանալ. պրն Եգորյանը շտապեց իր «պոլիգլոտի» գիտելիքները ցուցադրել։ Արդյունքում բոլորն իմացան, որ իրականում պրն Բիրաթն ասել է, որ հեշտ է «քաղաքացի» դառնալու պրոցեսը։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է այս տարի այդպես ուշ ստորագրվում, Գագիկ Եգանյանը գերադասեց ասույթով պատասխանել. «Ուշ լինի՝ նուշ լինի»։ Հետո, իհարկե պատճառաբանեց, որ փաստաթուղթը մշակվել է ամենայն մանրամասնությամբ, թեեւ պատրաստ է եղել դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին։ Քիչ ավելի անկեղծ էր պրն Բիրաթը, երբ, շատ աշխատելու մասին ասելուց բացի, մի փոքր ակնարկեց Արթիկում փախստականների համար կառուցված բնակարանների ապօրինի զավթման մասին։ Հետո, իհարկե, մի քանի անգամ շեշտեց, որ «բոլոր դեպքերում այդ հարցն արդեն դրական է լուծվել»։ Եվ հիմա իրենք ավելի զգույշ են։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Փախստականներին տրամադրվող ՄԱԿ-ի բյուջեի մասը 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար է, չհաշված հնարավոր նվիրատուներին։ ՀՀ կառավարությունը իր բյուջեով նախատեսել է փախստականներին տրամադրել 300 մլն դրամ՝ բնակարանային շինարարությանը, վերջերս դրան հատուկ որոշումով ավելացրել է 60 մլն եւ եւս 70 մլն՝ փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարանների կորուստների մասնակի փոխհատուցմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31