Լրահոս
Օրվա լրահոսը

Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք

Մայիս 05,1999 00:00
karavarutyun

Երեկ կայացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսի ներկայացրած հիմնական թեման 1998 թ. բյուջեի կատարողականն էր։

Լրագրողների հետ նախարարի հանդիպումը կայացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, որը կառավարական տան հսկա մի մասնաբաժին է զբաղեցնում։ Կառավարական տունը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Այս նախագծի համար ճարտարապետին 1924 թ. (հետմահու) տրվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Շենքի շինարարությունն ընթացել է երկու հերթով։ Առաջինը կառուցվել է Հայժողկոմատի բաժինը (1926-29թթ.)։ Երկրորդ հերթի շինարարությունը՝ վերոհիշյալ նախարարության մասնաբաժինը, կառուցվել է 1932-41թթ.։ Ցավոք, մինչեւ վերջ չիրականացվեց ճարտարապետական համալիր շինարարությունը։ Թամանյանին, ինչպես բոլոր մյուս երեւանյան նախագծերում, հաջողվել է պաշտպանել հայ միջնադարյան ճարտարապետության ոճն ու հիմնական սկզբունքները։ Շենքի մասին եւ խորհրդային տարիներին եւ հիմա սպառիչ ճարտարապետական տվյալներ չեն հրապարակվում։ Եվ սա բնական է՝ կառավարական տան մասին որոշակի գաղտնիության սկզբունքներ պետք է պահպանվեն։ Չնայած յուրաքանչյուր երեւանցի գիտի, որ համալիրի մաս կազմող հատվածները 3 եւ 4 հարկանի շինություններ են։ Շենքն ամբողջովին պատված է զարդաքանդակներով։ Հանրապետության հրապարակում դեմ-դիմաց գտնվում է ճարտարապետ Սաֆարյանի նախագծած կառավարական տան 2-րդ մասնաշենքը։ Ներկայումս այնտեղ տեղավորված են արտգործ, էներգետիկայի եւ սեփականաշնորհման նախարարությունները։ Ի տարբերություն այս շենքի, այսպես կոչված «վերնիսաժի» հարեւանությամբ գտնվող կառավարական տան 3-րդ մասնաշենքը իր ճարտարապետական լուծումներով ու ոճով կտրուկ տարբերվում է նախորդներից։ Ընդհանուրությունը թերեւս միայն այն է, որ այս վերջին մասնաշենքում էլ նկատելի է խորհրդային ճարտարապետությանը բնորոշ ծավալապաշտական ոճը։ Ի դեպ, 2-րդ եւ 3-րդ մասնաշենքերում երեկ ասուլիսներ տեղի չեն ունեցել։ Վերադառնալով կառավարական տան հիմնական մասնաշենքին նշենք, որ ըստ Թամանյանի նախագծի, ժամացույցի աշտարակը համալիրի բարձրակետը չէր լինելու։ Նախատեսվում էր կառուցել կլոր աշտարակային շինություն բակի կողմում։

Վարդագույն մայրաքաղաքի ճարտարապետական արժեք ներկայացնող մնացյալ շինություններին կանդրադառնանք ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանի հաջորդ ասուլիսները նկարագրելիս։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31