Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ

Մայիս 25,1999 00:00
Parenayin

Պարենային զամբյուղ գցելու միտում

Մոտ մեկ տարի առաջ ջահել-ջիվան կառավարությունը թեւերը քշտած սկսեց քննարկել հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի հիմնական խնդիրները։ Հետո 1997 թ. հուլիսի 10-ին հայտնվեց կառավարության որոշումը «ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի մասին» վերնագրով։

Վիճակագրության եւ առողջապահության նախարարություններին հանձնարարվեց կատարել «բնակչության մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի եւ վերջինիս պարենային մասի հաշվարկներ»։

Պարենային զամբյուղի հաշվարկները կատարվեցին։ Նաիվ մարդիկ հույս ունեին, որ կառավարությունը այդ հաշվարկների հիման վրա բանական ընդունելի չափերի կհասցներ նպաստներն ու աշխատավարձերը։ Մարդիկ հույս ունեին, իսկ կառավարությունը փող չուներ։ Ուստի արտառոց ոչինչ չկատարվեց։ Բոլորը մոռացան այդ հաշվարկների մասին։ Բայց ահա մայիսի 21-22-ին «Ազգային պարենային ապահովության ծրագրի» սեմինար-քննարկում անցկացվեց։ Ու նորից կառավարությունը հիշեցրեց իր հաշվարկների մասին։

Հրապարակվող աղյուսակին ծանոթացողները բավական տխուր տպավորություն կստանան։ Նախ հիշեցնենք, որ այս զամբյուղը հաշվարկված է մեկ օրվա համար։ Սննդամթերքի օրական նվազագույն ծախսը մոտ 600 դրամ է (նույնիսկ մի քիչ պակաս)։ Ամսական ծախսը մեկ շնչի համար հաշվարկված է մոտ 17 հազար 800 դրամ։ Այսքան նպաստ ու թոշակ կառավարությունը բաժանել չէր կարող։ Հետեւաբար, սառնասրտորեն հաշվարկել է, որ նվազագույն պարենային զամբյուղն ապահովում է 242,1 կկալորիա էներգետիկ նորմա։ Մյուս ինքնաձաղկում-հաշվարկների համաձայն, կառավարությունը գրում է, որ այդ գումարը «4,8 անգամ մեծ է միջին աշխատանքային կենսաթոշակից, 6,6 անգամ մեծ միջին սոցիալական կենսաթոշակից»։

Առաջարկում ենք ինքնուրույն ծանոթանալ նվազագույն պարենային զամբյուղին։ Բերված թվերի մեծ մասը որեւէ լուրջ վերլուծության ենթակա չէ։ Օրինակ, բուսական յուղի օրական նորման հաշվարկված է 20 միլիլիտր։ Առողջապահության նախարարությունում կայացած քննարկումների ժամանակ որոշ բժիշկներ բացառված չէ, որ առաջարկեին այդ չնչին ծավալն օգտագործել ներերակային սրսկումների ձեւով։ Որոշ սննդամթերքներ (պանիր, շոռ, մակարոն) կառավարությունը կարող էր հաշվարկել ոչ թե գրամով, այլ կարատով։ Խոսքը սննդամթերքի թանկության մասին չէ, այլ՝ հաշվարկված չնչին զանգվածի։ Հաշվարկի հիմքում 15 գրամ մակարոն։ Դա միջին հաշվով մեկ մի քիչ թմբլիկ մակարոնի քաշ է։ Սրա վրա, իհարկե, անհրաժեշտ է մոտ 20 հատ լոբի ուտել, եւ դուք կուշտ կլինեք։ Կուշտ կլինեք, որովհետեւ դեռ կես ձու կա։ Իմիջիայլոց նշենք, որ ձվի մյուս կեսն օգտագործելու մասին առաջարկությունները կառավարությունում դեռ քննարկվում են։ Իսկ 2001 թ. ուղենիշ ունենալով կառավարությունը հաշվարկել է, որ այդ թվականից «10 հազար միայնակ ծերեր եւ հաշմանդամներ օրական կստանան նվազագույն պարենային զամբյուղի 5%-ին համարժեք սնունդ։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն ՀՀ պետբյուջեից, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից» եւ այլն։ Մնում է, որ այդ 10 հազար միայնակ ծերերն ու հաշմանդամները այդ 5%-ի ակնկալիքով դիմանան մինչեւ 2001 թվականը։ Այդ թվին կառավարությունն ու կենսամակարդակը չգիտեմ, բայց դարը հաստատ փոխված կլինի։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31