Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՉ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ, ԱՊԱ՝ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ

Մայիս 26,1999 00:00
Vladimir Nazaryan

Խորհրդարանական այս ընտրարշավի ընդհանուր քարոզչական թեմաներից մեկն էլ այն է, որ բոլորը գրեթե խոսում են պատգամավորներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու խնդրի մասին։ Ինչպես միշտ՝ կան կողմ եւ դեմ կարծիքներ։

Ու քանի որ արդեն իսկ չհայտարարված բանավեճ է ծավալվում այս հարցի շուրջ, խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զրույցի հրավիրեցի իրավագիտության դոկտոր, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանին։

Նա հենց սկզբից արձանագրեց՝ խնդիրը հայ իրականության մեջ արտահայտված չէր եւ ծայր առավ կոնկրետ դեպքից. «Երբ Վանո Սիրադեղյանի համար ԱԺ-ից համաձայնություն խնդրեցին, բայց ԱԺ-ն մերժեց, ու դժվարություն առաջացավ։ Անձեռնմխելիության հարցը այդ արձագանքի ռեակցիան էր, որն օգտագործվեց պոպուլիստական նպատակներով»։

Վլադիմիր Նազարյանն առաջարկում է մի կողմ թողնել մասնավոր դեպքերը, հասարակական վերաբերմունքն ԱԺ վարքագծի եւ գործելակերպի նկատմամբ, եւ խնդրին մոտենալ ավելի լուրջ։

Հիմա լսենք փաստարկումները. կա 3 իշխանություն՝ օրենսդիր, գործադիր, դատական։ Գործադիր իշխանության շրջանակում են գործում նաեւ ներքին գործոց եւ դատախազության համակարգերը։ Պատգամավորների ձեռնմխելիության պարագայում, Վլադիմիր Նազարյանի կարծիքով, նշյալ կառույցների ղեկավարներին դժվար չի լինի դեպուտատին ստիպել՝ քվեարկել այս կամ այն օրինագծին կողմ կամ դեմ. «Ես չեմ կարող ելնել ՆԳ նախարարի կամ դատախազի հրեշտակ լինելու կանխավարկածից։ Ես շատ հանգիստ կարող եմ մտածել, որ նրանք սովորական մարդիկ են՝ հետեւաբար՝ ունեն իրենց նկատառումները, ցանկությունները եւ դրանք իրականացնելու համար շատ ազատ են մեթոդների ընտրության մեջ»։

Այստեղից էլ Վլադիմիր Նազարյանի հեգնական եզրակացությունը. «Եթե օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հարաբերությունների այսօրվա պայմաններում վերացնենք անձեռնմխելիությունը, պատգամավորները ճիշտ կանեն՝ օրենսդրական նախաձեռնությունները ներկայացնեն ՆԳ նախարարի լիազորագրի հիման վրա»։

Վլադիմիր Նազարյանն ավելի առաջ գնաց, առաջարկելով դրույթն ամրագրել ԱԺ կանոնակարգում, որպեսզի օրենսդրական նախաձեռնության հեղինակը նախագծի հետ միասին, պարտադիր կարգով ներկայացնի նաեւ ուժային կառույցի լիազորագիրը, «որովհետեւ զահլա չկա էլի հետո գալ ու դեմ քվեարկել, նախագծի հեղինակն ինքն էլ գա եւ դեմ քվեարկի»։

Այսպիսով պարոն Նազարյանն արձանագրեց, որ անձեռնմխելիությունը շատ կարեւոր ինստիտուտ է, որն ապահովում է օրենսդիր իշխանության անկախությունն ու տարանջատվածությունը գործադիր իշխանությունից։

Հիմա ներկայացնենք հայտնի իրավաբանի մեկնաբանությունները որոշ երկրներում անձեռնմխելիության ինստիտուտի բացակայության կամ դրա սահմանափակության վերաբերյալ։

Նրա մատուցմամբ, դա հետեւանք է իրավական բարձր գիտակցման եւ մշակույթի, ինչպես նաեւ այդ նույն իրավական զարգացած երկրներում չորրորդ իրական իշխանության՝ մամուլի ոչ ձեւական հզորության. «Զարգացած իրավակարգ ունեցող երկրներում ՆԳ նախարարները պարզապես սարսափում են մամուլից։ Իսկ մեզ մոտ կա ավանդույթ՝ ինչ ուզում ես գրիր։ Եթե ժամանակին «Պրավդայում» մի կարեւոր բան տպագրվեր, անպայման հարցը պիտի քննեին։ Հիմա չեն էլ քննում՝ դու գրի՝ ես էլ անեմ…»։

– Այո,- արձանագրեց պարոն Նազարյանը,- երբ մեզանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ ձեւավորված կլինեն վստահահավատ, գիտակցված իրավական հարաբերություններ, կյանքն ինքնին ավելորդ կդարձնի պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։

Մեր զրուցակիցը զուգահեռ անցկացրեց նաեւ մահապատժի ինստիտուտի հետ։ Նրա կարծիքով, այս փուլում մահապատիժը պետք է պահպանել, բայց երբ մեր ժողովուրդը քրիստոնեական դաստիարակության բարձր մակարդակի հասած լինի, անիմաստ կդառնա մահապատժի ինստիտուտի գոյությունը։ «Բայց մեր երազանքը չենք կարող արհեստականորեն ներդնել իրականության մեջ։ Ռոմանտիկան լավ է Վիկտոր Հյուգոյի մոտ, քաղաքականության մեջ՝ ահավոր բան է։ Երեւակայեք, որ Հիտլերն էլ էր ռոմանտիկ, Մուսոլինին էլ, ի դեպ, Ստալինը նույնպես… Քաղաքականության մեջ ռոմանտիկան միանգամայն այլ հետեւանքներ է ունենում»։

Իսկ տվյալ դեպքում, Վլադիմիր Նազարյանի գնահատմամբ, անձեռնմխելիության խնդիրն օգտագործվում է պոպուլիստական նպատակներով. «Տես՝ թե ինչ դուխով տղա է էլի՝ ասում է, տո լափ էլ թող վերացնեն։ Տեսեք, ինչ ազնիվ մարդ է, որ հեչ իր պետքն էլ չի, կամ՝ ինչ ազնիվ կուսակցություն է կամ շարժում, որ ասում է՝ անձեռնմխելիությունը մեզ պետք չի։ Звучит? Звучит.»։

Ինչ խոսք, կան մարդիկ, որ ուզում են խորհրդարան մտնել անձեռնմխելի լինելու, բայց ոչ միայն դրա համար. «ԱԺ պատգամավոր լինելն այսօր Հայաստանում «Ջիպ» ունենալու պես բան է։ Այսինքն՝ «Ջիպ» ունես, բայց պատգամավոր չես։ Ես համ պատգամավոր եմ, համ էլ՝ «Ջիպ» ունեմ։ Մեզանում պարզապես սոսկալի է արեւելյան այդ կնիքը։ Մի ժամանակ մեզ մոտ կարեւոր էր՝ դուբլյոնկա ունես, թե՝ չունես։ Ձեռի հեռախոս ունե՞ս, թե չունես։ Ձեռի հեռախոս ունես, «Ջիպ» ունես, բայց պատգամավոր չես։ Պակաս ա էլի, բան ա պակսում քեզնից։ Որ իսկականից նստես-հարգվես, պիտի պատգամավոր ըլնես։ Որովհետեւ, խնդրեմ, Ճոյտը՝ ունի, դու՝ չունես։ Բայց դու, վափշե տը, դրսում իրանից բարձր ես։ Բայց պարզվում ա՝ էդքան էլ բարձր չես։ «Ջիպ» ինքը ունի՝ դու էլ ունես, ձեռի հեռախոս ինքը ունի՝ դու էլ ունես, բայց ինքը պատգամավորի գրքույկ ունի, դու չունես»։

Իսկ դա շատ է հիշեցնում ոչ հեռավոր անցյալի բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու մարմաջը, որի մասին մի իրական պատմությամբ էլ Վլադիմիր Նազարյանն ամփոփեց իր խոսքը։ «Մեր թաղում մի Սամո կար՝ քյաբաբխանա ուներ։ Մի ուրիշ քյաբաբխանա ունեցող՝ Գուգոն, եկել էր մոտը ու ձեռին դիպլոմ է տեսնում։

– Արա, Սամո, էդ քեզ որտեղի՞ց։

– Առա, 150 մանեթով՝ գյուղատնտեսականից։ Ստեղ ռայկոմի քարտուղար-բան գալիս հաց են ուտում, գնամ մի գործ էլ ես ուզեմ, մեկ ա քյաբաբխանեն իմն ա։

– Արա, մի հատ էլ իմ համար ճարի։

Գնում-ճարում բերում է, Գուգոն գալիս է տեսնում, ասում է.

– Արա, էս ի՞նչ ես ճարել, կապույտ գույնի։ Մի հատ լավը՝ կարմիրը, չկարացա՞ր առնեիր։

Սամոն էլ ձեռից խլել, դիպլոմը ճղել է, թե՝

– Գնա, ըտենց էլ անգրագետ մնա…»:

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31