Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՔԱՆԻ՞ՍԸ ԿՀԱՎԱՏԱՆ

Մայիս 27,1999 00:00
harcum

«ԱԻՄ+» դաշինքն իրենից բացի ոչ մեկին չի հավատում։ Աիմականները քարոզարշավի ընթացքում չհավատացին սոցիոլոգների եզրահանգումներին եւ իրենք իրենց սոցհարցումն արեցին՝ ճշտելու, թե որ կուսակցություններն ու դաշինքները կհավաքեն 5% ձայներ։ Սոցհարցումն արեցին, բայց արդյունքները վերջնականապես ստույգ չամփոփվեցին՝ վերացական հայտարարություններ եղան միայն։ Նույն ընթացքում աիմականները Երեւանի տարբեր համայնքներում շենք առ շենք եւ բնակարան առ բնակարան շրջեցին՝ ստուգելու ընտրացուցակները։ Տարբեր ընտրատարածքներում ու տեղամասերում հայտնաբերվել են բազմաթիվ անճշտություններ ու բացթողումներ։ Օրինակ, Արաբկիրի համայնքում ընտրական ցուցակներում հայտնաբերվել են հետեւյալ սխալները. մահացած մարդկանց 157 անուն, անչափահասների՝ 17, զինծառայողների՝ 18, Հայաստանից բացակայողների եւ գրանցումից դուրս եկածների՝ 1694 անուններ։ Ցուցակներում բացթողնված են (ըստ աիմականների) 1289 մարդկանց անուններ։ Ստուգող աիմականները նշված անճշտությունների եւ բացթողումների վերաբերյալ գրավոր դիմել են Արաբկիրի համայնքի ղեկավարությանը՝ ընտրացուցակները ստուգելու համար։

Բազմաթիվ անճշտություններ են հայտնաբերվել նաեւ Շենգավիթի թիվ 23 ընտրատարածքում։ Թիվ 24 ընտրատարածքի N 289 տեղամասում ցուցակից դուրս են մնացել 108 մարդկանց անուններ, ցուցակներում տեղ են գտել մահացած 31 մարդկանց անուններ։ Գրանցումից դուրս եկածներ՝ 144, բանակում ծառայողներ՝ 24, Հայաստանից դուրս գտնվողներ՝ 107։ Հայտնաբերվել են անուն-ազգանունների 111 սխալներ։ Բոլոր ընտրատարածքներում եւ տեղամասերում եղել են ցուցակներ, որոնցում գտնվել են 100-ից ավելի կրկնվող հասցեներ։

«ԱԻՄ+»-ի կենտրոնական գրասենյակից ասացին նաեւ, որ Հարավ-արեւմտյան թաղամասի շենքերից մեկի բնակիչները բողոքել են, թե 32 ընտանիք ունեցող այդ շենքն այսօր ոչ մի պատկանելություն չունի եւ այդ պատճառով բնակիչները զրկված են ընտրելու իրավունքից։ «ԱԻՄ+»-ի նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ այսօր ասուլիս է հրավիրվելու, որի ընթացքում «սենսացիոն տեղեկություններ» են հայտարարվելու։ Նկատի ուներ ընտրացուցակներում աիմականների հայտնաբերած սխալները, բացթողումներն ու անճշտությունները։ Աիմականների «սենսացիոն» կոչած հայտարարություններին շատերը լուրջ չեն վերաբերվում. տեսնենք այս անգամ քանիսը կգնահատեն աիմականների քրտնաջան տիտանական աշխատանքը։

Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31