Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՍԵԼԻՔՆ ԱՍԱՑԻՆ

Մայիս 29,1999 00:00
Tigran Janoyan

 «Մենք քաղաքական խնդիր չունենք»

Վերաքննիչ դատարանում շարունակվում է ԱԱ նախկին աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի եւ Լեւոն Աբրահամյանի դատավարությունը։ Նրանց փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները հարկ էին համարել հանդիպել լրագրողներին եւ հրապարակավ ներկայացնել իրենց մտքինը։

Տիգրան Ջանոյանի կարծիքով «որոշ կուսակցական մոտեցումներ են» նկատվում վերոհիշյալ գործի լուսաբանման ընթացքում. «ինչո՞ւ դաշնակցական մամուլի միջոցը խիստ անհանգստացած է։ Իմ պաշտպանյալը (Աշոտ Խաչատրյանը- Մ. Ե.) դատարանում ցուցմունք տվեց, որ ճանաչման ներկայացման ժամանակ, որը կատարվել է խիստ ապօրինի ձեւերով, Անդրեասյանը մի քանի մտքեր է հայտնել, որոնց մեջ տիրապետողը եղել է՝ ես դաշնակցական եմ (Անդրեասյանը- Մ. Ե.)։ Գուցե սրանո՞վ է կապը գալիս կապվում կուսակցական մամուլի մտահոգություններին»։

Տիգրան Ջանոյանն այս ամենը գնահատում է որպես արտաիրավական միջոցների աշխուժացում, արհեստական հասարակական կարծիքի ձեւավորման փորձ։ Տիգրան Ջանոյանի ասելով՝ այս դատավարությամբ խիստ մտահոգված է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը. «իր ամենօրյա նկարահանումներով, ներկայացուցիչների մշտական ապահովմամբ, թարգմանիչով, ինչ-որ վերլուծություններով»։ Թվում է գործը հերթական արարք է Իրանի Հանրապետության սովորական քաղաքացու նկատմամբ, որը մասնավոր անձ է այս երկրում եւ մտահոգիչ է, թե ինչո՞ւ հանկարծ այդպիսի մեծ հետաքրքրություն առաջացրեց։

Այս ամենը ոտնահարում է Տիգրան Ջանոյանի պաշտպանյալների պաշտպանության իրավունքը։ Իսկ եթե մի բան Ջանոյանն է ասում, ուրեմն գիտի, թե ինչ է ասում։ Փոխանակ դատարանը մտահոգվի պետական գաղտնիքների պահպանմամբ, ամբաստանյալներն իրենք են դրանով մտահոգ։

Փաստաբանների ասուլիսի հրավերի հաջորդ մտահոգությունն այն քարերն էին, որ «շպրտվում էին «Օրագիր» թերթի վրա, կապված այս գործի լուսաբանման հետ»։

Տիգրան Ջանոյանի ասելով «իրականում կա Առաջին ատյանի դատարանի մեղադրող դատավճիռ, որի մասնագիտական վերլուծությունը հենց Վերաքննիչ դատարանի դատավարության նախապատրաստական փուլում, կոպիտ ասած, քարը քարին չմնաց։ Սա մեզ ե՛ւ ցավ է պատճառում, ե՛ւ հերթական անգամ զարմացնում է»։

Փորձաքննության եւ դատական նիստի մասին մեջբերումներից նշենք միայն մեկ փաստ. «խուզարկությամբ իմ պաշտպանյալի բնակարանից առգրավվել են 12 մետաղյա մասեր, այդպես էլ արձանագրված է խուզարկության արձանագրությամբ։ Փորձաքննության ներկայացված են 11 մետաղյա մասեր եւ մեկ փայտյա մաս։ Իսկ առաջին ատյանի դատարանը դատավճռով եւ մեղադրականով Աշոտ Խաչատրյանին արդեն մեղադրանք է ներկայացնում։ Այսինքն դատարանն այդ մասերից արդեն զենք է հավաքել եւ նրան TT տեսակի ատրճանակի մեղադրանք է ներկայացնում»։ Փաստաբանը դատարանի այս դիրքից գոհ չէ։ Փորձաքննության ներկայացնելուց եւ փորձաքննության պատասխանից հետո միայն կարող էր դատարանը եզրակացնել, «որ այս մասերը կարող են ճանաչել հրազեն, բայց ոչ թե TT տեսակի ատրճանակ է հայտնաբերվել նրա տանը»։

Դատարանի «էն որոշումը, որ հարց չկա, միեւնույն է, այս մեղադրանքը պետք է անցնի, արդեն դրված է այս ձեւակերպման հիմքում»։

«Սրա դեմ աչք փակել չի կարելի»,- վստահ է փաստաբանը։ Լեւոն Աբրահամյանի մեղադրականում հնչում են մարդկանց անուններ, որոնց վիզա է տրված. «Ինչի՞ եք հրապարակում այս մարդկանց անունները, ասենք այդ մարդիկ ի՞նչ խնդիրներ ունեն, ու դա ի՞նչ կապ ունի կոնկրետ արարքի հետ»։ Այս արարքով դատարանը վտանգում է պետական անվտանգությունը. «քաղաքացիական էլեմենտար մտահոգություն չկա»։ Սրա մեջ փաստաբանը «վնասարարություն» է տեսնում, քանի որ սա տեղի է ունենում ոչ թե մասնավոր անձի կողմից, որը կարող է այդ բանը չհասկանալ կամ պարտավորություն չունենալ, այլ կատարվում է պետության անունից հանդես եկող իրավապաշտպան կառույցի եւ դատարանի կողմից։

Այլ մանրամասներ չենք ներկայացնում, քանի որ «Առավոտը» պարբերաբար լուսաբանել է դատավարությունը։

Ջանոյանը պաշտպան է եւ իր պարտականությունները պետք է կատարի։ «Մենք պրոֆեսիոնալ մասնագետներ ենք եւ պետք է մեր գործը սրբությամբ կատարենք։ 94 թվականին իրենց նկատմամբ (դաշնակցության- Մ. Ե.), 99-ին՝ ՀՀՇ-ի նկատմամբ, 2000 թվին նորից ՀՅԴ-ի նկատմամբ… Դա պրոֆեսիոնալ պարտականություն է։ Այսինքն՝ մենք որեւէ քաղաքական խնդիր չունենք, կուսակցական խնդիրներում չենք տեղավորվում, այլ՝ պրոֆեսիոնալ»,- եզրափակեց Տիգրան Ջանոյանը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31