Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈ՞Ր ԵՄ ՄԻԹԵ ԵՍ

Հունիս 18,1999 00:00
cucak

ԼԱ-ԼԱ-ԼԱ՜-ԼԱ, ԼԱ-ԼԱ-ԼԱ՜

«Բայց ինչո՞ւ այսքան աղմուկ բարձրացավ ընտրություններից հետո քաղաքացիների՝ ընտրացուցակներից դուրս մնալու կապակցությամբ»։ Այս հարցը երեկ պարբերաբար կրկնում էր ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանը՝ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելիս։ 20-րդ դարի վերջին պրն Իսպիրյանն՝ իր գործընկերների հետ, այն եզրակացությանն է հանգել, որ ընտրացուցակների մեջ եղած անճշտությունների միակ մեղավորը կոմպյուտերն է։ Ավելի ստույգ՝ այդ կոմպյուտերի ծրագիրը։ Լա՛վ, ծայրահեղ դեպքում՝ ծրագրավորողը։

Նման կարծիք կազմելու համար վերոնշյալ ծառայությունը բավական չարչարվել է. ուսումնասիրություններ է կատարել Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ համայնքներում եղած ընտրատեղամասերում։ Եվ գուցե թե կոմպյուտերի մեղավորության վարկածը հենց ուսումնասիրությունների ա՛յս աշխարհագրությամբ է պայմանավորված։ Եթե ուսումնասիրությունները կատարվեին, ասենք, Հայաստանի հեռավոր գյուղերում, ուր կոմպյուտերը դեռ մուտք չի գործել, մեղավոր կլինեին արդեն փայտե հաշվիչները՝ «չոտկերը»։ Կամ՝ դրանք պատրաստած վարպետները։ Պատասխանելով հիմնականում իր իսկ հարցերին, պրն Իսպիրյանը ինքն իրեն տվեց հետեւյալ հարցը. «Ինչո՞ւ հենց մայիսի 30-ին ի հայտ եկան ընտրացուցակների անճշտության փաստերը եւ ոչ թե մինչեւ ընտրությունները»։

Բանն այն է, որ մինչեւ ընտրությունների օրը «ո՛չ թեկնածուներից, ո՛չ նրանց շտաբերից, ո՛չ նրանց միասնություններից որեւէ բողոք այս մասին չի եղել»։ Ապա, նույնի կրկնությամբ. «Այս անճշտություններն ի հայտ են եկել մայիսի 26-ից հետո, երբ համակարգիչներ մտցված ցուցակները տրամադրվել են ընտրական տեղամասերին՝ փակցվելու նպատակով»։ «Հիմա ինչո՞ւ են ցուցակներն այսպես աղավաղվել եւ պատրանք ստեղծել, որ քաղաքացիներին դիտավորյալ են դուրս թողել ընտրացուցակներից՝ այս կամ այն թեկնածուի օգտին չքվեարկելու եւ այլ պատճառաբանություններով»,- ինքն իրեն հերթական հարցով դիմեց պրն Իսպիրյանը։ Պատասխանն էլ օրիգինալ էր, բայց նույնությամբ կրկնում էր իր նախորդ հարցին տված իր իսկ պատասխանը. «Այն փաստը, որ մինչեւ մայիսի 30-ը, մինչեւ ընտրության օրը թեկնածուներից, նրանց նախընտրական շտաբներից բողոքներ չեն եղել, նույնպես վկայում է, որ սկզբնական ցուցակները եղել են կազմված օրենքին համապատասխան»։

Ասուլիսին ներկա լրագրողները բավական ուշիմ հայացք ունեին եւ գոնե արտաքինից մտավոր թուլության նշաններ ցույց չէին տալիս։ Ուստի եւ անակնկալ էր պրն Իսպիրյանի հիշեցումը կոմպյուտերների մասին եւ դարձյալ. «Բայց ինչո՞ւ համակարգիչ մտցնելուց հետո այդ ցուցակներն աղավաղվեցին» ձանձրացնող հարցը։ Ինչեւէ։ Նախագահի հանձնարարությամբ այս փաստն ուսումնասիրելու համար կազմվում է համակարգչային ծրագրերից հասկացող մասնագետների հանձնաժողով՝ ուսումնասիրելու այդ ծրագիրը եւ տալու մասնագիտական եզրակացություն։

Հետաքրքիր էր պրն Իսպիրյանի երանելի վստահությունը, երբ ներկայացնում էր իրենց ծառայության ստուգումների արդյունքները. բոլոր դեպքերը երջանիկ ավարտ են ունեցել։ Ո՛չ մի միտում կամ դիտավորություն՝ չհաշված կոմպյուտերները։

Նախընտրական ցուցակների զավեշտներից հետաքրքիրը սա է. ընտրողներից ոմանց ազգանվան դիմաց ծննդյան ամսաթվի եւ ամսի բացակայությունից զատ՝ ծննդյան տարեթիվը ճշտված չլինելու պատճառով սյունակում նշված է եղել «19…» թիվը։ ԿԸՀ-ն բաց թողնված վերջին 2 թվերը լրացրել է զրոներով։ Եվ միայն թիվ 9 ընտրատարածքում հայտնվել են 1900 թ. ծնված 164 ընտրողներ։

Քանի որ պրն Իսպիրյանին ուղղված հարցերին վերջինս միալար 2 պատասխան էր տալիս՝ մեղավորը կոմպյուտերն է եւ մինչեւ մայիսի 30-ը թեկնածուները, նրան «վստահելի» անձերը բողոքներ չեն ներկայացրել, հարցուպատասխանին անիմաստ է անդրադառնալ։ Իսկ թե ով է, ի վերջո, պատասխան տալու ընտրացուցակների անճշտությունների համար, պրն Ղեւոնդյանը մի պատկերավոր օրինակ բերեց. «Իսկ ո՞վ է կազմել այդ ծրագիրը. Իսպիրյան Ղեւոնդը՜։ Ո՞վ է մտցրել համակարգիչ. Իսպիրյան Ղեւոնդը՜։ Ո՞վ է կազմել ցուցակները. Իսպիրյան Ղեւոնդը։ Իսպիրյան Ղեւոնդն էլ պատասխան կտա»։ Ցուցակներում եղած մահացածների հարցը վերահսկողական ծառայությունը չի ուսումնասիրել։ «Տենդենց կա, որ մայրաքաղաքում մահացածների մեծ մասը հուղարկավորվել է իրենց ծննդավայրերում՝ գյուղերում։ Նրանց հարազատները մահվան վկայականներ չեն վերցրել եւ համապատասխան գրանցումներ չեն կատարել եւ այդ մարդիկ մնացել են ցուցակներում»։ Քանի որ պրն Իսպիրյանի այս տեսակետն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, այս տխուր նոտայով էլ ավարտում եմ նրա ասուլիսից ռեպորտաժը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930