Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինությունների հովանավորը, դարձյալ մարզային դատախազն կամ ընտրությունները խեղաթյուրելը մասնագիտություն է

Հուլիս 03,1999 00:00
dataxazutyun

Շիրակի մարզում տիրող իրավիճակը, խորացող ճգնաժամային սոցիալ-տնտեսական հիմնահարցերը առիթ հանդիսացան բնակչության մասսայական արտագաղթի։ Այս բոլորի վերլուծությամբ կարելի է գնահատել կամ որակել ամենաթողության եւ անպատժելիության հետեւանք եւ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերության դրսեւորում, որի մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանը։

Դատախազն իր տեղում երկար պաշտոնավարելու ցանկության պատճառով չի կարեւորում օրինականության պահպանումը։ Նրա հովանու տակ գործող «իրավաբաններից» շատերը 1937 թվականի ՆԿՎԴ-ի գործ սարքողներից տարբերվում են պրոֆեսիոնալ խաբեության, ստախոսության եւ խառնակիչ վառ գործունեությամբ (ամենավառ եւ փայլուն օրինակներ են իր օգնական Արտուշ Ասլանյանը, Գյումրու ՆԳԲ 4-րդ բաժանմունքի հետաքննիչ Արմեն Գալոյանը եւ Շիրակի մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կարապետյանը)։

Դատախազը իր խոսքն առաջ տանելու համար կարող է ազդել խեղճուկրակ դատավորի վրա՝ նրանից վճիռ կորզելու նպատակով, օրինակ, ցանկացած վճիռ կարող են կորզել Շիրակի մարզային առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնացյանից։ Նման վտանգավոր նախադեպ արդեն եղել է, երբ վճիռը կարդալուց հետո Մնացյանն իր անճարակությունը չթաքցնելով, անմեղսունակ հայացքով, նույն դահլիճում նստած ներկաներին պատմում է դատախազի կողմից իր նկատմամբ իրականացվող շարունակական ճնշումների մասին։ Բայց այսօր այս մասին չէ, որ ուզում եմ խոսել, խնդիրը հիմնականում կապված է մայիսի 30-ի Ազգային ժողովի ընտրություններին։

Դատախազ Ավագյանը սեւին սպիտակ ասելով՝ «լավատեսություն» է քարոզում, գյուղական «անմեղությամբ» կարմրում եւ կասկածում է ինքն իր ասածին։ Ինչեւէ, դատախազը՝ դատախազ, ընտրությունները՝ ընտրություն։ Եվ ամեն անգամ հույս ենք փայփայում, որ այս անգամ արդար ընտրություններ են լինելու։ Կընտրվի նոր խորհրդարան, կձեւավորվի նոր կառավարություն եւ լավատեսությամբ լցված հավատում ենք, որ բարեփոխումներ կլինեն մեր առօրյա կյանքում։ Մինչդեռ ընտրությունների ազատ, արդար անցկացմանը, «ընտրական օրենսգրքի» պահանջների կատարման համար վերահսկողության իրականացումը դատախազության խնդիրն է։ Շիրակի մարզային դատախազությունում ավանդույթ է դարձել ընտրական քարոզարշավի, ընտրական ցուցակների, կազմակերպված խախտումների վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումներ կամ վերահսկողություն իրականացնել միշտ ուշացումով, ընտրություններից հետո։ Այսպիսով, ստեղծված ամենաթողության մթնոլորտում «ուսանելի» օրինակ է դառնում մարզում անարդար ընտրությունների անցկացումը։ Օրինակ, 1998 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ԱԺ Գյումրու թիվ 55 ընտրատարածքում (այժմ 63 ընտրատարածք) երեք անգամ նշանակված ընտրությունները դատախազի ամենաթողության պատճառով «հաջողությամբ» տապալվեցին։

Առաջին ընտրությունները ոստիկանների ներկայությամբ տապալեցին մի խումբ հարբած մարդիկ։ Երկրորդը տապալվեց հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Ավետիսյանի 10 օր ընտրատարածքից կանխամտածված բացակայությունների պատճառով։ Երրորդը կայացավ շատ ուշացումով եւ քանի որ այսպիսի խայտառակ ընտրությունների կրկնությունները կարող էին երկար շարունակվել, շատ թեկնածուներ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին։ Դատախազ Ավագյանը երկու նամակ էր ստացել թեկնածուներից՝ մեղավորներին պատժելու եւ աջակցելու ազատ ընտրությունների անցկացման համար։ Իսկ մեկ նամակում նշվում էր, որ նույն հանձնաժողովի նախագահն իր զեղծարար գործընկերների հետ անհայտ պայմաններում զեղծարարությամբ կեղծ ընտրացուցակներ էր տպել՝ իր ճաշակին համապատասխան։

Հարուցվեց քրեական գործ, անցել է յոթ ամիս, մինչեւ հիմա գործը պահվում է դատախազության երկաթյա պահարաններում։ 33 նամակ է գրվել գործի ճակատագիրը ճշտելու եւ ընթացք տալու համար եւ ոչ մի պատասխան։ Մեղավորներին թաքցնելով, դատախազությունն առիթ տվեց, որ նույն մարդիկ իրենց իրավունք վերապահեն նոր ընտրությունները խախտելու։ Սա մի յուրօրինակ խումբ է, միշտ ակտիվ գործում է ընտրությունների ժամանակ, եւ ընտրական խախտումների արդյունքում միշտ հայտնվում են դատախազությունում։ Սցենարը «գրում» եւ ղեկավարում է Ջուլիետա Ավետիսյանը (մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար)։ Հունիսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր հայտարարեց ՀՀ ԱԺ թիվ 63 ընտրատարածքի ընտրությունները, եւ գործերը տեղափոխվեց դատախազություն։ Մարզային ընտրական հանձնաժողովում տիրող անկանոն վիճակը, ինչպես նաեւ պատասխանատվության եւ օրենքի իմացության պակասը հանգեցրին կրկնակի ընտրությունների անցկացմանը։

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031