Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետը պարզաբանում է իր մասին լուրերը

Հուլիս 07,1999 00:00 Share
Anushavan Danielyan

Ներկայացնում ենք հատվածներ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հարցազրույցից, որը հնչել է երեկ «Ազատություն» ռ/կ-ով։

Ղրիմում իր քրեական անցյալի շուրջ Ստեփանակերտում լուրեր տարածողների վերաբերյալ պրն Դանիելյանն ասել է. «Ճիշտն ասած, դա ինձ համար շատ մեծ անակնկալ էր։ Եվ ինձ համար դժվար է անուններ տալը՝ ես նոր մարդ եմ Ղարաբաղում։ Բայց կարող եմ մեկնաբանել, որ դա երեւի այն ուժերն են անում, որոնց ձեռնտու չէ այսօր Ղարաբաղում քաղաքական կայունությունը»։ ԼՂՀ վարչապետը հերքել է այն լուրերը, թե Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հրաժարական է տվել ոչ թե քաղաքական պատճառներով, այլ հասարակական կարծիքի ճնշման տակ. «Ե՛վ մի վարկածն է սխալ, ե՛ւ երկրորդը։ Ես հրաժարական չեմ տվել»։ Պարզապես խորհրդարանի գործունեության ժամկետն է սպառվել։ Իսկ Անուշավան Դանիելյանն աշխատել է Ղրիմի խորհրդարանում մինչեւ իր պատգամավորական լիազորությունների ավարտը։ Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ Վիտալի Մայրանյանին վկայակոչող այն ասեկոսեների առնչությամբ, թե Այվազովսկու տուն-թանգարանի վերանորոգման ժամանակ պրն Դանիելյանը մեծ գումարներ է յուրացրել, վերջինս ասել է. «Առաջիններից մեկը, որ ինձ շնորհավորել է՝ Վիտալի Մայրանյանն էր… Այդպիսի բան չկա, չի եղել եւ չէր կարող լինել»։

«Բանդիտական Ղրիմ» գրքում իր յուրացումների մասին պնդումներին ի պատասխան էլ ԼՂՀ վարչապետն ասել է. «Տեսել եւ կարդացել եմ այդ հրատարակությունը։ Այնտեղ Ղրիմի այն ժամանակվա բոլոր ղեկավարների նկարները կան ու նաեւ այսպիսի մի վարկած, թե կարող է պատահի՝ այդպես է եղել»։ Պրն Դանիելյանը նշել է, որ ինքը տեղյակ է՝ որտեղից է այդ հրապարակումը։ Հիշեցրել է, թե Ղրիմում քաղաքական ինչ պայքար էր ընթանում, ընդդիմությունն իր լրատվամիջոցներն ուներ, որոնք էլ օգտագործում էր հերյուրանքներ տարածելու համար. «Կարող եմ մեջբերել նաեւ Ղրիմի ԳԽ-ի նիստի արձանագրությունից, որտեղ գլխավոր դատախազը պատգամավորներին ասում էր, որ դրանք հերյուրանքներ են եւ եթե պրն Դանիելյանը դատարան դիմի՝ գործ կհարուցվի»։ 12 մլրդ 800 հազար ուկրաինական կարբովանեց յուրացնելու այդ պնդման առնչությամբ ԼՂՀ վարչապետը նաեւ կատակել է. «Եթե ես այդպիսի հարուստ մարդ լինեի՝ Ղարաբաղի բյուջեն մի 4 տարով կապահովեի»։

Անուշավան Դանիելյանը հերքել է նաեւ այն լուրերը, թե ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստում պատրաստվում են քննարկել իր նշանակման հարցը։ Ընդ որում, ըստ վարչապետի՝ նիստ հրավիրելու հարցով ընդամենը 4 պատգամավոր են դիմել, իսկ ըստ «Ազատության» Ստեփանակերտի թղթակցի՝ դիմողները 12-ն են, բայց նրանց պահանջը, իրոք, հստակ չէ։

ԼՂՀ կառավարության լիարժեք ձեւավորման համար մնացել է եւս 4-ի նշանակել՝ սոցապ, քաղաքաշինության, պաշտպանության նախարարներին եւ հարկային վարչության պետին։ Սամվել Բաբայանի նշանակման հարցը վերջնականապես պարզվելու է նրա եւ ԼՂՀ նախագահի հանդիպումից հետո։

Պատրաստեց

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031