Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱԳՐԻ» ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԷ

Հուլիս 07,1999 00:00
oragir

Ամբողջ օրը դատարաններում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ պիտի լսվեր ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանի հայցն ընդդեմ «Օրագիր» օրաթերթի։ Հիշեցնենք, որ պրն Այվազյանը թերթից ակնկալում է ստանալ 16 մլն 634 հազար դրամ փոխհատուցում՝ նախընտրական շրջանում իրեն վարկաբեկող լուր տպագրելու եւ դրա հետեւանքով պատգամավոր չդառնալու համար։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի համաձայն՝ դատարանը հայցի լսումը կասեցրեց, քանի որ դատախազությունը նույն հարցով քրեական գործ է հարուցել։ Երեկ «Օրագրին» իրենց այցելությամբ նախատեսել էին պատվել «հարկային մարմինները»։ Սակայն սա դեռ բոլորը չէ. այսօր «Օրագրի» գլխավոր խմբագրից 200 հազար դրամ ստանալու ոսկե երազանքով արդարադատությանն է դիմել հարկադիր ակտերի կատարողը։ Ի դեպ, դատը վարելու է «հայտնի» Ժորա Վարդանյանը։

Լ. Ա.

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

armen Ter-sahakyan

Երեկ մի կարճ ժամանակով շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալների փաստաբաններին հնարավորություն տվեց դատարանական տեսակցության։

Բացառությամբ ամբաստանյալ Ա. Շուխյանի, որը փաստաբան չունի, մյուսները «հաղորդակցվեցին» իրենց պաշտպանների հետ։ Բայց ահա ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին էլ երեկ մոտեցող չեղավ։ Նրա դատապաշտպանը՝ Գայանե Գալոյանը, առողջական վիճակի վատթարացման պատճառով բացակայում էր մայրաքաղաքից։ Նախագահող դատավորը տեղյակ պահեց, որ պաշտպանը գտնվում է Գյումրիում, «հետազոտություններ անում առողջական վիճակի հետ կապված», բնականաբար, Գյումրի-վատթարացում-հետազոտություն բառերը շեշտելով, հասկացրեց, որ նիստը վերսկսելու հնարավորությունը անորոշ ժամանակից հետո կլինի։ Ուստի հետեւեց ամբաստանյալ Ի. Սարգսյանին ուղղված հետեւյալ հարցը, թե. «այլ փաստաբան նա չի՞ ցանկանա ունենալ»։ Վերջինս հրաժարվեց այլ փաստաբանով իր փաստաբանին փոխարինելու մտքից եւ նույնիսկ ասաց, որ կարող են նիստը շարունակել։ Փաստաբան Լուսինե Սահակյանն առաջարկեց նիստը հետաձգել (մեղադրողի «դիտողությանն» արժանացավ այս կապակցությամբ, թե՝ «ոչ թե հետաձգել, այլ՝ ընդմիջել»- Ռ. Մ.) եւ վկայակոչեց օրենսգրքով նախատեսված այն հոդվածը, ըստ որի այլ պաշտպանով փոխարինելը լինում է ամբաստանյալի ցանկությամբ միայն։

Նիստն ընդմիջվեց առայժմ մինչեւ հուլիսի 12-ը։ Սակայն դատավոր Գ. Պողոսյանի վերոնշյալ տեղեկատվությունից պարզ էր, որ հուլիսի 12-ն էլ է դրվում կասկածի տակ, եթե մարդը հետազոտման նպատակով Գյումրիում է գտնվում եւ վատթարացել է վիճակը, ի՞նչ կարող ես ասել։ Հիշեցնենք, որ Տեր-Սահակյանի ցուցմունքներ տալու հերթն էր։ Եվ ժամանակային ամեն մի փոփոխության՝ կապված նիստը հետաձգելու հետ, կարող էինք սովորական վերաբերվել, եթե տվյալ դեպքում ամբաստանյալներից Տեր-Սահակյանի մոտ «հոգեկան» ոչ հուսադրող փոփոխություններ չնկատվեին։ Ընդհանրապես չեն բացառվում ամբաստանյալների «հիվանդության» դեպքերը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031