Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ԹԵ ԱԶՆԻՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 24,1999 00:00
vigen khachatryan

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ «Համաձայնություն» իրավական-քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի «Հայաստանի քաղաքական համակարգը» թեմայով սեմինարը, որը տեղի ունեցավ հուլիսի 23-ին, ըստ էության դուրս եկավ իր թեմատիկ բովանդակությունից եւ շատ ավելի ընդարձակ տիրույթներ ներառավ։

Օրվա բանախոսները՝ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը եւ ԼԴԿ նախագահ Վ. Խաչատրյանը, ԱԺ ընտրություններից հետո հանդես եկան միանգամայն տարբեր դիրքերից։ Նրանք սրերը խաչեցին գոնե մեկ շատ առանցքային հարցում։ Ընտրական համակարգի զարգացածությունն է ժողովրդավարության հիմքեր գոյացնում, թե պետական կառավարման համակարգի ձեւը՝ նախագահական, կիսանախագահական կամ պառլամենտական։

Շավարշ Քոչարյանն, օրինակ, հակված էր կարծել, որ ամեն ինչ կախյալ է պետական կառավարման համակարգի ձեւից։ Նա մասնավորապես մատնանշեց հետպատերազմյան նորաստեղծ պետությունների զարգացման փորձը, նկատել տալով, որ շուրջ 42 նախագահական նորաստեղծ երկրներից հեղաշրջումներ ու հեղափոխություններ են եղել 29-ում։ Մինչդեռ պառլամենատական զարգացման ուղի որդեգրած ավելի քան երեք տասնյակ պետություններից եւ ոչ մեկում չի արձանագրվել նման դեպք։ Շավարշ Քոչարյանն առաջարկեց բացառել Ֆրանսիայի օրինակը, որը կիսանախագահական կառավարման համակարգ է որդեգրել, քանի որ այդ երկրում մինչեւ նշյալ համակարգի ներդրումը արդեն իսկ գործում էին քաղաքացիական հասարակության ինստիտուտները։

Վիգեն Խաչատրյանի ելակետը սկզբունքորեն տարբեր էր։ Նա շատ էր կարեւորում ընտրական համակարգի էլեմենտներն իրենց բոլոր կողմերով։ Հիմնական հարցն էլ հետեւյալն էր՝ իշխանություններն ու ուժային կառույցներն են ձեւավորում օրենսդրական մարմին, թե ժողովուրդն ինքը՝ ազատ ընտրությունների միջոցով։ Նրա կարծիքով, այդ հարցում որեւէ նշանակություն չունի, թե պետական կառավարման որ ձեւն է որդեգրվել։ Եվ նրա, եւ Շավարշ Քոչարյանի խոսքում, ըստ էության, զարգացվեց անցյալի ժառանգության թեմատիկան։ Շավարշ Քոչարյանն, օրինակ, այն կարծիքին էր, որ նորանկախ պետությունները հայտնվում են այն խաչմերուկում, որը զարգացման երկու ուղի է նախանշում։ Մեկը՝ դեպի ժողովրդավարություն, մյուսը՝ դեպի ավտորիտարիզմ։ Ի դեպ, ընթացքի առումով, այս երկու ճանապարհներն էլ շատ նման են։ Ստեղծվում է անհրաժեշտ ատրիբուտիկա՝ կուսակցություններ, քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ, որոնք կարող են եւ վարագուրել ավտորիտար համակարգի էությունը։ Այդ պարագայում հասարակական ինստիտուտները նախեւառաջ ցուցափեղկային նշանակություն են ունենում՝ արտաքին աշխարհին ի ցույց։

Այս նույն գործընթացում այդ կառույցները ստանձնում են նաեւ իշխանությունների պատվերն իրականացնողի դերը։ Նույնիսկ գռեհիկ օրինակներ կարող են պատահել. ստեղծվի կազմակերպություն, որը մարդու իրավունքների պաշտպանություն է հռչակել, սակայն միանգամայն հակառակ բովանդակության գործունեություն ծավալի։ Մինչդեռ իրական ժողովրդավարության հասարակարգերում հասարակական ինստիտուտները միջնորդ դեր են կատարում իշխանության եւ ժողովրդի միջեւ եւ դրանով ապահովում քաղաքական համակարգի մնայուն դերը։

Մեկ հանգամանքի էլ անդրադարձավ Շավարշ Քոչարյանը, դրանից հետո ներկայացնելով իր եզրահանգումը։ Նորանկախ պետություններում շատ մեծ է առաջին քաղաքական ուժի գործոնը։ Այն ունենում է մեծ հեղինակություն, նրա իշխանությունը ձեռք է բերում հզոր լծակներ, մանավանդ սահմանադրաստեղծ եւ օրինաստեղծ գործընթացներում, որն այդպիսով փորձում է համապատասխան դաշտ ձեւավորել իր իշխանության երկարաձգման համար։ Դրանից չխուսափեց նաեւ Հայաստանը։ Սակայն եթե մենք այս տարածաշրջանում, որտեղ թույլ լինելն անթույլատրելի է, ցանկանում ենք զարգացում ունենալ եւ չդառնալ Սիրիայի, Եգիպտոսի պես երկիր, նախագահական կառավարման համակարգից պետք է անցնենք խորհրդարանականի։ Սխալ է այն պատկերացումը, թե դա միայն ցնցումներով կարող է ընթանալ։ Կա առանց ցնցումների այդ ճանապարհն անցնելու մեխանիզմ, որն է անցումային փուլ սահմանելով, բոլոր պաշտոնյաներին իրենց տեղերում պահելով, բարեփոխումների պրոցես անցնել։

Վիգեն Խաչատրյանի տեսակետը միանգամայն այլ էր. նրա մեկնաբանությամբ, գրեթե ամեն ինչ խաթարվել է 98-ի նախագահական ընտրություններից հետո, երբ քաղաքական ընդդիմությունը կնքեց իր մահկանացուն եւ հողին հանձնվեց 1999-ի խորհրդարանական ընտրություններ կոչվող միջոցառումներով։ Իսկ մինչ այդ, նրա մատուցմամբ, դրվել են պետական շինարարության բոլոր կարեւոր հիմքերը։ Ձեւավորվեցին քաղաքացիական հասարակությանը բնորոշ կառույցներ։ Պետությունը արձանագրեց, որ հասարակությունը կարող է շերտավորված լինել։ Հայաստանը մտավ միջազգային հարաբերությունների շրջանակ։ Ազատ խոսքի հնարավորություն ստացավ հասարակությունը։ Եթե այս ամենը սպասված արդյունքը չտվեց, դա նրանից է, որ նախորդ խորհրդային հասարակությունը չէր սովորեցրել մարդկանց, թե ինչպես պիտի անեին այդ գործը։ Ուստի՝ մարդիկ անելով էին սովորում դա։

Վիգեն Խաչատրյանի եզրակացությունը բարոյախոսական էր. «Ուժեղ պետությունն այն է, որը կարողանում է իրեն ստորադասել քաղաքացիական հասարակությանն ու օրինապաշտ անհատին, իսկ մեզանում ֆեոդալական պետության բարքեր են ձեւավորվել, երբ, արդեն ակնհայտ է, պետությունը ժողովրդի հավաքական կամքը բռնաբարելու իրավունքը կիսեց փողատերերի հետ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031