Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՂՄՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 10,1999 00:00
LEZVI TESCHUTYUN

«Իրանցի գործարարներն արհամարհում են օրենքը» հոդվածի կապակցությամբ

Մեծ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքեցինք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչերին եւ մեր ակտիվ մասնակցությունը ցուցաբերելով ներդրումային քաղաքականությանը, կազմակերպեցինք բավականին հաջող գործընթաց։ Քիմիական մաքրման «ՇԱՀԱԲ» կենտրոնը հանդիսացավ մեր գործունեության հիմնական ոլորտը, շատ արագ ճանաչում ձեռք բերեց եւ բավական հաջող գործունեություն ծավալեց Հայաստանում։ Կենտրոնը ստեղծվել է 1996 թվին, 10 աշխատակիցներից միայն տնօրենը եւ փոխտնօրենն են Իրանի քաղաքացիներ, մնացած 8-ը ՀՀ քաղաքացիներ են։

Կառույցում ստեղծված է շուրջ 20 աշխատատեղ, որտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիներ։ Ծրագրվում է մոտ ապագայում աշխատողների թիվը կրկնապատկել, որտեղ եւս կաշխատեն ՀՀ քաղաքացիներ։

Դեռեւս ոչ մի ստուգմամբ ամենանվազ թերություն չի հայտնաբերվել, քննարկման առարկա չի հանդիսացել։ Մեր գործընթացը՝ հակառակ հոդվածի վերնագրում արտահայտված մտքին, ընթանում է գործող օրենսդրության շրջանակներում եւ օրինակելի կարգապահությամբ։

Տեսուչները ոչ թե հայցով դիմել են Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան, ինչպես նշված է հոդվածում, այլ լեզվի պետական տեսչության կողմից գրություն է ուղարկվել ՆԳ բաժնի պետին։ ՆԳ բաժնի կողմից կատարված ստուգումներով հոդվածում նշված փաստերը չեն հիմնավորվել։ Ըստ էության, տեղի է ունեցել երկուստեք թյուրիմացություն, որը տեսուչների՝ պարսկերենի եւ փոխտնօրենի՝ հայերեն լեզվին լավ չտիրապետելու արդյունք է։

Սակայն համաձայնեք, որ արտասահմանցիների կողմից կազմակերպված քիմիական մաքրման ծառայությունների կետում հայերեն լեզվի գործածության ստուգման անհրաժեշտությունը երեւի թե այնքան հրատապ ու կարեւոր չէ, որպեսզի նման արհեստական աղմուկ կազմակերպվի, որով, փաստորեն, փորձ է արվում անջրպետ անցկացնել երկու եղբայրական ժողովուրդների միջեւ։

Հանձնարարագրում չի եղել ստուգմանը լրագրողի մասնակցության ցուցում։ Լրագրողը մասնակից է դարձվել տեսուչների նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է մեր կողմից սկսված հայահասցե վիրավորանքների կրակահերթին, ապա Ձեզ տեղյակ ենք պահում, որ եթե նույնիսկ հաշվի չառնեք մեր կարգավիճակը ՀՀ-ում, որը մեզ պարտավորեցնում է որպես մեր երկրի ներկայացուցիչների լինել զուսպ եւ հաշվենկատ, մեր լեզվական բազայում ընդհանրապես բացակայում է հայհոյանքը եւ անբարո արտահայտությունները, որը խստիվ արգելվում է նաեւ կրոնական ծեսերով։

Դեպքի կապակցությամբ մեր կողմից նամակներ են հղվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Քոլեյնիին, ՀՀ արտաքին գործերի նախարար պրն Վ. Օսկանյանին, ՆԳ նախարար պարոն Ս. Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին՝ խնդրելով նրանց աջակցությունը միջադեպի կարգավորման հարցում։ Հայտնում ենք Ձեզ, որ «ՇԱՀԱԲ» քիմմաքրման ծառայությունում գործունեությունը, թղթարարությունն ու գրագրությունը բացառապես կատարվում են հայերեն լեզվով։ Պատասխանի հետ Ձեզ է ուղարկվում փաստաթղթերի ձեւերը։

Ցանկացած պահի պատրաստ ենք ընդունել լեզվի պետական տեսչության հանձնաժողովին, թերություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ վերացնել։

Նման աննշան միջադեպն անկարող է խաթարել մեր խորին հարգանքը հայ ժողովրդի հանդեպ եւ անջրպետ անցկացնել երկու եղբայրական ժողովուրդների միջեւ։

Խորին հարգանքներով՝ «Շահաբ» ԱՁ տնօրեն

ՊԱՐՎԻԶ ՆՈՍՐԱԹԻ ԱԼՄԱԴԱՐԻ

Իրանցիների «խորին հարգանքը հայ ժողովրդի հանդեպ չխաթարելու» եւ «երկու եղբայրական ժողովուրդների միջեւ անջրպետ չանցկացնելու» ազնիվ ցանկությամբ՝ հրապարակում ենք «Առավոտի» հրապարակմանն ի պատասխան գրված այս խոսքը։ Ավելին, նույնիսկ չենք վիճարկում ակնհայտ վիճելի պնդումները։ Պարզապես զուգահեռ հրապարակում ենք նաեւ լեզվի պետական տեսչության պատասխանը եւ հույս հայտնում, որ իրանցի գործարարները պատրաստակամ կլինեն համագործակցել մեր պետական ատյանների հետ ոչ թե նման պատմություններից հետո, այլ մինչ այդ։

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը լեզվի մասին օրենքի խախտումները բացահայտելու նպատակով ստուգայցեր է կազմակերպում ցանկացած տնտեսավարող ձեռնարկություն։ Լեզվի մասին օրենքի անտեսումները հետապնդվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի սահմաններում։

Ս.թ. հունիսի 23-ին տեսուչները հերթական ստուգայցի էին մեկնել Գրիգոր Լուսավորչի փողոցում իրանցի գործարարների հիմնած «Շահաբ» քիմմաքրման ձեռնարկություն եւ հայտնելով այցի նպատակը՝ հանդիպել անբարյացակամ, արհամարհական վերաբերմունքի։

Ձեռնարկատերերը կրկնում էին, որ «Շահաբը» իրենց սեփականությունն է եւ իրենք են որոշում, թե ինչ լեզվով կլինի գործավարությունը։

Տեսուչների, ներկա գտնվող լրագրողուհու, մեր երկրի հասցեին հնչած անվայել արտահայտությունները, ձեւաթղթերը ժամանակին չներկայացնելը, ստուգայցը ձախողելու հանգամանքը մեզ համար բավարար հիմք էին ՀՀ ներքին գործերի մարմիններին դիմելու համար։

Հուլիսի 30-ին «Շահաբ» քիմմաքրման անհատական ձեռնարկության տնօրենը լեզվի պետական տեսչության պետին է ուղարկել իրենց գործավարության ձեւաթղթերը։ Այդ գործավարությունը պարզապես պետք էր ժամանակին ներկայացնել տեսուչներին։ Ինչեւէ, մեր որոշմամբ վարչական վարույթի հարուցումը կասեցվել է։

Ինչ վերաբերում է հայ եւ իրանցի ժողովուրդների ամուր բարեկամությանը, ապա տվյալ միջադեպը չի կարող ստվերել այն։

Համոզված ենք, փոխադարձ հարգանքի եւ բարյացակամության մթնոլորտում միշտ էլ երկուստեք ջանքերով կհարթվեն բոլոր խոչընդոտները։

Հարգանքով՝

ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Լեզվի պետական տեսչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031