Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԱՅԳԻՆԵՐՆ Ի՜ՆՉ ՊՏՈՒՂ ՏՎԻՆ

Օգոստոս 17,1999 00:00
gyux

Գյուղմթերքների արտադրությունը դառնում է մեր տնտեսության հիմնական բնութագիրը։ Որքան էլ խոսվեն ներդրումների եւ արդյունաբերության զարգացման ծրագրերի մասին, այսօրվա տնտեսության իրական հատվածում գործում է միայն գյուղատնտեսության ոլորտը։ Անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով, համախառն ներքին արդյունքի մոտ կեսն ապահովում է բուն գյուղատնտեսությունը եւ սննդի արդյունաբերությունը։ Այս ցուցանիշը մի անգամ արդեն առիթ եղել է բնութագրել որպես 19-րդ դարի տիպիկ ագրարային երկրի ցուցանիշ։ Տարօրինակն այն է, որ գյուղը մինչեւ հիմա էլ քաղաքական շահարկումների հիմնական թեմաներից է։ Քաղաքական որոշ ուժերի խոսակցության թեման գյուղացու ծանր կենցաղն է։ Մյուսները վստահ են, որ չաշխատող տնտեսության պարագայում աշխատող գյուղատնտեսություն հնարավոր էր միայն հողի սեփականաշնորհման պարագայում։

Բոլոր դեպքերում Հայաստանը դառնում է տարածաշրջանը գյուղմթերքներով ապահովող երկիր։ Մինչ մենք մեր երազներում ծիրանի հյութով ու ջեմով միջազգային շուկա ենք նվաճում, վրացիները կոնկրետ քայլեր են կատարում։ Այս տարի գյուղմթերքների արտահանումը լուրջ հիմքերի վրա է դրվում։ Վրացի գործարարները հենց գյուղերում ծիրանը գնում էին 170-180 դրամով։ Հիմա արդեն հերթը մյուս մրգերինն է։ Գյուղնախարարության կանխատեսումներով այս տարի սպասվում է մոտ 130 հազար տոննա խաղող։ Հետեւաբար, գյուղացին մթերելու (հանձնելու) լուրջ խնդիր է ունենալու, Պեռնո Ռիկարը հայտարարել է մթերումների ծավալի կրճատման մասին։ Տարբեր տվյալներով կոնյակի գործարանը պատրաստվում է մթերել կամ 17 կամ 16 հազար տոննա, նախորդ տարվա 26-ի փոխարեն։ Ընդ որում, ավելի ցածր գնով, քան անցած տարի։ Խաղող մթերող մյուս ձեռնարկությունների հետ գյուղացիները լուրջ հույսեր չեն կապում։ Օրինակ՝ Աշտարակի «Խերես» ԲԲԸ-ն անցած տարի խաղող չմթերեց։ Այնպես որ, եթե վրացիները իրենց գինու համար մեր հումքը չգնեն, հայ գյուղացին ստիպված կլինի հետեւել «թութուն ցանի՛, թութուն» կոչին։ Էսպես էլ ապրում ենք…

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031