Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԿՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 01,1999 00:00
qaxaqakanutyun

Տեսնելով մեր թերթում 96-ի սեպտեմբերի 26-ին ծեծված Սեյրան Ավագյանի /ԱԺՄ/ եւ ծեծող Դավիթ Զադոյանի /«Երկրապահ»/ լուսանկարը, որում նրանք այսօր, 99-ի սեպտեմբերին ղունղունում են աղունիկների պես, ծանոթներիցս մեկն ասաց. «Չկան հավերժական ծեծողներ եւ ծեծվողներ, կան հավերժական անձնական շահեր»:

Իհարկե, ոչ ոք չի էլ պնդում, թե բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները փչացած են, ծախված եւ անսկզբունքային: Բերեմ հակառակ օրինակը. Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կամ ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանը ինչպես պայքարում էին Տեր-Պետրոսյանի ժամանակ բռնապետական դրսեւորումների, ժողովրդավարության եւ, մասնավորապես, ազատ խոսքի ճնշման դեմ, այնպես էլ այսօր են պայքարում ճիշտ նույն երեւույթների դեմ, որոնք, համենայն դեպս, չեն քչացել: Ցավոք, պրն Վարսանյանի կուսակցության ոչ ամբողջ վերնախավն է նման սկզբունքայնություն դրսեւորում: Երբ Արշակ Սադոյանը, ասենք, կենտրոնանում է 92-94 թվականներին «լափված» հսկայական գումարների վրա, ապա միամիտ մարդու մտքով կարող է անցնել, որ հիմա ավելի փոքր չափաբաժիններով են «լափում»:

Խնդիրը ոչ թե ճիշտ կամ սխալ լինելն է, խնդիրը խոսքը չփոխելն է կամ խոսքը փոխելու դեպքում դա հրապարակավ ընդունելն է, թե՝ կներեք, սխալվում էի: Թե չէ մեր գործիչներն այնպիսի ճկուն դիվանագետներ են դարձել եւ այնպիսի նրբանկատությամբ են լռում այն երեւույթների մասին, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ բարձրաձայն աղաղակում էին, որ, կարելի է ենթադրել՝ նրանք հեշտությամբ կլուծեն ղարաբաղյան հիմնահարցը:

Ի դեպ, Ղարաբաղի մասին: Այդ խնդրով տարիներ շարունակ զբաղվող պրոֆեսոր Յուրի Բարսեղովը կտրականապես դեմ էր այն լուծումներին, որոնք առաջարկում էր Հայաստանի նախորդ իշխանությունը, եւ, տրամաբանական է, որ նույն ձեւով քննադատում է նաեւ այս հարցում ներկայումս վարվող արտաքին քաղաքականությունը: Անձամբ ինձ թվում է, որ երկու դեպքում էլ հարգարժան պրոֆեսորը սխալվում է՝ այս հարցում մանեւրելու մեր հնարավորությունները չափազանց սահմանափակ են, եւ ինչպես 3 տարի առաջ, այնպես էլ այսօր արվում է ամեն հնարավորը արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Բայց պրն Բարսեղովն ունի իր ելակետը եւ այդ ելակետը, ի պատիվ իրեն, չի փոխել: Ցավոք, նույնը չի կարելի ասել ՀՅԴ ղեկավարության եւ մնացած բոլոր ազգային ուժերի եւ մտավորականների մասին, որոնք շատ լավ տեսնելով, որ լուծումներն, ըստ էության, նույնն են, աղմուկ-աղաղակ չեն բարձրացնում, հիստերիա չեն բորբոքում, Կինոյի տանը չեն հավաքվում: Քաղաքական այս «ճկունությունը» թույլ է տալիս ենթադրել, որ Ղարաբաղի հարցը նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում են այլ, ազգային խնդիրների հետ բոլորովին կապ չունեցող հարցեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031