Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱ. ՂԱՐԱԲԱՂ

Հոկտեմբեր 06,1999 00:00
Jirayr Pogosyan

Խոստովանության պես

ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանին ճանաչում եմ 1992 թվից, երբ լավագույն բարեկամս՝ Արկադի Ղուկասյանը, զանգահարեց ինձ եւ ասաց, որ փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը ուզում է ինձ հետ ծանոթանալ: Ղարաբաղի մասին «Հայք»-ում տպագրված մի հոդվածի առնչությամբ իր կարծիքն էր հայտնում: Այդ տարիներից ի վեր չի եղել մի դեպք, երբ Ղարաբաղում նրան չհանդիպեի: Միշտ պատրաստակամ, բարեհամբույր, Ժիրայր Պողոսյանը Ղարաբաղի ղեկավարներից միակն էր, որ տեղյակ էր հայաստանյան մամուլի գրեթե բոլոր ուշագրավ հրապարակումներին եւ սիրում էր իր տեսակետները հայտնել: Մեր հանդիպումներից հատկապես երկուսն եմ հիշում՝ 1993-ին, երբ Հադրութից վերադառնալիս փոխանցեցի նրան բնակչության բողոքը օճառի, լուցկու, տարրական այլ իրերի բացակայության մասին: «Ալվարդ, հես ա, Ֆիզուլին վերցնենք, առաջին հերթին, խոսք եմ տալիս, Դուդուկչի գյուղն եմ սապոն ուղարկելու»,- խոստացավ եւ արեց: Եվ երկրորդը՝ 1995-ի հունվարին: ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բասկետբոլային թիմը ավանդական խաղն էր անցկացնում հակառակորդի՝ ԱԳՆ նախարար Արկադի Ղուկասյանի թիմի հետ: Երբ Ղուկասյանի թիմին միացավ այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ժիրայր Պողոսյանը /երեւի որպես վատ խաղացող/ դուրս եկավ դահլիճից ու գնաց: «Նախարարներն ընդդեմ նախագահի» /ինչպիսի կանխատեսում8230/ նյութով «Հայքում» արձագանքեցի այդ խաղին: Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Պողոսյանը ինձ գոնե մի քանի անգամ խոստովանել է, որ հոգնել է պատասխանատու աշխատանքից եւ ուզում է Հայաստան վերադառնալ (ի դեպ, նա տեխնիկական գիտությունների թեկնածու է): 1996-ին Ռոբերտ Քոչարյանի ընտրապայքարի շտաբի ակտիվ գործիչներից էր, 1998-ին Արկադի Ղուկասյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր:

Որքան էլ վարժվել էինք միասին հաց ուտելը քաղաքական կատեգորիա չհամարելու, ամռանը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտնի ելույթը սառը ցնցուղի պես էր: Հատկապես՝ նախագահին թաքուն լսելու վարչապետի /կամ մեկ այլ անձի/ ցանկությունը՝ «ժուչոկ»-ի տեղադրումը նախագահի աշխատասենյակում նկատի ունենք:

ԼՂՀ նախկին վարչապետը 32 տարի Հայաստանի քաղաքացի էր, 19908211ին վերադարձավ Ղարաբաղ, ինչպես որ ինքն է սիրում կրկնել՝ «որովհետեւ հայրենասիրությունը դա առաջին հերթին հայրասիրություն է»: Այժմ նախկին վարչապետի դեմ քրեական գործ է հարուցված եւ ստորագրելով Ստեփանակերտից չբացակայելու թուղթը, Ժիրայր Պողոսյանը այսօր ապրում է 92-ամյա իր հոր՝ Թեւան Պողոսյանի տանը: «Ո՞նց պիտի ապրեմ, ամեն օր մորս արցունքները տեսնելով, հիվանդանում եմ»,- պատասխանեց իմ հարցին, անկեղծորեն զարմանալով, որ իրեն /հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի շնորհիվ/ հյուր եմ եկել «աքսորավայր»: Ժամանակին հայ կանայք ադրբեջանցիներից՝ Արկադի Մանուչարովին եւ ռուսական ՕՄՕՆ-ից՝ «Ղարաբաղ» կոմիտեին պաշտպանել չէին վախենում, հիմա, երբ մերոնք են մեկը մյուսին ոչնչացնելու մոլուցքով տառապում, ումի՞ց պիտի վախենամ: Չէ՞ որ գիտակցում եմ, որ Հայաստանում եւ Ղարաբաղում ամեն բան արվում է օրինական եւ ժողովրդավարական երկիր ունենալու համար:

«Գործ»-ի համառոտ պատմությունից

Ղարաբաղի նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի զենք կրելու մեջ: ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի խոսքերով /«Հայոց աշխարհ», 4 սեպտեմբերի/ պարոն Պողոսյանը «Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ հրավիրել է ոմն Վահրամի եւ ասել, որ Արկադի Ղուկասյանի սենյակում պետք է դրվի լսող սարք, բացատրելով նպատակը»: Այս մասով մյուս մեղադրանքը հույժ կարեւորություն ունեցող մի փաստաթղթի կորուստն է, որի հիման վրա, ըստ դատախազի՝ Ժիրայր Պողոսյանը իր վարչապետության օրոք կայացրել է մի շարք որոշումներ: Ապօրինի զենք կրելու մասով հետեւյալն ասենք՝ պաշտոնանկ արվելուց հետո Ժիրայր Պողոսյանը անմիջապես հանձնել է ներքին գործերի նախարարությունից ստացած պաշտոնական զենքը եւ չի հանձնել մեկ այլ զենք՝ ատրճանակ, որը, ըստ Պողոսյանի՝ 1993-ին իբրեւ պարգեւ ստացել է այն ժամանակվա ՆԳ նախարար Արմեն Իսագուլովից: Ըստ դատախազության /դա հաստատեց նաեւ պարոն Պողոսյանը մեր հանդիպման ժամանակ/՝ Ղարաբաղի ՆԳ նախկին նախարարը՝ այժմ ՌԴ-ում Հայաստանի ՆԳ ներկայացուցիչ, ֆաքս է ուղարկել եւ մերժել է Ժիրայր Պողոսյանին զենք նվիրելու փաստը: «Ինչ ասեմ, թող դա նրա խղճին մնա»,- ասաց Ժիրայր Պողոսյանը:

Նախկին վարչապետի գործը գտնվում է ԼՂ դատախազության քննչական վարույթում /քննիչ՝ Յուրի Ստեփանյան/: Ժիրայր Պողոսյանի Ստեփանակերտի բնակարանը նույնպես առգրավվել է: Օրերս ԼՂՀ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Ստեփանակերտի քաղաքային դատարանի որոշումն այդ մասին, սակայն այդ որոշումը Ժիրայր Պողոսյանին չեն տալիս: Ինչո՞ւ, չես հասկանում:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031