Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Նոյեմբեր 16,1999 00:00

Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախագահության հատվածում երեկ, ժամը 16։30-ին հայտնաբերվել է պայթուցիկ փաթեթ։ Մինչ այդ, ժամը 14։30-ի սահմաններում, ներքին հեռախոսով խորհրդարան են զանգահարել եւ հայտնել, որ շենքի ներսում պայթուցիկ սարք է տեղադրված։ Անմիջապես ահազանգ է ստացել ՆԳ նախարարությունը։ Նման դեպքերի համար հատուկ մշակված ծրագրով դեպքի վայր է եկել ՆԳ եւ ԱԱ նախարարությունների «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը՝ վարժեցրած շներով, եւ մեկուկես ժամ անց հայտնաբերել վերը նշված փաթեթը։

Ըստ ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի՝ գտնված փաթեթը որեւէ լուրջ վտանգ չէր ներկայացնում եւ չէր կարող վնասել. այն պայթելու դեպքում միայն ուժեղ կաղմկեր։ Փաստով հարուցվել է քրեական գործ։ Պրն Վարյանն այս ահազանգը չկապեց հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ, այլ ավելի շուտ համարեց խուլիգանություն։ Մինչ այդ խորհրդարանի շենքից դուրս եկած «Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, դեպքը հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից հետո խորհրդարան մուտքը միայն հատուկ փաստաթղթերով է, իսկ մինչ շենքի տարածք մտնելը յուրաքանչյուրին մետաղորսիչ հատուկ սարքով ստուգում են։ «Առավոտի» այն հարցին, որ, փաստորեն, անգամ շենքի ուժեղացված հսկողության պայմաններում է հնարավոր պայթուցիկ նյութ մտցնել ներս, պրն Վարյանն անախրոնիկ զարմանք ցուցաբերեց. «Եթե դուք շենք եք մտնում եւ ունեք մուտքի թույլտվություն, ձեզ ոչ ոք չի խուզարկում։ (Բոլոր լրագրողներն առարկեցին)։ Ձեր շորերը հանո՞ւմ են ձեր հագից»,- համառորեն շարունակում էր զարմանալ փոխնախարարը։ Լսելով, որ վերնազգեստն ամեն դեպքում ոստիկանները հանում են, պրն Վարյանը խաղաղվեց. «Մենք պետք է ուժեղացնենք ԱԺ շենքի վերահսկողությունը։ Գիտեմ՝ կլինեն բողոքներ, կլինեն մարդիկ, որոնք կբողոքեն իրենց խուզարկելու դեմ, բայց ԱԺ նախագահի հետ զրուցում էինք եւ գտանք, որ պետք է ուժեղացվի շենքի պահպանությունը»։

Առաջիկայում պետք է լուծվի պատգամավորների կամ այլ պաշտոնյաների՝ խորհրդարանի տարածք զենքով մուտք չգործելու հարցը։ Թեեւ պատգամավորների մեծ մասը ծանր է տանում ԱԺ շենք առանց զենք մտնելու փաստը։ Սակայն պատմությունը ցույց տվեց, որ զենքը նրանց ամեն դեպքում պետք չի գալիս։ Ինչեւէ։ Երեկ ստուգվել է ԱԺ-ի համարյա ողջ շենքը։ Այսօր այն կրկնակի ստուգման կենթարկվի։ Բոլոր պատգամավորները եւ խորհրդարանի 400 այլ աշխատակիցներ անխտիր կստուգվեն։ Իսկ նման հեռախոսազանգի եւ պայթուցիկ սարքի տեղադրման նախադեպեր վերջին մեկ-երկու տարում արդեն եղել են։ Օպերայի շենքում եւ օդանավակայանում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ տագնապները ՆԳՆ-ն պարզեց։

Թարմ դեպք եւս ունենք՝ Վահան Շիրխանյանի տան մուտքի մոտ օրերս հայտնաբերվեց նմանատիպ պայթուցիկ փաթեթ։ Ակնհայտորեն ոմանց (որոշ կամ հայտնի ուժերի) ձեռնտու է ապակայունացնել առանց այդ էլ անկայուն մթնոլորտը։ Եվ դա առայժմ անել անվնաս եւ աղմկարար պայթուցիկ սարքերով։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930