Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀԱՐԿՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՅՏՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

Մարտ 10,2000 00:00
toto

Խորհրդարանական ճեպազրույցները երեկ հիմնականում հետեւյալ հրատապ թեմաների վերաբերյալ էին։

Բյուջեի շուրջ

Այն կուսակցությունները, որոնք ձեռնպահ կամ դեմ էին քվեարկել 2000-ի բյուջեի նախագծին, իրենց որոշման բացատրություններն էին բերում։ Ասենք, ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը վստահ էր, որ «կողմ» քվեարկողները կամ իրավիճակը լուրջ չեն համարում, կամ էլ բյուջեն։ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը պնդում էր, թե բյուջեն չի իրականացվելու եւ լավատեսական տրամադրվածությունն անտեղի է։ Ուստի որոշել են «արջի ծառայություն» չմատուցել, քաղաքական մոտեցումներով իրենց անհարիր բյուջեին ձեռնպահ քվեարկել, չնայած՝ Հայկոմկուսի խմբակցության ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին, թե չնայած իրենց առաջարկների մեծ մասն ընդունվել էր, բայց չփոխվեց բյուջեի գաղափարաբանությունը եւ այլն, ուստիեւ դեմ քվեարկեցին։

«Դժբախտ երկրի խղճուկ բյուջե»,- այս բնորոշումը ՀԿԿ խմբակցության նոր ղեկավար Հրանտ Ոսկանյանինն է։ Արտաշես Գեղամյանի տպավորությամբ, բյուջեի քվեարկությունն ապացույց դարձավ, որ համագործակցության վերաբերյալ հայտարարությունը խաբկանք էր։ Նաեւ տեղին հարցադրում արեց, թե ինչպես պիտի այժմ կոմունիստ, ԱԺՄ-ական եւ դաշնակցական նախարարները կյանքի կոչեն բյուջեն, որին կողմ չեն իրենց կուսակցությունները։ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանն անհասկանալի համարեց, թե ինչպես կարելի է որոշակի ոլորտի համար պատասխանատվություն ստանձնել ու «ձեռնպահ» ու «դեմ» քվեարկել բյուջեին։ Ավելի ուշ էլ «Միասնության» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը քաղաքականության մեջ անհեթեթ եւ անընդունելի համարեց նախարարական պորտֆելներ ստանալն ու պատասխանատու չլինելը. «Այդ դեպքում ի՞նչ խնդիր լուծեց կառավարությունը»։

Նախագահի եւ «Միասնության» շուրջ

Ոչ շատ վաղուց Արտաշես Գեղամյանը քննադատության տարափ էր տեղում Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Այժմ նա սկսել է հիշեցնել, որ երբեք իրենք արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ չեն ներկայացրել։ Նաեւ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթի հասցեին գովասանքներ շռայլեց՝ է՜լ հավասարակշռված, է՜լ չափազանց մեղմ, է՜լ մեծամասնությանը մաս կազմող առանձին անձանց կրքերը հանգստացնող։ Մի խոսքով, կարելի էր «Ազգային միաբանությանը» համարել նախագահի հենարանի հավակնորդ։ Մանավանդ որ, այդ տեղը կարծես թափուր է։ Եվ Վարդան Այվազյանը «Առավոտի» հարցին ի պատասխան նշեց, թե հենց «Իրավունք եւ միաբանությանն» ու նաեւ ՀՅԴ-ին է կարելի համարել նախագահի հենարանը։ Վարդան Այվազյանը վստահ էր, թե ժողովրդին գրեթե չեն հետաքրքրում այս բախումները եւ իշխանություններն ընդհանրապես հոկտեմբերի 27-ից հետո զրկվել են վստահության ռեսուրսից։

«Ժողովուրդը թիկունքով է շրջված վիճաբանողներին»,- արձանագրեց Ռուբեն Հակոբյանը եւ կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը, որ թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը պատանդ են դարձել ներիշխանական այս հակամարտությանը։ Պրն Հակոբյանի կանխատեսմամբ, այս պայքարում հաղթողներ չեն լինելու. «Որեւէ մեկի հաղթանակը հաջորդ պահին իսկ իր պարտությունն է լինելու»։ Ներիշխանական ճգնաժամի առնչությամբ հետաքրքրական հարցադրում-հետեւություններ հրապարակեց Վարդան Խաչատրյանը։ Ո՞վ է իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը, ի՞նչ մեխանիզմներով, եթե նախագահը կառավարության եւ խորհրդարանում քաղաքական մեծամասնության հետ, մեղմ ասած, խնդիրներ ունի։

Հեռուստատեսության շուրջ

Խորհրդարանական գրեթե բոլոր կազմավորումների ներկայացուցիչները դժգոհություններ ունեին Հայաստանի ազգային հեռուստատեսության աշխատանքից՝ ԱԺ-ի աշխատանքը պատշաճ չի լուսաբանվում, ակնհայտ է որոշ իշխանավորներից ՀԱՀ-ի ուղղակի կախվածությունը եւ այլն։ Այսուհանդերձ ՀԱՀ-ի տնօրենի պաշտոնանկության պահանջը բոլորը չէ, որ պաշտպանում էին՝ գիտակցելով, որ սա կընկալվի որպես հարձակում մամուլի ազատության վրա։ Ի դեպ, թղթակիցներից մեկը նկատեց, թե դիրքորոշումների շատ վտանգավոր համընկնում է՝ «Միասնությանը» միայն կոմունիստները պաշտպանեցին, կրկնեցին մամուլի ազատության պատրվակով նախաքննությանը խանգարելու անթույլատրելիության մասին դրույթը։ Հրանտ Ոսկանյանն այսպես արդարացավ. «Եթե «Միասնությունը» մի ճիշտ բան է ասում՝ ինչո՞ւ չկրկնենք»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031