Լրահոս
Օրվա լրահոսը

Մուր քսել հնարավոր չէ

Մարտ 17,2000 00:00
datakan

Վահագն Եղիազարյանի անունի տակ թաքնված սուտլիկ ժուռնալիստը հաջողացրել է կես էջ թռցնել «Առավոտից»՝ ստեփանակերտյան որոշակի շրջանակների կողմից ստացած որոշակի պատվերները կատարելու համար։ Որպես Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ՝ բացարձակ ստախոսություն եմ որակում այն պնդումը, թե իբր Ս. Բաբայանը 95 թ. ՆԳՆ մեկուսարանում ֆիզիկական ուժ է գործադրել Վալերի Բալայանի նկատմամբ։ Այդ դրվագը հոդվածագրի մոտ ծնվել է քաղաքականորեն հիվանդագին երեւակայության արդյունքում եւ վկայակոչվող «ականատեսները» իրական են այնքանով, որքանով «Վահագն Եղիազարյան» անգոյությունը։

Հիշեցնում եմ, որ Ս. Բաբայանի զայրույթը որեւէ կապ չունի Վ. Բալայանի հանդեպ հարուցված քրեական գործի հետ, ինչպես փորձ է արված ներկայացնել նշված հոդվածում։ Ընդվզումի առիթը Վ. Բալայանի մարտական կենսագրությունը խեղաթյուրող նմանօրինակ մեկ այլ հոդված էր, որը լույս էր տեսել «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում երկու այլ վահագն եղիազարյաններ ստորագրությամբ։ Ոչ ոք չի վիճարկում դատախազության՝ ցանկացած մարդու դեմ գործ հարուցելու իրավունքը, եթե առկա են դրա հիմքերը։ Ամեն ինչ, ի վերջո, պարզվելու է դատարանում։ Սակայն անընդունելին այն է, երբ մարտական հարուստ անցյալ ունեցող մարդու մասին ասում են, որ նա երբեք չի եղել պատերազմում կամ էլ նրան համեմատում են պարտություն կրած երկրի պաշտպանության նախարարի հետ։ Ահա այս է, որ չեն հասկանում եղիազարյանները։ Զարմանալի էլ չէ նրանց անհասկացողությունը, որովհետեւ նրանք կորցրել են իրենց խիղճը։

Ինչ վերաբերում է «Ղարաբաղում իրոք շատ հայտնի Կոմանդոս Արկադի Տեր- Թադեւոսյանին», ապա Ս. Բաբայանը ոչ մի ձեւով չի հասկանում, թե ինչու են ուզում այդ մարդուն խառնել այս պատմության մեջ։ Եթե հարցը վերաբերում է Վ. Բալայանին եւ արձանագրված կոնկրետ իրադարձության բերումով խոսք է գնացել նրա մարտական վաստակի մասին, դա արդյոք պարտադրո՞ւմ է, որ հընթացս գնահատականներ տրվեն հայտնի ու ոչ հայտնի բոլոր մարդկանց կատարածի մասին։ Կամ՝ դա արդյոք նշանակո՞ւմ է, որ թերագնահատվում է նրանց արածը։ Ինչ վերաբերում է Կարեն Բաբայանի մասին գրվածներին, ապա դրանց պատասխանները երեւի կտա ինքը՝ քաղաքապետը։ Ես զարմանում եմ, թե ինչ տրամաբանությամբ է այս հոդվածագիրը այդ պատասխանները սպասում Ս. Բաբայանի անձնական ներկայացուցչից։ Զգուշացում՝ մարդիկ կարող են չհամաձայնել Ս. Բաբայանի այս կամ այն գաղափարին, նրան կարելի է պաշտոնանկ անել, ինչպես արդեն արել են, բայց ոչ ոք չի կարող մուր քսել նրա կենսագրությանը։ Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031