Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԾԽԱԽՈՏԻ ԳԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Մարտ 25,2000 00:00
cxaxot

Հատուկ այս օրինագծի ընդունման համար հրավիրված արտահերթ նիստում ԱԺ-ն երեկ 85 «կողմ», 4 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրինագիծը, չնայած երեքշաբթի այն մերժվել էր 50 «կողմ», 9 «դեմ» եւ 21 «ձեռնպահ»-ով։

Ի դեպ, երեկվա 4 «դեմ»- երից 1-ը հաստատ միտումնավոր սադրանք էր։ «Դեմ» էին քվեարկել Անդրանիկ Մանուկյանի փոխարեն, որն այդ ընթացքում նիստերի դահլիճում չէր։ Արշակ Սադոյանը «դեմ» քվեարկեց, չնայած երեքշաբթի «կողմ» էր քվեարկել եւ երեկ իր ելույթում էլ նորից ազդարարեց, թե «կողմ» է քվեարկելու, որ բարդություններ չլինեն. «Ես, ցավոք սրտի, ծխում եմ՝ արդեն որերորդ տարին եւ իմ մաշկի վրա եմ զգում, թե ինչ է ծխախոտի թանկացումը»։

Ի դեպ, այս զգացողությունը թերեւս չունեին մյուս երկու «դեմ» քվեարկածները՝ Հովհաննես Քոչինյանն ու Սամվել Թումանյանը։ Իսկ Արշակ Սադոյանը «դեմ» էր քվեարկել, քանի որ չընդունվեց նրա առաջարկը տարբերակված հարկադրույքների վերաբերյալ։

Նշենք նաեւ, որ ԱԺՄ խմբակցության 4 անդամներն ու Հայկ Բաբուխանյանն էին «ձեռնպահ» քվեարկողները։ Սակայն սրանք մանրուքներ են։ Խորհրդարանի առյուծի բաժինը հավանություն տվեց զուտ խմբագրական փոփոխություններով վերստին ներկայացված այս օրինագծին եւ իրենց վերակողմնորոշումը, նախկինում «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորները, բացատրում էին հետեւյալ գործոններով։ Նախ, ազդել էր լրատվամիջոցների այն արձագանքը, որ հետեւեց այս օրինագծի տապալմանը։ Կարելի էր պարծենալ, թե ուրեմն չորրորդ իշխանությունը որոշակի ներազդեցություն ունի, բայց իրականում ակնհայտ է, որ պատգամավորներին առավել, մեղմ ասած, մտահոգել էր իրենց ընտրողների վերաբերմունքի խիստ հավանական փոփոխությունը։ Չէ՞ որ քվեարկել էին, «Միասնության» ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանի դիպուկ բնորոշմամբ՝ պարզապես ավանդույթի համաձայն, քանի որ կառավարության կողմից ներկայացված օրինագիծ էր, մեծամասնությունը պաշտպանում էր…

«Դեմ» քվեարկածներից շատերն անգամ զարմացել էին, որ օրինագիծը չէր ընդունվել։ Երեկ Աղասի Արշակյանը նույնիսկ կշտամբեց «Միասնությանը», թե ի՞նչ եք ընդդիմությանը քավության նոխազ դարձրել տարրական կազմակերպչական հարցեր լուծելու փոխարեն՝ հավաքեիք ձեր մեծամասնությանը, հրահանգեիք, անցկացնեիք… Կարող է տպավորություն առաջանալ, որ խորհրդարանական փոքրամասնությունը հենց այնպես էր սեղմել քվեարկության կոճակները՝ վստահ լինելով, թե մեծամասնությունը, միեւնույն է, կանցկացնի օրենքը։ Սակայն ոչ։ Նրանք փաստարկներ ունեին, թե այս օրենքով չեն պաշտպանվում տեղական արտադրողի շահերը (նկատի ունեին միայն «Գրանդ Տոբակոյին», չնայած ծխախոտ արտադրող 3 այլ ձեռնարկություններ կան)։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանն էլ հակափաստարկներ էր ներկայացնում, թե ներմուծողների նկատմամբ 20 դոլարի առավելությունը, որ ունեն ծխախոտ արտադրողները, չկա որեւէ այլ ապրանքատեսակի դեպքում։

Ի դեպ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց, թե «Գրանդ Տոբակոն» իր ծավալները մեծացրեց այն պայմաններում, երբ ներմուծողի եւ արտադրողի միջեւ տարբերությունը 4-5 դոլարի կարգի էր։ Գագիկ Արզումանյանը նաեւ նշում էր, թե «Գրանդ Տոբակոյի» ղեկավարը մասնակցել է այս օրինագծի քննարկումներին եւ հավանություն տվել։ Պատգամավորներն էլ վկայակոչում էին նույն ղեկավարի հրապարակային բացասական ելույթներն այս օրինագծի հասցեին։ Մի խոսքով, բավական խառնաշփոթ շահերի այս պայմաններում զարմանալի չէր, որ մարտի 21-ին «ձեռնպահ» քվեարկած «Օրինաց երկիր» խմբակցության անունից ելույթ ունեցող Սամվել Ավետիսյանը հայտնեց, թե այժմ «կողմ» են քվեարկելու, քանի որ այժմ են «մարսել», թե այս օրինագիծն ինչ փոփոխությունների է հանգեցնելու։ Իսկ նախորդ անգամ «դեմ» քվեարկած Գագիկ Թադեւոսյանն այժմ էր Հայկոմկուսի անունից ելույթ ունենալով նշում, թե հարկային դաշտն այսպիսով մեղմանալու է։ Սակայն այս անգամ քվեարկության «կողմ» կոճակը սեղմածների գլխավոր փաստարկն այս էր. կնպաստե՛նք, թող ընդունվի այս օրինագիծը, բայց մի երեք-վեց ամիս հետո կանդրադառնանք, թե սրա հետեւանքով կատարվելո՞ւ են կառավարության մեծ-մեծ խոստումները, որ գները կիջնեն, մաքսանենգությունը զգալիորեն կկրճատվի, բյուջետային մուտքերը կավելանան, իսկ ծխախոտի ստվերային շրջանառությունը կպակասի։

Ի դեպ, «Իրավունք եւ միաբանության» անունից ելույթ ունեցած Հայկ Բաբուխանյանը պնդում էր, թե ծխախոտի շրջանառության 60%-ը ստվերային է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031