Լույս է տեսել լրագրող, մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ, ԱԺ նախկին պատգամավորի օգնական Գոհար Արշակյանի «Նվիրյալը կամ անուղղելի ռոմանտիկը» գիրքը (հրատարակիչ՝ «Էդիթ Պրինտ»): Այն նվիրված է եղբոր՝ Աղասի Արամայիսի Արշակյանի հիշատակին: Գրքից անտիպ հատվածներ են տպագրվել նաեւ «Առավոտում»:
Անձամբ պատիվ եմ ունեցել ծանոթ լինել ԳԽ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանի հետ, լինելով նրա ժամանակակիցը: Իմ ծանոթությունը սկսվել էր սումգայիթյան ջարդերից հետո, երբ Աղասի Արշակյանը զբաղվեց դատաքննությունների կազմակերպմամբ, ականատեսների վկայությունների հավաքմամբ, հետաքննություններով, դրանց բարձրաձայնմամբ:
Կարդացեք նաև
Գիրքն ընդգրկում է 1988-2017թթ. ժամանակահատվածը: Կան դեպքեր, իրադարձություններ, որոնք ներկայացվել են առանձին գլուխներով, իսկ այդ ամենի մասին հեղինակի ժամանակակիցներս հաստատպես հիշում ենք, այն ներկայացված է փաստավավերագրական հարուստ, բացառիկ նյութերով, որոնք այսօր մոռացված են կամ ներկայացվում են ոչ ճշգրիտ, աղավաղված:
Դրանք են՝ «Զվարթնոց»-ի դեպքերի դատավարությունը» (1988 թվականի հուլիսի 4-5-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած դեպքերի մասին է-Ռ.Մ.), «ԽՍՀՄ նախկին հերոս Գեղամ Փիլոսյանի իրավունքները պաշտպանելիս» (Մարդ, ով արժանացել էր ԽՍՀՄ հերոսի կոչման, հետո այն հետ էին վերցրել ինչ-ինչ պատճառաբանություններով-Ռ.Մ.), «Ինչպես էին գողանում վառելանյութը ՊՆ-ում», «Օդաչուների գործը», «1996 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի ընտրությունն ու Աղասու կալանքը», «Նաիրիտ» գիտարտադրական միավորման վերաբացման շուրջ», «Սումգայիթյան դեպքերը» (1988-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Սումգայիթի մոսկովյան դատերին-Ռ.Մ.)…
«Սումգայիթյան սպանդից մազապուրծ փախստականները Երեւանում հավաքվում էին Գրողների միության շենքում։ Նրանց ընդունում էին Սամվել Շահմուրադյանը, Հրայր Ուլուբաբյանը, Աղասի Արշակյանը եւ այլք, ովքեր անմնացորդ նվիրվեցին փախստականների խնդիրներին։ Նրանց ընդունում էին, լսում, ցուցակագրում, օգնում էին տեղավորվել Աղվերանի, Նորքի եւ այլ պանսիոնատներում։ Երիտասարդներն ամենուր էին՝ եւ օդանավակայանում դիմավորելիս, եւ Ծաղկաձորում նրանց տեղավորելիս, իսկ ավելի ուշ տուժածների հետ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում ընթացող «դատավարություններին էին» մասնակցում։ Ցուցակագրում էին նաեւ տեղի այն բնակիչներին, ովքեր պատրաստ էին փախստականներին իրենց բնակարաններում կացարան կամ անկյուն տրամադրել»,-գրում է հեղինակը:
Առհասարակ, այդ ժամանակ ոգին բարձր էր, մեկը մեկին օգնելու, սատար կանգնելու:
«1988 թ. մենք՝ դեռեւս ապրող վկաներս, միաձայն համարում ենք հայոց ոգու վերելքի տարի, քանզի յուրաքանչյուր հայի մտքի եւ հոգու խորքերում թաքուն ծվարած նվիրական երազանքի մոտալուտ իրականացման հույսեր առկայծեցին։ Ով նախնյաց հայրենիքի կարոտի ու վերակերտման նվիրական երազանքն էր փայփայում, անմիջապես ոտքի կանգնեց, մղվեց դեպի երազանքները, վստահ լինելով, որ վերջին ու հաղթական պայքարի ժամն է, վերջնակետը հաղթանակն է։ Այդ նվիրական երազանքների հետեւից առաջ մղվողներից էր մեր ժամանակների իրական հերոս Աղասի Արշակյանը։ 1988 թ.-ից սկսած նա Հայաստանի բոլոր թեժ կետերում հասցնում էր լինել, որպեսզի իր օգնությունը ցուցաբերեր։ 29 տարի շարունակ պայքարի բովով է անցել, չի ընկրկել, հայրենիքի ու հայ մարդու կյանքը փոխելու նրա հավատը մեծ էր։ Ավաղ, ազնիվ մարդկանց ու նվիրյալների կյանքի ուղին փշոտ է։ Ա. Արշակյանը կյանքի բովում հարվածներ էր ստանում մարդկանցից, ում հավատում էր, նվիրումի եւ ազնվության համար զնդան է նետվել այն մարդկանց ցանկությամբ ու ցուցումով, ովքեր բարձր ամբիոններից կեղծ հայրենասիրական ճառեր էին արտասանում, բայց դավաճանում էին եւ հայրենիքին, եւ իրենց»,-գրել է գրքի խմբագիր Փառանձեմ Շահբազյանը:
Գոհար Արշակյանը ներկայացնելով հուշագրությունը, նշում է, որ գիրքը հիմնված է երջանկահիշատակ եղբոր՝ Աղասի Արշակյանի արխիվային նյութերի, գրառումների, նրա հրապարակումների, պատգամավորական հարցապնդումների, հարցազրույցների («Առավոտի» հրապարակումներից կան նույնպես-Ռ.Մ.), տեսաձայնագրությունների եւ վերլուծությունների վրա. «Այն պետք է գրեինք միասին։ Ավա՛ղ, չհասցրինք նույնիսկ սկսել, ու ես մնացի նրա տարողունակ արխիվի եւ իմ հիշողությունների հետ միայնակ։ Երբեմն, որեւէ տողի կամ փաստի վրա սեւեռվելով, դժվարությամբ էի ինքս ինձ համոզում դրանց անհրաժեշտությունը, երկմտում էի երկար, երբեմն 1 շաբաթ ու ավելի անցնում էր, իսկ ես ոչինչ չէի գրում… Ընթերցողին, որպեսզի չձանձրացնեի, չէի ուզում մանրուքների մեջ մտնել, երբեմն էլ որեւէ մեկի տասնյակ տարիներով թաքցրած դեմքը պատռել: Նման դժվարին պահերին հանկարծ ինձ թվում էր, թե Աղասին կողքիս է ու խոժոռ դեմքով ինձ հանդիմանում է՝ «Ինչո՞ւ չես ուզում գրել, բա ինչո՞ւ եմ հավաքել ու այսքան տարի պահել, հանգիստ կարող ես գրել»: Գրքում ընթերցողները կհանդիպեն մեզանում հայտնի ու անհայտ, այժմ արդեն ողջ կամ մահացած շատ անունների ու կպարզեն իրենց համար, թե ինչերի միջով ենք անցել, արժեքները կվերարժեւորեն եւ կիմանան ով՝ ով է: Փորձել եմ չանտեսել եղբորս վերաբերող որեւէ ուշագրավ իրողություն»:
Վստահ եմ, որ 455 էջանոց գիրքը հատկապես այս օրերին կկարդացվի մի շնչով, այստեղ եղած արխիվային նյութերը երջանկահիշատակ պատգամավորի աշխատանքի արդյունքն են, որը խնամքով ներկայացնում է գրքի հեղինակը. «1988 թ. սեպտեմբերի 18-19-ին Աղասին հերթապահել է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Վիրաբույժ Վալերի Մարությանի հետ կազմակերպել էր Խոջալուի դեպքերի ժամանակ վիրավորվածների համար արյուն հավաքելու գործը։ Ավելի ուշ մասնակցել է հայության դեմ Խոջալուում կատարված հանցագործության բացահայտմանը։ Երբ փախստականների հոսքը մեծացավ, արդեն պետական հոգածություն ցուցաբերվեց, ստեղծվեց Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողով՝ Վլադիմիր Մովսիսյանի նախագահությամբ։ Ի դեպ, ՀԽՍՀ ղեկավարությունը շարունակում էր ականջալուր մնալ կենտրոնի ցուցումներին եւ ամեն գնով փորձում էր փախստականներին մեկուսացնել, արգելում էր շփվել տեղի բնակիչների հետ։ Սակայն փախստականների հարցերով զբաղվող կամավորականները, որոնց աշխատանքը համակարգում էր Հրայր Ուլուբաբյանը, ոչ միայն այցելում էին փախստականներին Ծաղկաձորում, Աղվերանի, Հին Նորքի տարբեր հանգստյան տներում, այլեւ մասնակցում էին Մոսկվայում, Վորոնեժում ընթացող դատավարություններին։ Ձայնագրում էին դատական ողջ ընթացքը, տուժողների հետ ունեցած հանդիպումները եւ վերծանում։ «Գրական թերթում», իր հերթին, պարբերաբար նյութեր էր հրապարակում լուսահոգի Սամվել Շահմուրադյանը։ Հետագայում, 1989 թ. սեպտեմբերի 23-ին, երբ Երեւանում Ճարտարապետների տանը կայացավ փախստականների մամուլի ասուլիսը, Բագրատ Ուլուբաբյանը, Սուրեն Զոլյանն ու Աղասի Արշակյանը երեք օր գիշեր-ցերեկ աշխատելով՝ ձայնագրությունները վերծանում, սղագրում էին (շտապում էին հասցնել Մոսկվայում ընթացող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանին)»…
Քչերն են հիշում Աղասի Արշակյանի բանտային ոդիսականը: Գրքում ներկայացվել է 1989 թ. մարտի 15-ի լույս 16-ի գիշերը թիվ 35 մենախցից երկրորդ անգամ ձերբակալված Աղասու գրած 2 դիմում- բողոքի ձեռագրերը. «Աղասու 2-րդ՝ 1989թ. մարտի ձերբակալությունից հետո նրան պահում էին Սովետաշենի (Նուբարաշեն) քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում։ Նա՝ որպես թիվ 35 մեկուսարանի ապօրինի կալանավոր, դիմում է ներկայացնում մեկուսարանի պետին»: Դիմումից տեղեկանում ենք, որ նա երկրորդ օրն է, որ հացադուլ է հայտարարել, ապա հրաժարվել ջրից. «Իմ պահանջներն ու մարդու իրավունքի տարրական նորմերն ի կատար չեն ածվում։ Ինձ տեղավորել են խոնավ ու ցուրտ մեկուսարանում, ուր արյուն ծծող միջատներից՝ լվերից ու փայտոջիլներից հանգստություն չկա։ Հակահիգիենիկ ասիական զուգարանը «ցեմենտված» է կեղտով։ Խոնավությունից ու կեղտից բուրող խցում առանց տարրական բժշկական օգնության մարդու, հաշմանդամի համար, այն էլ սրտի հիվանդությամբ, շարունակական քամահրանքի եւ անօրինության պայմաններում ԱՆՀՆԱՐ է ապրել։ Մի՞թե 2 օրում հնարավոր չեղավ ինձ տալ ծածկոց ու սրբիչ։ Ինձ այցելած բժիշկները չունեին ինձ անհրաժեշտ դեղամիջոցները նույնիսկ «միջնորդությունից» հետո։ Ինձ այստեղ բացատրում են, թե «օրենքով» չի թույլատրվում ծածկոց տալ։ Բավական չէ՞, որ ժողովուրդները 70 տարի շարունակ ծառայում են օրենքներին, հակառակը լինելու փոխարեն։ Այս մեթոդներո՞վ ենք մենք ուզում հասնել իրավական պետության։ Ո՞ւմ օրենքներն են դրանք եւ ովքե՞ր են դրանք հեղինակել։
Այս ամենին գումարած՝ բանտի որոշ մահակային կամակատարներ զբաղված են շատ բարձր ձայնով հեռարձակվող ադրբեջանական երաժշտությունը քարոզելով (ներքին ռադիոցանցով), այդպիսով ավելացնելով իմ անօրեն ֆիզիկական «անհարմարություններին» նաեւ բարոյահոգեբանական ճնշման գործադրումը նյարդային համակարգիս վրա։ Ի՞նչ է նշանակում այս ամենը՝ ինտերնացիոնալ դաստիարակությո՞ւն։ Իմ խորին համոզմամբ, Աֆղանստանում դրսեւորած ինտերնացիոնալիզմը բավարար է հաջորդ դարին էլ»:
Հեղինակն անդրադարձել է նաեւ առաջին ընտրություններին («Առաջին մաքուր ընտրությունները ՀԽՍՀ-ում կամ թիվ 47 ը/տ Գերագույն Խորհրդի պատգամավորության թեկնածուն» վերնագրով). «Հայք» թերթի մայիսի 6-ի կիրակնօրյա համարում «Հայկական ԽՍՀ ժողովրդական դեպուտատության այն թեկնածուները, որոնց պաշտպանում եւ աջակցում է ՀՀՇ-ն» խորագրով հրապարակվեց նախապատվելի թեկնածուների անունները, ըստ ընտրատեղամասերի։ Թիվ 47 ընտրատեղամասի նախապատվելի թեկնածուն հհշականների համար Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանն էր, ով պաշտոնի բերումով մի քանի «հաջողված» թռիչքներ էր իրականացրել ԼՂՀ (զենք էր տեղափոխել իր ծննդավայր)։ Աղասին, չնայած ՀՀՇ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահն էր, տարիներ շարունակ անցել էր զրկանքների ու հալածանքների միջով եւ անմնացորդ նվիրված էր պայքարին ու ժողովրդական շարժմանը, եղել էր շարժմանն առնչվող բոլոր կիզակետերում, այնուամենայնիվ, ՀՀՇ-ի ընտրյալ թեկնածուներից չէր։ …Սակայն հհշականները մի կարեւոր գործոն հաշվի չէին առել, որ Աղասուն ճանաչում էին տեղամասի բնակիչները՝ ընտրողները։ Նրանք ականատես էին, թե ինչպես հաճախ Աղասին ուսապարկն ուսին մեկնում էր մեր սահմանները պաշտպանելու, գիտեին, որ «Խոպան» ջոկատի հրամանատարն էր, որը հետագայում ղեկավարեց ազատամարտի հերոսներից, նույն ջոկատի ազատամարտիկ, անկախ Հայաստանի Հանրապետության հերոս, վաղամեռիկ Ջիվան Աբրահամյանը։ Այո, Աղասին ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր առանց ՀՀՇ-ի աջակցության եւ հեռացավ նրանցից ընտրություններից ամիսներ առաջ»: Ի դեպ, նրա նախընտրական ծրագրում կար այսպիսի խոստումներ, որոնք պիտի կատարեին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի եւ իրավապահ մյուս մարմինների գործունեությունը լիիրավ վերահսկող Գերագույն խորհրդի հանձնաժողովի ստեղծում, հայազգի կալանավորներն իրենց պատիժը պետք է կրեն ՀԽՍՀ ազատազրկման վայրերում, Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում առկա ազատազրկման վայրերում, քննչական մեկուսարաններում, ծերանոցներում եւ հոգեբուժարաններում հայերի ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում:
ՀԽՍՀ ԳԽ-ում նրա ելույթից պարզ է դառնում, որ սկսած 1988 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, այս գեհենով անցել է ավելի քան 1000 հայ-բանտարկյալ, որոնց նկատմամբ խոշտանգումները տեւել են մի քանի օրից մինչեւ մեկ տարի։ Մինչ այդ հայկական բանտերում պահվում էր ադրբեջանցի 123 բռնավոր։ Այս գործոնը, հավանական է, զսպող դեր է ունեցել։ 1988 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային ճգնաժամի աճման հետեւանքով զգուշանալով Հայաստանի բանտերում ադրբեջանցիների նկատմամբ քրեական աշխարհի հնարավոր ակցիաներից, Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին էին հանձնել բոլոր ադրբեջանցի բանտարկյալներին. «Սակայն այդ հումանիտար քայլը միակողմանի էր»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.10.2024




















































