Լրահոս
Օրվա լրահոսը

«1994-98 թվականներին ոչ ոք ոչ մի տեղ չի դիմել»

Ապրիլ 01,2000 00:00
Armen ter-sahakyan

Արմեն Տեր-Սահակյանը չնայած «խոստացել» էր ցուցմունքներ տալ, սակայն պաշտպան Անժելա Կարապետյանն ընթերցեց ամբաստանյալի գրավոր, մեքենագրված խոստովանական ցուցմունքները։

Բնականաբար, իրեն մեղավոր չճանաչեց եւ ասաց, որ «նախաքննության ժամանակ իրենից պահանջել են մի բան. տալ մեղադրական ցուցմունքներ Սիրադեղյանի դեմ»։ «Տեր-Սահակյանն» ասաց, որ նախաքննական մարմինը «խոստացել է իրեն տարբեր բաներ»։ «Սպանության բոլոր փորձերը տեղի են ունեցել 1994-98թթ. ընթացքում։ Բայց ոչ ոք ոչ մի տեղ չի դիմել»,- շարունակեց իր պաշտպանյալի ցուցմունքն ընթերցել Ա.Կարապետյանը։ Գ.Սարիբեկյանի, Հ.Զաքարյանի, Ռ.Բաղդասարյանի, Դ.Խուրշուդյանի, Ռ.Աթոյանի (Գագաս) դրվագներով ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց։ Ու երբ ավարտվեց այս դրվագների նկարագրությունը, խնդրեց դատարանից չորս օր ժամանակ մյուս «դրվագներին նախապատրաստվելու համար», կամ, ինչպես հետո ձեւակերպեց. «իմ փաստաբանի հետ մինչեւ վերջացնեմ գործողությունները»։ Ուշագրավ երկխոսություն ծավալվեց Արմենի եւ նրա երկրորդ պաշտպանի՝ Սաֆար Խաչատրյանի միջեւ, որը նստելու տեղ չուներ եւ ոտքի վրա էր։

– Դուք այդ սպանության փորձերի համար ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։

– Ոչ… ոչ… ոչ…

– Ապրես,- խրախուսեց պաշտպանը, որին, երբ դատավոր Գ.Պողոսյանն ասաց՝ նստի՛ր, արդարացավ, թե. «Տեղ չկա, որտե՞ղ նստեմ»։

Մեղադրող Կ.Փիլոյանի փորձերը հարց ու պատասխանի միջոցով ցուցմունքներ «ստանալ»՝ չհաջողվեց։ Տեր-Սահակյանը պատասխանում էր, թե.

– Այդ դուք եք Ղանդիլյանին սպանել, դուք եք ցուցմունքներ տվել։ Ինչ խոսում եք, շառ ա։ Այդ դուք եք 1 մլն դոլար փող տալիս, որ ես Կանարյան կղզիներ գնամ, որ Վանոյի դեմ ցուցմունք տամ։ Էդ դուք դարձել եք սուրբ, մենք էլ՝ հանցագո՞րծ…

Նախ հետեւեց պաշտպանների միջնորդությունը. ժամանակ տալ իրենց, ինչին դեմ եղան մեղադրողները։ Հետեւեց մերժումը եւ Ս.Խաչատրյանն արեց իր երկրորդ միջնորդությունը. բացարկ հայտնեց դատավորին։ Ապա, երբ սա էլ մերժվեց՝ լրացուցիչ նախաքննության ուղարկել գործը։ Պաշտպան Համեստ Մուրադյանը միջնորդեց միացնել «մայր գործը» բանդայի գործի հետ՝ համատեղ քննելու համար։ Ահա թե ինչու մեղադրողներին տարակուսանք պատճառեց մեկ տարի անց արվող (դատաքննության այս փուլում) միջնորդության անհիմն լինելը…

Երբ փաստաբան Ա.Կարապետյանն ասաց, որ հոգեներգործուն մեթոդներով են ցուցմունքներ կորզել, դատավորը դիմեց նրան. նման տեղեկություններ եթե ունեք, դիմեք դատախազության համապատասխան բաժին։ Անորոշությամբ էլ հեռացանք դահլիճից։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930