Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵԿԱՄ, ԲԱՐԻ ԱՉՔԵՐ ՈՒՆԵՍ, ԳՈՒՑԵ ՕԳՆԵ՞Ս»

Ապրիլ 04,2000 00:00
Aram Sargsyan

Թեեւ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը Սյունիքի մարզում կառավարության արտագնա նիստում հայտնեց, որ իրենք եկել են մարզ՝ խթանելու ծնելիության աճին, ընդ որում՝ կարճ ժամանակում, ամեն դեպքում միայն սա չէր կառավարության այցի նպատակը։

Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանի տվյալներով՝ մարզում այժմ բնակվում է 163 հազար մարդ։ Վերջին տարիներին արտագաղթել է բնակչության շուրջ 20 տոկոսը։ Կառավարությունը քննարկեց սահմանամերձ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցը։ Այսպիսով, մեղրեցիները հնարավորություն կունենան Իրանից Մեղրու տարածքով Երեւան տեղափոխվող ապրանքները էժան գնելու։ Ողջ հզորությամբ կաշխատեն Ագարակի, Քաջարանի, Մեղրիի կոմբինատները։ Սյունիքցիներից փորձեցի ճշտել՝ որեւէ լուրջ տեղաշարժ ակնկալո՞ւմ են կառավարության այցից։ Ուսուցչուհիներից մեկը համոզված էր, որ այս այցից հետո գոնե առժամանակ կնվազի արտագաղթը. «Այսօրվա այցը մի տեսակ գործնական էր։ Վաղամեռիկ Վազգեն Սարգսյանը կոնկրետ Սյունիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ուներ, եւ ինձ թվում է՝ այդ վերաբերմունքը գենետիկորեն պետք է փոխանցվի հարազատ եղբորը»։ Շատերի հետաքրքրությունն էլ վարչապետի հանդեպ ավելի շատ սպորտային էր։ Գյուղերում վարչապետի համար ոչխարներ էին մորթվում, սեղաններ փռվում։ Շվանիձորում նա սեղանին մոտեցավ անկյունից։ Գյուղապետն առաջարկեց տեղափոխվել դեպի սեղանի կենտրոն։ «Որտեղ վարչապետը կանգնում է, կենտրոնը դա է»,- սրբագրեց Լեոնիդ Հակոբյանը։

Վարչապետի այցի կապակցությամբ մարդկանց աշխատավարձ ու թոշակ էին բաժանել։ Համայնքի ներկայացուցիչները կառավարության հետ հանդիպման ընթացքում հիմնականում ներկայացնում էին իրենց խիստ անձնական խնդիրները, եւ վարչապետը ստիպված էր հիշեցնել, որ ունենք քրեական եւ քաղաքացիական օրենսգրքեր։ Նա հիշեց, որ պաշտոնավարության 5 ամսում իր հիմնական գործը եղել է կռված մարդկանց հաշտեցնելը։ Մարզպետը բողոքեց Գորիսի քաղաքապետից, կառավարությանը խնդրեց քննարկել նրա պաշտոնանկության խնդիրը։ Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրենը վարչապետին խնդրեց լուծել դպրոցի լինոլեումի հարցը։ Վարչապետը խոստացավ։ Սակայն տեղեկանալով, որ դպրոցի բոլոր գերազանցիկ շրջանավարտները բուհեր են ընդունվել, նկատեց. «Տեսնո՞ւմ եք, լինոլեումը չէ գլխավորը»։ Սյունիքցիները կառավարությունից նաեւ նպաստ խնդրեցին. «Ես դեմ եմ նպաստին, սա հայ մարդուն լոդրության տանելու ուղիղ ճանապարհն է։ Եթե կարծում եք՝ կառավարությունը գումարներ ունի եւ չի տալիս, այդպես չէ»,- ասաց վարչապետը։

Նույն դպրոցում նա խոստացավ տեղում քննարկել տրիկոտաժի ձեռնարկության աշխատելու, դրա արտադրանքի շուկան ապահովելու խնդիրը։ Ժողովրդի հետ հանդիպումների ընթացքում զավեշտական դեպքեր էլ եղան. արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին դիմեցին որպես «պրն Ճշգրիտյան», մի սյունիքցի մոտեցավ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մարգարյանին՝ հիացած հայացքը նրան ուղղած. «Պրն Մարգարյան, Ձեր դեմքը բարի մարդու դեմք է։ Ո՞նց եք դիմանում»։ Պրն Մարգարյանը՝ վստահ ասվածի ճշմարտացիությանը, հոգոց հանեց. «Ուրիշ տարբերակ ունե՞ս»։ Ճիշտ՝ ինչպես «Միմինոյում»։ Սիսիանում զինվորականների համար նոր կառուցվող շինությունը դիտելիս վարչապետին տեղեկացրին, որ արդեն ամուսնացրել են սպաներից մեկին. «Դե ասեք՝ Վաղարշակին էլ ուղարկենք, էլի» կատակեց վարչապետը։ Ի դեպ, ստույգ աղբյուրից իմացանք, որ պաշտպանության նախարարի կարծիքով՝ մեզ մոտ կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը դատապարտված են չամուսնանալու։

Եռօրյա խիստ հագեցած գրաֆիկից հետո, Երեւան վերադառնալուց առաջ Գորիսում վարչապետի պատվին հերթական հյուրասիրությունը կազմակերպվեց։ Արդեն սեղանի շուրջ չափազանց անկեղծացավ երբեմնի գյուղնախարար, այժմ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանը։ Նա նախ բոլորին հանգստացրեց՝ ասելով, որ մինիմում դեռ 20 տարվա կյանք ունի, ապա հայտնեց, որ իր կտակում գրելու է, որ իրեն հողին հանձնեն… կանգնած. որպեսզի հողը խնայեն։ Թե չէ բոլորը հեկտարներով հող են վերցնում, գերեզմանոցներ սարքում՝ հողը մշակելու փոխարեն։ Կամ էլ արտասահմաններում ապրում են, հետո էլ թե՝ ինձ կամփոփեք հայրենիքում. «Հայրենիքը հո գերեզմանատուն կամ մորգ չէ՞»,- եզրակացրեց պրն Մովսիսյանը։

Պաշտպանության նախարարն ու պետեկամուտների նախարարները նարդի էին խաղում։ Ի դեպ, պարզվեց, որ վարչապետն առավել նախընտրում է շախմատը։ Թերեւս դա էր առիթը, որ նրան նվիրեցին «ձեռակերտ» շախմատ, որն ընդունելիս Արամ Սարգսյանն ասաց. «Ես շախմատ շատ եմ սիրում եւ լավ եմ խաղում։ Հատկապես՝ վերջնախաղը»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930