Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Եվրախորհրդի մուտքի մոտ

Ապրիլ 19,2000 00:00
evropayi xorhurd

Աշխարհագրությունը շատ հետաքրքիր բան է, ոչ մի կերպ չի կողմնորոշում՝ Հայաստանը ասիական երկիր է, թե եվրոպական։

Թերեւս սույն փաստն ավելի հստակեցնելն այնքան էլ կարեւոր չէ, քանզի հայերը կողմնորոշված ժողովուրդ են՝ արագ թափով ձգտում են Եվրախորհրդի անդամ դառնալ։ Եվրախորհուրդն էլ իր հերթին հայերի նկատմամբ բարյացակամ է տրամադրված, գիրկը բաց է՝ «եկեք, հայեր, կընդունեմ ձեզ իմ գիրկը հունիսին վերջին»։ Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամ դառնալու հարցում խիստ լավատես է եւ ոգեւորված ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Հարցերն արդեն լուծված են, գնացինք, եւ Եվրախորհրդի անդամների հետ ոնց որ պետքն էր խոսեցինք՝ ամեն ինչ օ քեյ է։ Պրն Հովհաննիսյանն իհարկե այս խոսքերը չասաց երեկվա ասուլիսում։ Նա շատ մանրամասն նկարագրեց իրենց չորս հոգիանոց պատվիրակության այցի ընթացքը, պայմանավորվածությունները, հետագա անելիքները։ Պարզապես մենք տպավորություն ստացանք, որ Հովհ. Հովհաննիսյանը խիստ տպավորված է եւ անվերապահորեն հավատում է, թե հունիսի 24-25-ը Եվրախորհրդի լիագումար նիստի օրակարգ մտնելիք Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի։ Պատվիրակության մյուս անդամը՝ Հմայակ Հովհաննիսյանը, ընդհակառակը, նույն խանդավառությունը չունի եւ որոշ կասկածներ ունի, թե Հայաստանի անդամակցության հարցն այդ ժամանակահատվածում կլուծվի։

Մեր պատվիրակության այցի օրերին Եվրախորհրդում բացվել է հայկական ցուցահանդես։ Սա աննախադեպ է այն իմաստով (Հովհ. Հովհաննիսյանն ասաց), որ երբեւէ Եվրախորհրդի անդամ չհանդիսացող որեւէ երկրի ցուցահանդես այնտեղ չի բացվել։ Ցուցահանդեսի նմուշները հավաքվել էին Փարիզի եւ Մարսելի թանգարաններից, եւ այս հարցում հայ խորհրդարանականներին օգնել է մեր ֆրանսահայ բարեկամ Կլոդ Մութաֆյանը։ «Շատ քիչ ծախս ենք արել, մոտ 4 հազարի չափ», այն էլ ֆինանսների նախարարությունը դեռ չի փոխանցել։ Սա էլ Պրն Հովհաննիսյանն ասաց։ Ցուցահանդեսի բացման ժամանակ հայկական պատվիրակությունը լորդ Ռասել Ջոնսթոնին է նվիրել մի նկար՝ «Լորդ Բայրոնը՝ սբ. Ղազար կղզում»։ Պրն Հովհաննիսյանի ասելով՝ լորդը նկարը շատ է հավանել եւ կախել է իր աշխատասենյակի պատից։ Երկու լորդ՝ մի սենյակում։

Մայիսի 6-ին Ստրասբուրգում կկայանա եռակողմ հանդիպում։ Կհանդիպեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԺ նախագահները։ Այս հանդիպման ժամանակ Ադրբեջանը մտադիր է առաջ քաշել փախստականների խնդիրը, որին, ի դեպ, Հայաստանը համաձայն չէ։ Մերոնք համաձայն են փախստականների հարցը սոցիալական հարթության վրա քննարկել, բայց հարցը իրականում քաղաքական է։ Այս տեսանկյունից Հայաստանը չի պատրաստվում փախստականների հարցը քննարկել ԼՂՀ հակամարտությունից դուրս։

Այն օրերին, երբ մերոնք Ստրասբուրգում էին, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ Ռուսաստանի՝ Եվրախորհրդում մնալ-չմնալու հարցը։ Հայերն իրենց այնպես են պահել, որ ոչ խորովածը վառվի, ոչ էլ շամփուրը։ Այսինքն՝ ռուսների հետ լավ հարաբերությունները պահպանվել են եւ անդամ պետությունների հետ էլ չեն փչացել։ Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ եթե Հայաստանը քվեարկելու իրավունք ունենար, ինչպե՞ս կքվեարկեր, պրն Հովհաննիսյանի պատասխանից հասկանալի էր, որ Եվրախորհրդում իրենց ակնկալած տեղը հայերը չէին քարոտի։

Ամենայն հավանականությամբ Հայաստանը Եվրախորհրդի անդամ կդառնա Ադրբեջանի հետ միաժամանակ։ Պրն Հովհաննիսյանի ասելով, Հայաստանն արդեն ամբողջովին պատրաստ է անդամակցության, իսկ Ադրբեջանին դեռ պետք է՝ ձգվել-հասնելու համար։ Մերոնք էլ ասել են, թե այլեւս չեն կարող սպասել, ուզում են անդամ դառնալ։ Բայց որ ասե՞լ են, ինչ։ Ուզեն՝ չուզեն պետք է սպասեն, որ հարցի լուծման պահը գա։

Վերջում պրն Հովհաննիսյանը խնդրեց, որ լրագրողները հնարավորինս լուսաբանեն Եվրախորհրդի անդամ դառնալու հարցերը։ Մարդիկ պետք է իմանան, թե ի՞նչ է մեզ տալու այդ անդամակցությունը, ինչո՞ւ ենք ձգտում դառնալ Եվրախորհրդի անդամ եւ այլն։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930