Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 07,2000 00:00
dat

Բուժելու փոխարեն

Ինչպես արդեն տեղեկացրել էի, ԼՂՀ Գերագույն դատարանում միջնորդությամբ հանդես եկավ («Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործով) Սասուն Աղաջանյանի պաշտպանը՝ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը: Դրանով նա պահանջում էր, որ Սասունին տեղափոխեն համապատասխան բուժհիմնարկ՝ հետազոտվելու եւ ստացիոնար բուժում անցնելու, նրա նկատմամբ մշտական խնամք եւ բժշակական հսկողություն իրականացնելու, առողջական վիճակը պարզելու եւ վերականգնելու համար։ Պաշտպանը միջնորդեց նաեւ (հեռախոսով թելադրելու արդյունքում լսվել էր «որոշվեց»- Ռ.Մ.) Ս. Աղաջյանյանի նկատմամբ քրգործը կասեցնել՝ մինչեւ նրա ապաքինումը։

Հունիսի 17-ին պաշտպանը տեսակցելով Սասունի հետ քննչական մեկուսարանում, «համոզվելով նրա հիվանդագին վիճակի մեջ», միջնորդել էր նրան տեղափոխել ստացիոնար բուժման, ինչը մերժվել էր, ինչպես մերժվել էր ապրիլի 29-ին, մայիսի 4-ին։ Է. Աղաջանյանն ասաց նաեւ, որ այս օգոստոսի 13-ին իր կողմից հարցում է ներկայացվել ՊԲ Կենտրոնական զինվորական հոսպիտալ (ուր հունիսի 29-ին տեղափոխել էին Սասունին), որտեղից ստացված պատասխանի համաձայն «Սասուն Աղաջանյանի վիճակը շարունակում է մնալ ծանր եւ վտանգավոր նրա կյանքի համար»։

Սամվել Բաբայանի թիկնազորի պետ Աղաջանյանին սեպտեմբերի 13-ին Նուբարաշենի նյարդահոգեբուժական հիվանդանոց տանելու արդյունքը գնահատելով՝ փաստաբանը նշեց, որ ըստ հոգեբուժարանից ուղարկած գրության՝ «Ս. Աղաջանյանը գտնվում է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության մեջ եւ առաջադրված հարցերին կպատասխանեն փորձաքննության ավարտից հետո»։ Սակայն փորձաքննության պատասխանը դեռ չստացած, Սասունին տեղափոխել են ԼՂՀ քննչական մեկուսարան, այնտեղից էլ բերում են դատարան։ «Ինչպես երեւում է փորձաքննության եզրակացությունից, Ս. Աղաջանյանն այնտեղ որեւէ բուժում չի ստացել։ Եզրակացության մեջ ոչ մի նշում չկա նրա առողջական վիճակի մասին, նշված չէ, թե նա ինչ հիվանդություններով է տառապում, ինչ բուժում է ստացել այնտեղ գտնվելու ողջ ժամանակաշրջանում եւ ինչպես է այժմ նրա առողջական վիճակը»: Չնայած, ըստ Է. Աղաջանյանի, նա տեղափոխվել էր ՀՀ ծանր վիճակում եւ «հստակ ձեւակերպված կլինիկական ախտորոշմամբ՝ մանրակրկիտ հետազոտվելու եւ բուժումը շարունակելու նպատակով, այնուամենայնիվ, այնտեղ նրան բուժելու փոխարեն ենթարկել են դատահոգեբուժական փորձաքննության եւ նույն ծանր վիճակում հետ վերադարձրել»։ Է. Աղաջանյանն ասաց, որ տեսակցելով իր պաշտպանյալի հետ, համոզվել է, որ նրա առողջական վիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ «հակառակը՝ ավելի է վատթարացել, շարունակելով մնալ ծանր եւ վտանգավոր նրա կյանքի համար»։

Դատաքննության ժամանակ փաստաբանը ցանկացավ հրապարակել իր հարցումների պատասխանները (մասնավորապես՝ օգոստոսի 23-ի), ինչից ակնհայտորեն դժգոհեց դատավոր Սուրեն Ալեքսանյանը, թե՝ «Դե գործում կան, է՜, էտ բոլորը… ագիտացիա՞ ես անում։ Պո՜, դուք պրոպագանդա եք տանում միշտ։ Գործի մեջը կա, նորից եք հրապարակում, որպեսզի ժուռնալիստները գրի առնեն»։ Հետո էլ, թե՝ «Փաստաբանը հարցում է կատարել, փաստաբանը չի հետեւել, չի խնդրել, որպեսզի պատասխանը ստանա։ Դա կոչվում է, թե դուք փաստաբան եք։ Դրա համար պռոստը հիշեցնում եմ, որ փաստաբանը իր պարտականությունը կատարի լիարժեք», զայրանալով Է. Աղաջանյանին հարցրեց. «Բա ո՞ւր է պատասխանը»։ Սասունի պաշտպանն ասաց, որ «պատասխանը պետք է լիներ փորձաքննության մեջ, որը չկա»։ «Է. Աղաջանյա՜ն, Երեւան եք եղել, մտնեիք, պատասխանը ստանայիք», տնավարի շարունակեց դատավոր Ալեքսանյանը։ Իսկ փաստաբանը, մեղմ ասած, հիշեցրեց. «Այդ պատասխանը չկա նաեւ Ձեզ մոտ»։ Շատ եմ կասկածում, թե Ս. Ալեքսանյանը չգիտեր այդ մասին։ Սակայն դատախազը շարունակելով ասաց. «Ես չեմ հարցում արել, դուք պատասխանը ստանայիք։ Ես քեզ հարցնում եմ, որ հարցում ես կատարել՝ ինչո՞ւ պատասխանը չես ստացել»։

Նախագահող դատավոր Ալեքսանյանը փորձեց միջնորդության մասին առանց կողմերի կարծիքներն իմանալու գնալ խորհրդակցական սենյակ, ինչը կանխվեց փաստաբանների կողմից։ «Հա, դուք փորձեցիք ստուգել իմ նյարդային…», չավարտելով հերթական միտքը՝ դժգոհեց դատավորը։ Սամվել Բաբայանի պաշտպան Ժ. Շաքարյանը գտավ, որ պետք է Է. Աղաջանյանի միջնորդությունը բավարարել, ինչին միացան փաստաբաններ Է. Չինարյանը, Ա. Հակոբյանը, Գ. Սաֆարյանը (պետք է նկատել, որ ձեւավորվել է փաստորեն փաստաբանական միացյալ թիմ՝ իր ռազմավարությամբ- Ռ. Մ.)։ Ուշագրավ էր մեղադրող Մավրիկ Ղուկասյանի ասածը. «Երեւի թե դահլիճում նստածները բոլորը կտեսնեն, որ իրոք, Ս. Աղաջանյանը շատ առողջ վիճակում համ խոսել է, համ ցույց է տվել։ Դրա կասետան կա եւ դուք կտեսնեք», այսինքն, քննությունն ընթացել է տեսագրությամբ (հանուն տեսագրության- Ռ. Մ.), ինչը նախապատրաստվում է ցուցադրել դատաքննության ժամանակ։ Նա համաձայնեց, որ հոգեբուժարանի բժիշկը ներկայանա դատարան։

Սասունի կնոջ հետ զրույցից Մարինե Աղաջանյանը երեկ ինձ ասաց, որ երկու անգամ օրվա մեջ այցելում է քննչական մեկուսարան՝ ամուսնուն խնամելու։ «Նա տեղից չի շարժվում, ձեռքերը, ոտքերը շատ թույլ են։ Իրեն մի կերպ եմ հաց ուտեցնում։ Նա չի ճանաչում ինձ։ Ոչ մի ռեակցիա չկա։ Արդեն 1,5 օր հաց չի կերել»։ Նա տեղեկացրեց, որ Սասունի հայրն ու եղբայրն են պահում նրան. «Երկու սալդատ խտտած բերում են, աթոռին նստեցնում, պահում են, որ չընկնի վրայից։ Ոնց որ պոլի փալաս»։ Կինն ասաց, որ Նուբարաշենից հետո Սասունի վիճակն ավելի է վատացել. «Չորս ամիս պառկած է»,- նշեց նա։ «Ո՞վ է իրեն արել այդպես»,- հարցնում էր Մ. Աղաջանյանը. «Դուք լսեցի՞ք բժիշկներին։ Բոլորը սուտ է։ Ամբողջ քաղաքը գիտի, որ Սասունը հիվանդ է։ Բոլորը»։ Երբ հարցրի, թե երկու երեխաները տեսե՞լ են այս ընթացքում Սասունին, նա ճանաչե՞լ է նրանց, Մարինեն պատասխանեց, որ միակ տեսակցությունը եղել է հունիսի 3-ին եւ «լաց են լինում խոխեքը։ Չեն ուզում տեսնել, վախենում են։ Երբ Սասունը տեսավ նրանց, ոչ մի ռեակցիա չտվեց»։

Ժուդեքս Շաքարյանը բացարկ հայտնեց դատավորին Ժամանակները փոխվել են։ Փոխվել են նաեւ նրանք, ովքեր երեկ գլուխկոնծի էին տալիս այսօր ճաղերի ետեւում հայտնվածների առաջ, նրանք, ովքեր առաջինն էին։ Գլուխկոնծի տվողներից մեկն էլ Մավրիկ Ղուկասյանն էր, որ ամեն անգամ հանդիպելով Սասունի հորը՝ Մառլեն Աղաջանյանին, ասում էր. «Մառլեն, էս ի՞նչ հերոս տղա ունես»։

Հիմա Սասունի հետ վարվում են այնպես, ինչպես չեն վարվել եւ չեն վարվում հիվանդ գերիների հետ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930