Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆՈՒՄ ԵՄ, ՈՒՐԱՆՈՒՄ ԵՍ, ՈՒՐԱՆՈՒՄ Է…

Հունվար 23,2001 00:00
bruncq

88-ի փետրվարին եթե որեւէ մեկը մտքին դներ՝ Ազատության հրապարակի մի ոտատեղը Չիկ Կորեայի հինգ տոմսի գնով (ամենաքիչը) կծախեր: Այդ ժամանակ գրեթե ազգովի պարծենում էինք, թե ո՛ր մեկս հրապարակի ո՛ր արձանի ձախ կամ աջ կողմում ենք բռունցք թափահարում: Հետո, երբ ռուսական զորքը հմուտ ագրեսորի իր դարավոր փորձը որոշեց ցուցադրել Երեւանի փողոցներում, հանկարծ պարզվեց, որ մենք անթիվ-անհամար իմաստուններից ենք բաղկացած, որոնք այդ նույն հրապարակում ընդամենը «չայ էին խմում» ու էն գլխից գիտեին, որ ազգային-ազատագրական պայքարը դմբուզներով գլուխ եկողը չի:

Եվ այսպես, օրեցօր ավելացան ու մինչեւ հիմա էլ ավելանում են նրանք, ովքեր պատեհ-անպատեհ կուրծք են ծեծում, որ իրենք դեռ փետրվարի 20-ի կեսօրին են ասել, որ «էշ-էշ միտինգներով» ոչնչի չենք հասնի: Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական ցնծությամբ անկախ Հայաստանի ղեկավար ընտրվեց: Տարիների ընթացքում, հիասթափությանը զուգընթաց, «բլոկներով» բազմացան նաեւ նրանք, ովքեր պնդում էին, թե իրենք դեռ փետրվարի 20-ի իրիկնամուտից էին գլխի ընկել, որ ՀՀ առաջին նախագահը, սիոնիստ է, մասոն է, թուրքամետ է ու եսիմ էլ ինչ է: Հետո պարզվեց, որ անկախությանը ոչ թե ողջ ազգն է ասել «այո»՝ զուռնա-տրնգիներով ու խեղճ, անմեղ գառ-ոչխարների գլուխներն ուտելով, այլ դրանք ընդամենը մի խումբ ՀՀՇ-ածին ռեւանշիստներ են եղել: Իսկ ահա մնացյալի գերակշռող ներկայացուցիչները, դու մի ասա, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նույն մանկապարտեզում են տակները թրջել ու հենց այդ ժամանակվանից էլ նրան ասել են. «Շաշիկ ձան, թե փլկես, դու ես մեզ փլկելու»: Ուրացումը, ասել է թե, մեզ համար դեռ էն գլխից Փանոսի կնկա «չայ խմելու» պես սովորական մի բան է եղել: Ու սա հենց այն դեպքն է, որի աղետալի հետեւանքներից մեզ ոչ Շաշիկը, ոչ էլ «Գրանտիկն» ի զորու չեն «փլկելու»:

Թե փրկվենք, ապա միայն խոստովանելով, թե մինչեւ աքաղաղի կանչելը քանի անգամ ենք ուրացել մեր պետությունը, ինքներս մեզ, ու քանի արծաթով ենք ծախում մեր սկզբունքները (եթե ունենք): Որպես ՀՀ շարքային քաղաքացի, «օրինակ եմ ծառայում»՝ խոստովանում եմ մեղքերս: Ազատության հրապարակում «մշտական» ունեի, ընտրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին (նաեւ՝ երկրորդ անգամ), անկախությանն ասել եմ՝ ԱՅՈ: Թվարկածներիցս միակ քայլը, որ կասկածով եմ արել՝ երկրորդ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելն է եղել: Համենայնդեպս, չեմ զղջում, որ մնացած նախագահության թեկնածուներից որեւէ մեկին չեմ ընտրել: Հիմա էլ չէի ընտրի: Հետտերպետրոսյանական մե՞ղքս: Ամեն Աստծո օր, գրեթե «Հայր մերի» պես, ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից, որ Ռոբերտ Քոչարյանին նախագահ եմ ընտրել: Ու հեշտ չապրվող իմ կյանքը գնահատում եմ այսպես՝ երեւի արժանի եմ բոլոր այս փորձություններին, որովհետեւ իմ երազած պետության նախագահ եմ ընտրել մի մարդու, որը երբ ձեռքը դրեց մեսրոպատառ Աստվածաշնչին եւ Սահմանադրությանը ու երդվեց, հե՛նց այդ ձեռքը, դեռեւս, բացի իր տիրոջ ստորագրությունը «արտանկարելուց», մեսրոպյան որեւէ այլ տառ ինքնուրույն չէր գրել:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031