Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքաշինությունը՝ նաեւ բիզնես

Հունվար 27,2001 00:00
robert nazaryan

«Ես կարծում եմ, որ Երեւանը հնարավոր կլինի մաքրել, բարեկարգել եւ այլն, եւ այլն, եթե մենք այս քաղաքաշինության խնդիրները ճիշտ կազմակերպենք եւ դարձնենք նաեւ բիզնես։ Եւ ես լուրջ գումարներ եմ ակնկալում ճիշտ կազմակերպելու արդյունքում, որպեսզի քաղաքապետարանի բյուջեն համալրենք գումարներով։ Այս եւ նմանատիպ հարցադրումները՝ քաղաքի կեղտը, աղբը, սեւացած պատը մաքրելու եւ մյուս բաների համար։ Ուրիշ ճանապարհ չունենք։ Մեզ փող չեն տալու, հանրապետական բյուջեն մեզ գումար չի տալու։ Գնալ, դիմել, խոսել, կարգավիճակի հարց դնել, կռիվ տալ, պայքարել՝ նշանակում է որեւէ արդյունք չակնկալել։ Մենք պետք է բոլորը զուգահեռ անենք»,- երեկ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Վերջինս կոչ արեց բոլորին օպերատիվ եւ շատ արագ տեմպով աշխատել։

«Առավոտի» այն հարցին, թե քաղաքապետարանի «բիզնես» անելն ինչպես է պատկերացնում եւ ինչպես պետք է փողեր բերվի, Ռ. Նազարյանը պատասխանեց. «Ցանկացած հողահատկացում պետք է լինի մրցույթով՝ լինի դա վարձակալությամբ տրվող, թե անհատույց, կապված ինչ նպատակով է արվում այդ հողահատկացումը։ Ինչպես գիտեք, առանձնատների կառուցման ժամանակ կարելի է անհատույց տալ, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ վարձակալությամբ։ Մենք վարձակալության պայմանագիրը աճուրդով կամ մրցույթով ենք քաղաքապետի որոշումները կայացնելու։ Եվ արդյունքում կունենանք գումարներ»։

– Ասացիք, թե չեք ուզում առիթ լինի ասելու, թե այսինչը ձեր օրոք չի եղել։ Միեւնույն է, սակայն, պետք է վերանայեք որոշ հողահատկացումներ, ապօրինություններ։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում, թողնելու եք նո՞ւյնը։

– Փորձելու եմ այն, ինչ իմ կարծիքով, ճիշտ չի կատարվել կամ խեղաթյուրված է եղել՝ դեմն առնել եւ չպաշտպանվել նրանով, որ իմ օրոք չի եղել։ Ամեն ինչին տեր եմ լինելու էսօրվանից՝ ե՛ւ նախկինի, ե՛ւ իմ արածների համար։

Քաղաքապետի դուրն էլ չի եկել

Եվ կոնկրետ մի օրինակի՝ ՀՀ նախկին տրանսպորտի եւ կապի նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) «Անի» հյուրանոցի ուղղությամբ՝ նախկին «Ուրարտու» ռեստորանի տեղում կառուցվող օբյեկտի մասին։ Վերջինս չունի հաստատված նախագիծ, եւ, սակայն վաղուց սկսել եւ շարունակում է կառուցապատումը։ Ինչպե՞ս է վարվելու Ռ. Նազարյանը։

– Դա իմ դուրն էլ չի եկել, արդեն հանձնարարությունը ես տվել եմ գլխավոր ճարտարապետին։ Կամ հստակ պետք է ինձ ասեն՝ երբ է սկսվում, երբ է ավարտվում, բերեն ինձ աշխատանքների կազմակերպման նախագիծ, որը չի խաթարում քաղաքի տեսքը։ Հակառակ դեպքում ես չեղյալ կհամարեմ այդ հին որոշումը։

Ի դեպ, այդ օբյեկտը վաղուց արդեն կառուցապատվում է, քանի ամիս շարունակ մայթի վրա շինարարական հսկա կռունկ է կանգնեցված։ Մի սովորական քաղաքացու հետ ամենադաժան կերպով կվարվեին, եթե հսկա կռունկը բերեր-հասցներ կենտրոնական այդ փողոց, մայթին՝ շենքերի առջեւ կանգնեցներ։ Հնարավոր վտանգի մասին, ընդհանրապես, կառուցապատողի ու ոչ էլ քաղաքապետարանի մտքով չի էլ անցնում։

Ըստ մեր տվյալների, Է. Մադաթյանը փոքրիկ հյուրանոց եւ հանգստի վայր է այդտեղ կառուցում, ճարտարապետը Է. Սաֆարյանն է, որը դեռեւս հստակ չի էլ պատկերացնում՝ ինչպիսի լուծում պետք է ունենա քաղաքի կենտրոնական այդ խաչմերուկում հայտնվելիք շենքի տեսքը։ Բացի այդ, կասկած կա, թե Է. Մադաթյանն այդ տեղում բարձրահարկ շենք է ուզում կառուցել, որը կարող է փակել Վան Խաչատուրի՝ այդ հատվածում շենքի պատի վրայի երեւանցիներին վաղուց ծանոթ նկարը։ Փաստ է այն, որ եւս մի ապօրինի շինություն է սկսված. հերիք է միայն հիշել, որ Է. Մադաթյանը շինարարությունը սկսել է նախքան հաստատված նախագիծ ունենալը։ Տեսնենք, թե նոր քաղաքապետը, որը խոստացավ անողոք լինել (եւ այլն)՝ կոմպրոմիսի՞ կգնա, թե՞ չեղյալ կհամարի Է. Մադաթյանին տրված թույլտվության նախկին որոշումը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031