Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն հավատում իշխանություններին

Մարտ 15,2001 00:00
Samvel Babayan

Արցախցիների կարծիքով Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի անհամաձայնությունները անձնական հարաբերությունների ճշտում էր։

Համենայնդեպս, 1270 հարցման ենթարկվածների 37,8%-ը այդպես է մտածում։ 21,8%-ի կարծիքով՝ նախագահի ու պաշտպանության նախարարի հակադրումը կապված էր տնտեսական ոլորտների ազդեցության բաժանման հետ, իսկ 19,1%-ը համոզված է, որ նախագահ Ղուկասյանի ու Ս. Բաբայանի անհամաձայնությունները գաղափարական հակասության արդյունք էին։ Հարցման մասնակիցների 21,3%-ը չի կողմնորոշվել այս հարցում։

Հարցումը, որ ընդգրկում է եւս 12 ոչ պակաս ուշագրավ թեմա, անցկացրել եւ արդյունքները հրապարակել է ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտոնաթերթ «Ապառաժը»։ Վերջինս արդյունքները ամփոփող հրապարակման նախաբանում պարզաբանում է, որ ընտրված 1270 թիվը կազմում է ԼՂՀ-ի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 1,5%-ը։ Եվ «ըստ սոցիոլոգիայի կանոնների, նման թիվը առավել օբյեկտիվ է դարձնում հարցախույզի արդյունքները»։ Կառանձնացնենք միայն առավել ուշագրավ թեմաների առնչությամբ հարցումները։ Մասնավորապես, հարցին՝ «Գտնո՞ւմ եք արդյոք, որ իշխանությունները անում են իրենցից կախված ամեն ինչ ժողովրդի բարեկեցության համար», բացասական պատասխան են տվել քաղաքացիների 52%-ը, դրական պատասխան՝ միայն 7%-ը։ 38,4%-ի կարծիքով՝ «արվում է մասնակիորեն», իսկ 2,6%-ը չի կողմնորոշվել։

Հարցին՝ «Ձեր կարծիքով ի՞նչն է գերակա պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործունեության մեջ», 45,8%-ը նշել է անձնական շահադիտական նպատակները, 10%-ը՝ ազգային շահը, 8,4%-ը չի կողմնորոշվել։ Իսկ 35,8%-ի կարծիքով պետական այրերը խաղարկում են ազգային շահն ու անձնական շահադիտական նպատակները։ Հարցման մասնակիցների 22,3%-ի կարծիքով վերջին 6 տարիների սոցիալ-տնտեսական պրոբլեմների անլուծելի իրավիճակի համար պատասխանատու ենք մենք բոլորս։ 19,8%-ի կարծիքով պատասխանատու է նախագահը, 17,2%-ի կարծիքով՝ կառավարությունը, 11,7%-ի կարծիքով՝ Սամվել Բաբայանը։

Քաղաքացիների 70%-ի կարծիքով քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում իրավապահ մարմինների կողմից։ Հակառակ կարծիքի են միայն 16,2%-ը, իսկ 13,8%-ը չի կողմնորոշվել։

Հարցման մասնակիցների 80,9%-ի կարծիքով անհրաժեշտ են անհետաձգելի կադրային փոփոխություններ։ Նման անհրաժեշտություն չեն տեսնում 7,2%-ը, իսկ չկողմնորոշվածների թիվը կազմում է 11,9%։

Արցախցիները հավատ չունեն նաեւ նորընտիր ԱԺ-ի նկատմամբ։ 41,6%-ի կարծիքով ԱԺ-ն ի վիճակի չէ երկրում դրական տեղաշարժեր կատարել ի շահ ժողովրդավարության կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման։ Հակառակ կարծիքի է 11,4%-ը, իսկ 36,7%-ը մտածում է, թե «հարաբերական իմաստով հնարավոր է», որ ԱԺ-ն դրական տեղաշարժեր կատարի։ 10,3%-ը չի կողմնորոշվել։

Հարցման մասնակից ԼՂՀ քաղաքացիների 43,3%-ի կարծիքով Ա. Ղուկասյանի հայտարարած ժողովրդավարացման նոր ուղեգիծը գործնականում իրականացվում է մասնակիորեն։ 39,2%-ը գտնում է, որ այդ ուղեգիծը ընդհանրապես չի իրականացվում, իսկ չկողմնորոշվածների թիվը 11,6% է։

«Ապառաժը» նախաբանում տեղեկացնելով, որ հարցման անցկացմանը հիմնականում չեն խոչընդոտել, եզրակացնում է՝ «Այսպիսի հասկացողության, հանդուրժողական ու պատրաստակամ մթնոլորտը ինքնին արդեն խոսուն փաստ է՝ հօգուտ Ա. Ղուկասյանի հայտարարած ժողովրդավարացման ուղեգծի»։ Բայց անմիջապես էլ շեշտում, որ «գործող իշխանություններին, սակայն, կմնա մխիթարվել միայն սրանով», քանի որ վերջիններիս համար հարցման արդյունքները ամենեւին բարենպաստ չեն։

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031