Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉԻ ՕԳՏՎՈՒՄ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻՑ

Մարտ 16,2001 00:00
Vladimir Nazaryan

«Այստեղ բացակայում է իրավական պետությունը, բացակայում է ազգային հարստությունը, եւ բացակայում է քաղաքացիական հասարակությունը»,- ասում է իրավագետ Վլ. Նազարյանը, որն օրերս է վերադարձել Եվրախորհրդի Սահմանադրական հանձնաժողովի (նույն ինքը՝ Վենետիկի հանձնաժողով) նիստից։

Փոխարենը՝ մեզ մոտ շատ թարմ են ամբողջատիրական հակումները. «այսինքն պետության հակումը՝ դառնալ տոտալիտար, բռնապետական եւ այլն»։ Այդ դեպքում՝ ինչպես անել, որ պետությունն ունենա սոցիալական առաքելություն, բայց այդ առաքելությունն իրականացնի հօգուտ սոցիալապես թույլ անձանց եւ ոչ թե հիմք դառնա տոտալիտար պետություն ստեղծելուն։ Վլ. Նազարյանը գտնում է. «Լավ կլիներ մեր պետությունը 99 տոկոսով լիներ իրավական պետություն, հետո մեկ տոկոսով՝ սոցիալական»։ Այնուամենայնիվ, քննարկումները եւ հրապարակում եղած Սահմանադրական բարեփոխումների մի քանի փաթեթները՝ ասենք ՀԿԿ-ի տարբերակը կամ ԱԺՄ-ինը, կարծես թե ավելի շատ քաղաքականացված են եւ քաղաքական փոփոխություններ են ենթադրում։ Մի դեպքում՝ նախագահի լիազորությունների պակասեցման հարց է դրվում, մյուս դեպքում՝ դրան գումարվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու խնդիրը։ Վլ. Նազարյանի կարծիքով. «Խորհրդարանական հանրապետության հարցը քննարկումից դուրս է շատ պարզ պատճառով՝ խորհրդարանական հանրապետությունը կուսակցական պետությունն է։ Դա հնարավոր է այն պետություններում, որտեղ 2-3 կուսակցություններ կան։ Իսկ վերցնել եւ մեր փխրուն պետականությունը հանձնել 94 կուսակցության հայեցողությանը, մենք օբյեկտիվորեն պետք է այդ հարցը չքննարկենք, որովհետեւ անքննարկելի է»։

Վլ. Նազարյանը գտնում է, որ այդ մասին կարելի է խոսել 5-10 տարի անց, երբ ընդունված կլինի «Կուսակցությունների մասին» օրենքը. «Երբ կունենանք բանական քանակի կուսակցություններ»։ Իսկ նախագահի լիազորությունների հա՞րցը։ Ըստ Վլ. Նազարյանի, ամենադժվարը ոչ թե նախագահի, այլ «վարչապետի հարցն է՝ պետք է հասկանալ, թե ո՞վ է վարչապետը»։ Վարչապետի ով լինելը հասկանալուց հետո սահուն անցում կատարեց ԱԺ-ին. «Պարզվում է, եղած Սահմանադրության մեջ ԱԺ-ն չի օգտվում անմեղության կանխավարկածից։ Օրինակ, դո՛ւ Մարգո, ես, անմեղության կանխավարկածից օգտվում ենք, այսինքն՝ մենք պետք է մեղք գործենք, որ մեզ պատժեն, բայց ԱԺ-ին կարելի է արձակել առանց մեղքի։ Անթույլատրելի է»։ Սա պրն Նազարյանը շատ լուրջ հարց է համարում եւ նոր հայեցակարգով անպայման կթվարկվեն այն «մեղքերը», որոնց դեպքում միայն կարելի կլինի ցրել ԱԺ-ն։ Կվերանայվեն նաեւ գործադիր իշխանության նորմաստեղծ, իրավաստեղծ լիազորությունները։ Գործադիր իշխանությունը նոր իրավունքի նորմեր կարող է ստեղծել միայն օրենսդիրի հանձնարարությամբ՝ կոնկրետ դեպքերում։ Կվերանայվեն նաեւ նախագահի լիազորությունները։ Պարոն Նազարյանը կարեւորում է նաեւ դատական իշխանությունների հետ կապված հարցերը. «Գործադիր իշխանությունը շատ մեծ ցանկություն ունի դատական իշխանությունն իր գրպանը դնել։ Եղած Սահմանադրությունը, ցավոք, այդ հնարավորությունը ընձեռում է»։

Առաջարկներից մեկն այն է լինելու, որ դատավորները դառնան «ինքնակառավարվող կորպորացիա», երբ դատավորների զանգվածների, նրանց կողմից կատարված իրավախախտումների քննության նախաձեռնողը լինեն իրենք՝ դատավորները եւ ոչ թե արդարադատության նախարարությունը։ Դատական բարեփոխումներին վերաբերող միջոցները ծախսվեն դատարանների նախագահների միջոցով, որպեսզի դատարանները որեւէ կախվածության մեջ չլինեն գործադիր իշխանությունից։

«Առավոտի» հարցին՝ հնարավոր չէ՞ր ժամանակին այնպիսի Սահմանադրություն գրել, որ այսքան փոփոխվելու կարիք չունենար, պրն Նազարյանը պատասխանեց. «ԱԺ-ն արձակելուն, նախագահի լիազորությունների ճշգրտմանը եւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցերը հենց Սահմանադրությունն ընդունելու ժամանակ էլ կային, եւ եթե անկեղծ լինենք՝ այդ երկու հարցերը լուծելուց հետո եղած Սահմանադրությունը շատ լավ Սահմանադրություն է»։ Մյուս կողմից՝ եթե բարեփոխում ենք, հիմնավոր բարեփոխենք. «Ես ուրախ եմ, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարցն ենք հիմնավոր նայում, իրավական, սոցիալական պետության փոխհարաբերությունների հարցը, տոտալիտարիզմի հնարավոր հետեւանքներն արգելակելու հարցը, դատական իշխանության բարեփոխման հարցը»։ Իսկ ավելի կարճ՝ նորմալ պետության Սահմանադրությունը պետք է կազմված լինի «մեկ գլխից՝ մարդու իրավունքներից եւ ազատություններից»։

Այս ամենը՝ ըստ Վլ. Նազարյանի եւ ըստ Եվրախորհրդի հանձնաժողովին մայիսին ներկայացվելիք հայեցակարգի։ Բայց դեռեւս հայտնի չէ, թե փոփոխությունների ի՞նչ շրջանակ է առաջարկելու նախագահին կից հանձնաժողովը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031