Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿԱՐՈՏ ԷԻՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ

Մարտ 22,2001 00:00
dasakan

Ութ տարի Հրազդանում դասական երաժշտություն չէին լսել…

Մշակույթն է այն այցեքարտը, որով երկիրը ներկայանում է աշխարհին։ Մշակույթով ենք, թերեւս, գոյատեւել ու հասել մեր օրերը։ Իսկ այսօր մշակութային կյանքը մարզերում (այն էլ՝ Երեւանին շատ մոտիկ), կարելի է ասել, մեռած է։ Ասենք, օրինակ, Հրազդանում։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Անահիտ Նազարյանի խոսքերով, «շուրջ 8-9 տարի դասական երաժշտություն չեն լսել», եւ «ընդհանրապես մշակութային որեւէ լուրջ միջոցառում քաղաքում չի ձեռնարկվել»։ Թերեւս հենց այս բացը լրացնելու եւ մարզերում հոգեւոր սնունդ սերմանելու միտումով է Հայաստանի պետական կամերային նվագախումբը նախաձեռնել հանրապետության մարզերում բարեգործական համերգների իր ծրագիրը։ Ու այդ շնորհակալ գործը կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, սկսեց մարտի 19-ին։ Կամերայինը այս տարվա անդրանիկ բարեգործական համերգով հանդես եկավ Հրազդանում։

Եվ միջազգային ամենահարմարավետ դահլիճներին ու բեմերին սովոր նվագախումբը մեծ պատրաստակամությամբ ելույթ ունեցավ Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շատ ցուրտ ու անհրապույր դահլիճում։ Ի դեպ, կենտրոնի տնօրենն ասաց, որ դահլիճի ջեռուցման համակարգը «արդեն 20 տարի չի աշխատում ու երբեւէ չեն էլ փորձել նորոգել։ Իսկ ինչն էլ դահլիճում վերանորոգել ենք, արվել է ընկեր-բարեկամների միջոցով»։

Այդուհանդերձ, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ա. Ղարաբեկյանը վստահեցնում է, որ «ժողովրդին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելու, հոգեւոր սննդի պակասը լրացնելու համար նաեւ որոշակի դժվարությունների պետք է հարմարվել»։ Ու, չնայած ցրտին, 450 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր։ Հրազդանցիները առանձնահատուկ վերաբերմունքով, մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ ընդունեցին նվագախմբին։ Չայկովսկու, Գրիգի եւ Կոմիտասի ստեղծագործությունների փայլուն կատարումներով հանդես եկավ հիրավի վիրտուոզ նվագախումբը։ «Հրազդանցին կարոտ է դասական երաժշտության, հատկապես այսպիսի էլիտար կատարման։ Եվ այս նախաձեռնությունը շատ ողջունելի է ու գնահատանքի արժանի»,- ասաց քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչը։ Կամերային նվագախմբի բարեգործական դեբյուտը շատ հաջողված էր ու իսկապես ծառայեց նպատակին։ Համերգի ավարտին Ա. Ղարաբեկյանը իր գոհունակությունը հայտնեց նվագախմբի արտիստներին։ Մաեստրոն հուզված էր. «Մի փոքրիկ աղջնակ 4 տարի թավջութակ էր նվագել, բայց երբեւէ թավջութակի կենդանի կատարում չէր լսել»։

Իսկ այսօր նվագախումբը կմեկնի Մեծամոր, ուր ելույթ կունենա ատոմակայանի աշխատակիցների համար։ Նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանն ասաց, որ, մարզերից բացի, բարեգործական համերգ կունենան նաեւ Երեւանի պետական համալսարանում՝ ուսանողների համար։ Հուսանք, որ կամերային նվագախումբը իր բարեգործական այս ակցիան կշարունակի նույն խանդավառությամբ։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031