Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱԹՈՌՆԵՐԸ ՃՈՃՎՈՒՄ ԵՆ

Մարտ 27,2001 00:00
andranik margaryan

Կառավարության կազմը գրեթե եռամսյակը մեկ փոփոխելը արդեն ավանդույթ է դառնում մեր հանրապետությունում։ Այս կազմի փոփոխությունից արդեն անցել է 3 ամիս, ուստի պատահական չեն կուլիսներում ընթացող խոսակցությունները սպասվող փոփոխությունների մասին։

Խոսակցությունները հիմնականում պտտվում են կառավարության առանցքային պորտֆելակիրների շուրջ. ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ անշուշտ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի։

Իր խոստովանությամբ՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում դեռեւս կաշառք չվերցրած Վարդան Խաչատրյանի պաշտոնանկության համար համենայնդեպս արդեն հող նախապատրաստվում է։ Բոլորովին էլ պատահական չէր կամ, ավելի շուտ, նպատակային էր այն փաստը, որ պետական քարոզչամիջոցը ցուցադրեց կառավարության անցած նիստի հատկապես այն պահը, երբ այդ օրը «առյուծի կաթ» խմած վարչապետը զայրացած բղավում էր ֆինանսների նախարարի վրա։ Վ. Խաչատրյանը հանդգնել էր ասել, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը աճուրդ կազմակերպող կազմակերպություն չէ։ Ու այս հանգամանքը խիստ վրդովվեցրել էր ՀՀ վարչապետին ու նա ստիպված էր Վ. Խաչատրյանին հիշեցնել, որ դա Վազգեն Սարգսյանի նախանշած ուղին է։

«Դու, ի՛նչ է, ուզում ես շեղվե՞լ այդ ուղուց»,- չէր հանգստանում Անդրանիկ Մարգարյանը։ Իսկ այս արտահայտությունը վերջն է։ Իհարկե, Վարդան Խաչատրյանի նախարարությամբ հաստատվեց 2001թ. պետական բյուջեն, բայց նրա առջեւ բոլորովին այլ խնդիր էր դրված՝ հաջողացնել էլեկտրական բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը։ Հաշված օրեր են մնացել բաշխիչ ցանցերի մրցույթի հայտերի բացմանը: Դրա կայացման համար Վարդան Խաչատրյանը հնարավոր ամեն ինչ արել է՝ նույնիսկ խորհրդարանում (նախկին գործընկերների շարքում) թշնամիներ ձեռք բերելու գնով։ Հետեւաբար, բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը հաջողացնելուց (նաեւ չհաջողելու դեպքում) հետո կառավարությունը կփորձի ազատվել Վարդան Խաչատրյանից։ Հիշո՞ւմ եք, ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանի պաշտոնանկությունն ինչպես կազմակերպվեց։ Նախ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անձամբ այցելեց պետական եկամուտների նախարարություն՝ բարձր հարկահավաքության համար Գագիկ Պողոսյանին շնորհակալություն հայտնելու եւ ժամացույցներ նվիրելու։ Ապա, կարճ ժամանակ անց, Գագիկ Պողոսյանը պաշտոնանկ արվեց։

Արդեն բավական ժամանակ է, չեն դադարում խոսակցությունները ՀՀ պետական եկամուտների ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Չնայած այն հանգամանքին, որ, պաշտոնական տվյալների համաձայն, Անդրանիկ Մանուկյանը հարկահավաքության հարցում իրեն արդարացնում է։ Բայց… չենք կարծում, թե պատահական էր այն փաստը, որ ՀՀ նախագահը իր բարձրությունից իջնելով օրերս անձամբ այցելեց պետական եկամուտների նախարարություն։ Ու հանդիպման ժամանակ էլ ակնարկեց, թե պետեկամուտների նախարարությունը պետք է նպաստի արտահանմանը։ Աչքի առաջ ունենալով Գագիկ Պողոսյանի «դառը փորձը», թերեւս արժե, որ Անդրանիկ Մանուկյանը մտահոգվի նախագահի այցելությամբ։

Անցած տարվա մայիսին, երբ վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը՝ քաղաքական շրջանակներում խոսում էին այն մասին, թե նա այդ պաշտոնում մինչեւ սեպտեմբեր ամիսն է նշանակված։ Հիմա այդ նույն շրջանակները շեշտում են՝ «Մալադեց, Անդո, լավ էլ դիմացավ»։ Բայց այդ նույն լավ դիմացած Անդրանիկ Մարգարյանի գլխին էլ սեւ ամպեր են կուտակվում։ Արդեն խորհրդարանի միջանցքներում այդ մասին խոսակցություններ պտտվում են։ Նույնիսկ որոշ պատգամավորներ հասցրին հերքել իրենց հնարավոր թեկնածությունը ապագա վարչապետի պաշտոնում։ Ավելացնենք. խորհրդարանական անուններից բացի, հերթական վարչապետի պաշտոնում շրջանառվում են նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի անունները։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031