Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-Ն «ԺՈՒՉՈԿՆԵՐ» ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Հուլիս 11,2002 00:00

ՆԳՆ-Ն «ԺՈՒՉՈԿՆԵՐ» ՉԻ ՈՒՆԵՑԵԼ Ուժային միջամտության անհրաժեշտություն չկա՞ր «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատակոչվել էին նախաքննական մարմնի կողմից տուժողներ ճանաչված ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն ու ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը։ Տուժող Ս. Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչպես է ժամը 16.35-ին ներկայացել Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Դահլիճի հետեւի դռնից մտել է ներս՝ տեղ զբաղեցնելով բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի կողքին։ Տուժողն ասաց, որ նախորդ օրը, կապված կաթողիկոսական ընտրությունների հետ (իր գերատեսչության կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելով), ինքն ուշ էր գնացել տուն եւ, բնականաբար, հոգնած լինելով, աչքը կպցրել էր նիստերի դահլիճում։ «Դժոխքը սկսվեց, կրակոցներ, հայհոյանք, անասնական վիճակ էր, հոտի կարգավիճակ։ Ոչինչ չէին գիտակցում»,- ներկայացրեց նա եւ ապա շարունակեց, որ հատակի սառնությունից սթափվել է, մտածելով, թե դեսանտ է իջել։ (Ի դեպ, նախկին նախարարը հայտնեց, որ ուժային կառույցների ներկայացուցիչներից այդ օրը Երեւանում էր գտնվում միայն ինքը, ԱԱ նախարարը Ղարաբաղում էր, պաշտպանության նախարարը՝ տարածաշրջանում, Գլխավոր շտաբի պետը՝ Սյունիքում)։ Այդ ժամանակ էլ սկսվում է նրա փնտրտուքը։ Ս. Աբրահամյանն ասաց, որ ինչ-որ մեկը («տականքներից») լկտի արտահայտություն է արել իր նկատմամբ, բայց ի պատիվ կառավարության անդամների եւ պատգամավորների, բոլորը պնդել են, որ ՆԳ նախարարը խորհրդարանում չէ։ Վիրավորներին դուրս հանելու ժամանակ էլ Հրայր Հովհաննիսյանը դիմել է իրեն, որ «օգնի» եւ այլ անվան տակ Ս. Աբրահամյանը հայտնվել է դահլիճից դուրս։ Ըստ տուժողի, դահլիճից դուրս ինքն առաջինը տեսել է քրեական հետախուզության վարչության պետին, 6-րդ վարչության պետին, հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներին։ Տուժողին զեկուցում են, ի պաշտոնե, որ հանրապետության նախագահը գտնվում է ԱԺ-ում։ Տուժողը ԱԺ-ում է մնում մինչեւ ժամը 21.35-ը, ապա Հայկ Հարությունյանին (այն ժամանակ՝ իր տեղակալ, ներքին զորքերի հրամանատար) ուղարկում է պաշտպանության նախարարություն, քանի որ, ըստ նրա, «ինֆորմացիա ունեինք, որ զորք է շարժվում քաղաք»։ Հետագայում ինքն է հայտնվում ՊՆ-ում։ Պատասխանելով մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցին, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին ոստիկաններ եղե՞լ են ԱԺ-ում եւ ո՞վ էր համակարգում նրանց աշխատանքները, պարտադի՞ր էր, որ նրանք զբաղեցնեին որոշակի դիրքեր, նախկին նախարարը տեղեկացրեց, որ սովորաբար եղել են ոստիկաններ, «բայց այդ մակարդակում քիչ էին եւ թույլ» եւ որ նրանց աշխատանքները կոորդինացնում էր ՆԳՆ արտագերատեսչական պահպանության վարչության ստորաբաժանումը (ներկայիս փոխնախարար Հովհաննես Վարյանի գլխավորությամբ)։ Վերջինս այդ օրը գտնվել է Էջմիածնում՝ սպասարկելով կաթողիկոսական ընտրությունները։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին հետաքրքրում էր այդ օրվա մարտական պատրաստվածության վիճակն ընդհանրապես։ Հետաքրքիրը Ս. Աբրահամյանի պատասխանն էր, որ ուժեղացված ռեժիմի, լրացուցիչ ուժի անհրաժեշտություն չի եղել. «Սովորական խաղաղ օր էր, Աստծո հետ հաղորդակցման օր էր» (վերջին դեպքում ակնարկելով կաթողիկոսական ընտրությունները)։ Նախարարը տվյալ դեպքում հավանաբար մոռացել էր իր իսկ ասածը «Առավոտին»։ Մեջբերենք 1999թ. հոկտեմբերի 27-ի «Առավոտ» թերթում տպագրված խմբագրականից այս հատվածը. «Հանրապետության 15 շիկացած կետերին, հատկապես Երեւանին (Ավան-Առինջ, Էրեբունի), Վանաձորին, Աբովյանին, Գավառին, Սիսիանին, Վաղարշապատին, Մեծամորին կցված են ՆԳ համակարգի պաշտոնատար աշխատակիցներ։ Ներգրավված են պահուստային ուժեր։ Հոկտեմբերի 21-ից ուժեղացված է աշխատանքային ռեժիմը, հոկտեմբերի 23-24-ը զորանոցային ռեժիմ է մտցված։ Պատշաճ կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման նպատակով ներգրավված են նաեւ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատի հատուկ կազմը՝ 300-ական մարդ օպերատիվ քննչական խմբից եւ քննչական ապարատից, պետանվտանգության պահեստային զորամասերը, ՆԶ զորամասերը եւ պետավտոտեսչությունը։ Ուժեղացված է կառավարական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների, նրանց կից տարածքների, հասարակական եւ պատմամշակութային օբյեկտների հսկողությունը։ Երբ նման միջոցառումների մասին հրապարակայնորեն եւ պաշտոնապես հայտարարում է հանրապետության ՆԳ նախարարը, առաջինը միտքդ է գալիս, որ ինչ-որ արտակարգ բան է պատահել։ Ասենք, տարերային աղետ, կառավարական հեղաշրջում, արտակարգ իրավիճակ։ Ոչ մի լուրջ բան, սակայն, չի կատարվել։ Պարզապես մեր հանրապետությունում անցած կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն էին, ընտրում էինք թաղապետին եւ ավագանիներին։ Ահա ռազմական դրության կառավարական օբյեկտների, դեսպանատների եւ կարեւոր պատմամշակութային հաստատությունների պահպանման պատճառը։ «Դա ծիծաղելի չէ, դա անհրաժեշտություն է»,- պարզաբանեց ՆԳ նախարարը»։ Թե՛ մեղադրող Հ. Մարտիրոսյանին, թե՛ մասնավորապես հանգուցյալ վարչապետի իրավահաջորդի ներկայացուցիչ Օ. Յունոշեւին հետաքրքրում էր, թե ինչու է տուժողը գնացել պաշտպանության նախարարություն։ «Որպեսզի ՊՆ-ի եւ իմ գերատեսչության միջեւ հանկարծ թյուրիմացություններ չլինեին»,- պատճառաբանեց նա։ Սակայն այդպես, համենայնդեպս, չընկալեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, որի տպավորությամբ, ՆԳ նախարարը մեկուսացված է եղել։ Ի դեպ, նա էլ ուշադրություն հրավիրեց ահաբեկչի՝ իր նախկին ընկերոջ հետ (Ալիկ Հարությունյան) հանդիպման կազմակերպման հանգամանքի վրա։ Ստացվեց այսպես. ՆԳՆ-ն «ժուչոկներ» չի ունեցել, հետեւաբար, այդ ժամանակ լինելով ԱԺ-ում «գործող» միակ ուժային կառույցը, բաց է թողել ահաբեկչին եւ նրա ընկերոջը ձայնագրելու հնարավորությունը։ Պատասխանելով Օ. Յունոշեւի հարցին, թե արդյոք տուժողը տեղյա՞կ էր, որ ՌԴ դեսպանն է խորհուրդ տվել ՀՀ նախագահին, որպեսզի կանչվի ռուսական «Ալֆան», տուժողը տեղեկացրեց, որ նման տեղեկատվություն չի ունեցել, որ «Ալֆային» դիմավորել է ներկայիս նախարար Հայկ Հարությունյանը, իսկ հանդիպումն էլ կայացել է պաշտպանության նախարարությունում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել