Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՆՁԻ ԺԱՆԳԸ ՄԱՇԵՑՆՈՒՄ Է ՆՐԱ ՀՈԳԻՆ»

Հունիս 24,2003 00:00

«ՆԱԽԱՆՁԻ ԺԱՆԳԸ ՄԱՇԵՑՆՈՒՄ Է ՆՐԱ ՀՈԳԻՆ» Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանի հետ – Ժամանակ առ ժամանակ Պ. Հայրիկյանի կողմից մեղադրանքներ են հնչում Ա. Մարգարյանի հասցեին, մասնավորապես այն մասին, թե երկրի այսօրվա վարչապետն իբր ժամանակին եղել է ՊԱԿ-ի կամակատար։ Որպես նույն ժամանակահատվածում ԱՄԿ անդամ, նաեւ քաղբանտարկյալ, համաձա՞յն եք հնչող մեղադրանքներին։ – Ցանկացած ԱՄԿ-ականի համար գաղտնիք չէ, որ հունիսի 20-ը ԱՄԿ-ի հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Զատիկյանի ծննդյան օրն է։ Եվ հանրապետականները ավանդույթ են դարձրել այն նշելը։ Կարծում եմ, Հայրիկյանը պատահաբար չի ընտրել այդ օրը եւ գրեթե բոլոր հեռուստաալիքներով կեղծ մեղադրանքներ հնչեցրել հանրապետականների հասցեին։ Հայրիկյանի կողմից հնչող մեղադրանքները բնավ չեն համապատասխանում իրականությանը։ Հայրիկյանն այսօր տառապում է անբավարարվածության սինդրոմով։ Նա կարծում է, որ եթե ինքն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարության ծնող, անկախության մարտիկ եւ առաջնորդ, ուրեմն ժողովուրդը պետք է իրեն ձայն տա։ Սակայն այսօր ժողովուրդը նրան ձայն չի տալիս, որովհետեւ շատ լավ ճանաչում է՝ ով ով է, քանի որ Հայրիկյանն ի սկզբանե չի եղել ազգային գործիչ, եղել է ընդամենը քաղաքական գործիչ։ Ցավում եմ, որ ստիպված եմ այս թեման հանրության քննարկման առարկա դարձնել։ Բայց քանի որ արդեն անցնում է էթիկայի սահմանները, ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներ հասցնելը, եւ քանի որ այդ մեղադրանքները շարունակական են, որպես ԱՄԿ հնագույն անդամ, ես չեմ կարող անտարբեր մնալ եւ պիտի ասեմ։ Ստեփան Զատիկյանը այն կարծիքին էր, թե մենք մի թռուցիկի եւ մի թերթի համար իրավունք չունենք մեր տարիները շռայլել ազատազրկման վայրերում։ Եվ եթե կա փոքր-ինչ իրական հնարավորություն այդտեղից շուտ վերադառնալու, ուրեմն պետք է օգտագործել այդ հնարավորությունը։ Ստեփան Զատիկյանի այս մտքին հետեւել է նաեւ Անդրանիկ Մարգարյանը, մնացածը կյանքն է ցույց տալիս։ Անդրանիկ Մարգարյանն իր ամբողջ կյանքում ապրել ու պայքարել է հանուն անկախության։ 1976-ից մինչ այսօր Ա. Մարգարյանի կյանքում չեմ տեսել մեկ օր, որը նա ապրած չլիներ հանուն անկախության։ Դեռեւս 70-ականներից տարբերակում կար ԱՄԿ-ի մեջ՝ Զատիկյանական թեւ եւ Հայրիկյանական թեւ։ Հայրիկյանը շատ հեռացավ մեր արմատներից։ Նա երբեք խարիսխ չի գցել այս հողի վրա։ Միշտ եղել է արեւմտյան հոգեբանության եւ մտածողության տեր եւ, պատահական չէ, որ 74-ին ամենաապազգային որոշումը կայացրեց՝ պառակտել ԱՄԿ-ն, որն իբրեւ լիդեր ընդունում էր Ստեփան Զատիկյանին։ Այն ժամանակ իր տերերին նա ուղղակի խոսք էր տվել, որ Հայաստանում ազգայնական ուժեր չեն լինելու։ Ու երբ մենք փոխեցինք մեր գործունեության մարտավարությունը, իրեն չհայտնեցինք այդ մասին, որովհետեւ ուղղակի չէինք վստահում։ Հայրիկյանական որոշումը, իրեն բնորոշ ձեւով, ՊԱԿ-ը իրագործեց 3 տարի հետո։ Ու եթե զուգահեռներ ենք ուզում անցկացնել, թե ով ով է, ով է ՊԱԿ-ի կամակատարը, ուրեմն այս ցնցող փաստը, կարծում եմ, արդեն կարելի է հրապարակել եւ այն ինչ-որ բան ասում է Հայրիկյանի մասին։ Ազգային եւ ոչ ազգային այդ վեճը կար դեռեւս Զատիկյանի կենդանության օրոք։ Կար նաեւ չար նախանձի ժանգը, որը մաշեցնում է նրա հոգին։ Նա չի հասկանում, թե ինչպես է, որ ինքը ժողովրդի քվեն չի ստանում, իսկ Հանրապետականը եւ Անդրանիկ Մարգարյանը բարձր քվե են ստանում։ Ես որեւէ մեկի հասցեին վատ բան ասելու ցանկություն չունեմ։ Բայց քանի որ Ա. Մարգարյանին շատ վաղուց եւ շատ լավ եմ ճանաչում (35 տարի մենք կողք կողքի պայքարի ճանապարհ ենք անցել), կարծում եմ, ամոթ է այդպիսի մեղադրանքներ հնչեցնել մարդու մասին, որի համար հայրենասիրությունը ժամանակի ընդհատում չի ունեցել։ Մի փաստի մասին եւս. ԱՄԿ նախկին անդամները այսօր ոչ թե Հայրիկյանի, այլ Ա. Մարգարյանի կողքին են, գրեթե բոլորը։ – Այնուամենայնիվ, համաձայնեք, որ առանց հիմքերի նման մեղադրանքներ հնչեցնելը դժվար է։ Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ Հայրիկյանը հնչեցնում է այդ մեղադրանքները։ – Ես դա վերագրում եմ հիվանդության եւ լուրջ չեմ ընդունում։ Պ. Հայրիկյանի մոտ հիվանդագին մտքեր են գալիս եւ նա մտածում է, թե մահից հետո Քրիստոսը խաչը տվել է իրեն։ Տարիներ առաջ էլ նա հայտարարեց, որ Հայրիկյանի պես մարդիկ ծնվում են 1000 տարին մեկ։ Եթե մարդն ինքն իր մասին է այսպիսի կարծիքի, ուրեմն նրա տերերը նրա վրա լավ են աշխատել եւ ասել են, որ ամենահանճարեղն է, ամենատաղանդավորը, եւ որ աշխարհն առանց իրեն անօգնական կլինի։ Նրա հիվանդագին մտասեւեռումները, պարզվում է, չեն ավարտվում միայն Անդրանիկ Մարգարյանով։ Ըստ Հայրիկյանի, Հայաստանի կեսից ավելին գործակալներ են, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, իր իսկ կուսակցությունը լքած երբեմնի զինակիցները եւ այլն։ Սեփական ցածր վարկանիշը եւ քաղաքական պայքարում պարտությունների պարբերականության մեղքն այլոց վերագրելը, կարծում եմ, բարոյական չէ, եւ Հայրիկյանը սա պետք է հասկանա։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30