Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Հոկտեմբեր 01,2003 00:00

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Հայ-թուրքական սահմանի փոխարեն հայ կոմունիստներն առաջարկում են աբխազական երկաթգիծը բաց անել Չնայած ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, միեւնույն ժամանակ նա գտնում է, որ «ինչքան հարեւան երկրների միջեւ հարաբերությունները, բոլոր առումներով, լավ լինեն՝ այնքան երկու երկրներն էլ կշահեն։ Դա ապացուցել են նաեւ Սովետական 70 տարիները»,- ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը, հավանաբար, նկատի ունենալով ԽՍՀՄ լավ հարաբերությունները, ասենք, Աֆղանստանի հետ։ Բայց, ինչ վերաբերում է մեր թուրք հարեւաններին՝ «հայ-թուրքական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ պետք է մոռացության տրվի եւ զրոյական տարբերակից սկսենք հարեւանություն անելը»։ Պրն Թովմասյանի համար տարօրինակ է, որ՝ «Մի կողմից «հիանում» ենք, որ մեր նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ խոսեց հայոց ցեղասպանության մասին, միեւնույն ժամանակ, այսօր խոսում են առանց նախապայմանների սահմանի բացման մասին»։ Ուստի, ՀԿԿ-ն, ըստ առաջին քարտուղարի, երբեք չի կարող համաձայնել այդպիսի բանակցությունների հետ, որովհետեւ՝ «նախ պատմական ամբողջ փորձը մեզ թույլ է տալիս, որպեսզի ոչ միայն զգուշությամբ մոտենալ, այլ, ընդհանրապես, բավականին՝ նույնիսկ հարձակողական մոտենալ այդ հարցերին։ Մենք ասելիք ունենք ինչպես թուրքերի նախնիներին, այնպես էլ ներկայիս կառավարությանը»։ Ռուբեն Թովմասյանը համոզված է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումով, առաջին հերթին մեր երկրի դռները բացվում են ՆԱՏՕ-ի առջեւ, ուստի՝ «դա կոպիտ սխալ կլինի»։ Նկատեցինք, որ եթե Հայաստանը հետաքրքրություն ներկայացնի ՆԱՏՕ-ի համար, ապա վերջինս չի դիմի Թուրքիայի միջնորդությանը եւ ավելի տրամաբանական կլինի անմիջական առաջարկը։ Ռ. Թովմասյանը պատասխանեց. «ՆԱՏՕ-ի կողմից ինչպիսի առաջարկություն էլ լինի Հայաստանի իշխանություններին, եթե նրանք մի քիչ ողջախոհ են եւ մի քիչ մտածում են Հայաստանի մասին, ապա պետք է հիմք ունենան հայ-ռուս ժողովուրդների 300 տարվա բարեկամությունը եւ ամբողջությամբ դեմքով շուռ գան դեպի Ռուսաստան։ Երբեւէ մտածել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին՝ դա քաղաքական կարճատեսություն կլինի։ Միայն ու միայն Ռուսաստան։ Խոսում են սահմանների բացումից, լավ կլիներ բոլոր քաղաքական եւ տնտեսական հնարավորությունները ներդնեին՝ Աբխազիայի երկաթգիծը բաց անեին, որովհետեւ դա մեզ համար կյանքի նշանակություն ունի»։ Սահմանի բացման պարագայում, թիվ մեկ կոմունիստը գտնում է, որ «մեր երկիրը կլցվի թուրքական էժանագին ապրանքներով», մեր երկիր կխուժեն «առանձին խմբեր ու խմբավորումներ» ու «երկրի տնտեսական հզորությանը վտանգ կսպառնա», «այլ երկրների ապրանքների թուրքական կրկնօրինակները» կներխուժեն Հայաստան։ Իսկ դրա հիմնական նպատակն, ըստ մեր զրուցակցի, տեղական արտադրության ձախողումն է։ Դրա համար էլ Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայմաններից մեկը Ռ. Թովմասյանը դիտարկում է՝ «100%-ով ապրանքաշրջանառության պարագայում 40- 70%-ը Հայաստանի տեղական արտադրանքը պետք է արտահանվի Թուրքիա»։ Ընդ որում, հատկապես, լայն սպառման ապրանքները։ Մանավանդ, որ ՀԿԿ առաջնորդն այն կարծիքի չէ, որ դրանք մրցունակ չեն։ Բացի այդ, Ռ. Թովմասյանը համոզված է, որ «լրջորեն պետք է հաշվի նստել սփյուռքի հետ», ուստի ՀԿԿ-ն շարունակում է մնալ նույն համոզմանը. «ոչ մի բան ընդունելի չէ, մինչեւ Թուրքիան չընդունի պատմական իրողությունը։ Ես լավ եմ հասկանում եւ ընդունում հարեւանի հետ լավ հարաբերությունների գինը, բայց հարեւանն էլ պիտի հարեւանություն անի եւ ամեն րոպե պատրաստ չլինի՝ օգտվելով իր այսօրվա հզորությունից, խեղդել (խոսքը քաղաքականապես խեղդելու մասին է.- Ն. Գ.) փոքրիկ Հայաստանը»։ Իսկ պարոն Թովմասյանը համոզված է, որ «հիմնական նպատակներից մեկը դա է»։ Ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր զրուցակիցը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Համարձակ պատասխաններ ենք տալիս այս կամ այն երկրին։ Եթե ոչ ոք Հայաստանին բան չասի, մեր պետական այրերը չեն անհանգստանա ու անհանգստացնի որեւէ մեկին։ Պատասխանող երկիր են միայն։ Բայց մենք նաեւ պահանջկոտ ենք։ Հարցադրումներ ունենք աշխարհին»։ «Գուցե չե՞նք կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ ենք պահանջելու» հարցին՝ պատասխանը եղավ. «Բա էլ ե՞րբ ենք կողմնորոշվելու. աշխարհի վերաբաժանման հարցերում եռուզեռը գնում է։ Իսկական կողմնորոշվելու ժամն է, մի բան էլ բաց ենք թողել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել