Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»

Հոկտեմբեր 01,2003 00:00

«ԱՊԵՐԻ» ԿԻՆԸ՝ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ» Մեր նման ժողովրդավարական երկրներում դատախազն ինքն է վկային դատարան բերում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ընթացող դատաքննության երեկվա նիստը ավանդույթի համաձայն սկսվեց ուշացումով: Բայց մինչեւ դատարանը կանցներ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» ցուցմունքներին, ոստիկանի ուղեկցությամբ դահլիճում հայտնվեց «Ապերի» կինը՝ Գայանե Մելքոնյանն ու հայտարարեց, որ ուզում է հայտարարություն անել: Ավելի ուշ պարզվեց, որ դատարանում գտնվելու իրավունք չունեցող վկան այստեղ էր հայտնվել մեղադրող Զելիմ Թադեւոսյանի «շնորհիվ»: Ըստ մի քանի ականատեսների, նրան իր հետ միասին մենքենայով մեղադրողն ինքն էր բերել: Վկան պնդեց, թե ինքն այլեւս չի ուզում սպասել, որ իրեն ահաբեկում են անանուն զանգերով եւ հռետորական հարցադրում արեց, թե իրեն ով է պաշտպանելու, ապա՝ ցույց տվեց ձեռքին բռնած թղթի մի կտոր ու հայտարարեց, թե այդ գրությունն ինքը ոչ մեկին ցույց չի տվել, պահել է 6 ամիս, բայց հիմա ուզում է հրապարակել: «Ապերը» փորձեց առարկել, սաստել կնոջը, բայց՝ զուր: «Ապերին» դատավորն ինքը սաստեց՝ «քո ասելով չի»: «Ապերն» արտասվեց: Իսկ գրության բովանդակությունը մոտավորապես հետեւյալն էր. «Եթե այսպես գնա, ինձ են ուզում, որ լինեմ զակազչիկ, անպայման Գրետի հետ խոսեք, հո փափուկ բարձ չի դնում գլխիս տակ: Գրետին ասեք, որ երկար չեմ կարող մնալ: Գրիգորին փոխանցեք, թող ասի՝ ոչ մի բանից տեղյակ չի: Իմ տեղը դաժե արարատցիներին չասեք, ստիպեք թող մի բան անեն, թե չէ չեմ կարում»: Դատավորի այն հարցին, թե ինչու է տիկինը հանկարծ որոշել հայտնվել դատարանում եւ չի սպասել մինչեւ իր ցուցմունքի հերթը գա, վկան պատասխանեց. «Ես հասկացա, որ իմ հերթը չի գալու»: Հետո էլ հավելեց, թե ուզում է օգնել «Ապերին»՝ ճիշտն ասել: Դատավորը դիմեց կողմերին իմանալու՝ վկայի հարցաքննությունն առաջ գցելու նպատակահարմարության մասին նրանց կարծիքը: Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նկատեց, որ դատարանն աշխատում է նախապես որոշված եւ ապացույցների հետազոտման ընդունված կարգով, ուստի չի կարելի այդ միջնորդությունը բավարարել: Ինչ վերաբերում է գրությանը, ապա՝ այն որոշակի բացատրությունների կարիք ունի, որոնք վկան կարող է անել, նաեւ, իր հերթին ցուցմունքներ տալու ժամանակ: Մեղադրողների հետ համակարծիք էր «Ապերի» պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը եւ, ինչպես միշտ, փաստաբան Լուսնթագ Բադալյանը, որը անհանգստություն հայտնեց կնոջն ուղղված անանուն սպառնալիքների կապակցությամբ եւ միջնորդեց արտահերթ կարգով լսել վկայի ցուցմունքը: Ամբաստանյալները դեմ էին վկայի հարցաքննությանը: Իսկ ահա մեղադրողները հակված էին միջնորդության բավարարմանը, բայց միայն այն բանից հետո, երբ դատարան բերվեր Արմեն Սարգսյանն ու նա էլ այդ առնչությամբ կարծիք հայտներ: Հայտարարվեց ընդմիջում: Ա.Սարգսյանին մեկուսարանից դատարան բերեցին: Պարզվեց, որ նրա համար վկայի արտահերթ հարցաքննությունը միեւնույն էր՝ «Ապերը» ինքը թող որոշի: Ես թողնում եմ նրա հայեցողությանը»: Դատարանը վկայակոչելով «ճշմարտությունը բացահայտելու» անհրաժեշտությունն ու «գործի շահերը»՝ որոշեց խախտել սահմանված կարգն ու մեր դատական պրակտիկայում, թերեւս, առաջին ու, թերեւս, վերջին անգամ ամբաստանյալից առաջ հարցաքննեց վկային: Հաջորդեց պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հայտարարությունը: Վերջինս նկատեց, որ վկա Գ.Մելքոնյանի՝ իրենց սպառնալիքների մասին հայտարարությունից բխում է միայն մեկ բան՝ դատարանը պետք է ապահովի վկայի անվտանգությունը եւ ոչ ավելին: Նա մատնանշելով նաեւ վկայի հայտնվելու անհասկանալի հանգամանքները շեշտեց, որ վերջինիս կողմից 6 ամիս պահված գրության մասին հայտարարություն անելը եւ մինչեւ «Ապերը» իրեն հարցաքննելու պահանջը կարող է բացառապես ուղղորդող նշանակություն ունենալ, որը չի կարող նպաստել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը: Բայց որոշումն արդեն կայացված էր: Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքները, հետո, ըստ էության, խոստովանեց իր հայտնության բուն պատճառը՝ «ես պարտավոր եմ պաշտպանել իմ ամուսնուն»: Վկա Գ.Մելքոնյանի ցուցմունք տալը, որքան հասկացանք, նպատակ ուներ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքի հատկապես այս հատվածը. 2002թ. դեկտեմբերի վերջին՝ գիշերային ուշ ժամի, իրենց տուն է զանգել Ա.Սարգսյանը եւ մոտ 10-15 րոպե զրուցել «Ապերի» հետ: Այդ ընթացքում վկան ականջ էր դրել ամուսնու խոսակցությանն ու լսել Ա.Սարգսյանի հետեւյալ արտահայտությունները՝ «այս ազգի մեջ ուրիշ թասիբով մարդ չկա» եւ «մինչեւ Նոր Տարի ձայնը լսեմ»: Իհարկե, վկան դատարանում նկատեց, թե խոսքն «ինչ-որ էրինջ մորթելու եւ դրա ձայնը լսելու մասին էր», որն իրեն տարօրինակ էր թվացել: Վկան համոզմունք հայտնեց, որ լրագրողի սպանության պատվիրատուն հենց Ա.Սարգսյանն է, թեեւ դրա կոնկրետ փաստարկներ չուներ բացի այն, որ ակնհայտորեն չարացած էր Սարգսյանների ընտանիքի վրա, որ իրեն չեն օգնել թաքցնել «Ապերին», հետո նրա համար փաստաբան չեն վարձել եւ այլն: Մեղադրողներին հատկապես հետաքրքրեց վկայի եւ Ա.Սարգսյանի հարցուպատասխանի այն հատվածը, որտեղ Գ.Մելքոնյանն ասաց, թե Ա.Սարգսյանը ամաչելու շատ բան ունի: «Ի՞նչ նկատի ունեք»: «Այն, որ մենք էսպես անտերության էինք մատնվել»,- պարզաբանեց միամիտ վկան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել