Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց

Հոկտեմբեր 03,2003 00:00

«Ապերն» այդպես էլ ցուցմունք չտվեց Եվ դա ձեռնտու էր մեղադրող կողմին Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության երեկվա նիստում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ: Չարդարացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ հայտնած տեսակետը, թե քրգործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը», դուրս է եկել դատախազության նախատեսած սցենարի շրջանակներից եւ փորձում է ինքնուրույն գործել: Հիշեցնենք, որ «Ապերի»՝ դատարանում ցուցմունք տալուց առաջ, ըստ որոշ պնդումների, դատարան էր եկել քրգործի նախաքննությունը վարած ՀԿԳ քննիչ Հ.Սարդարյանը: Նիստերից մեկի ընդմիջման ընթացքում Հովհ. Հարությունյանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, դատարանում արտահերթ ցուցմունք տվեց «Ապերի» կինը: Թերեւս, հենց դրա արդյունքն էր, որ դատավարության երեկվա նիստում «Ապերը» հրաժարվեց ցուցմունքներ տալ կամ պատասխանել կողմերի հարցերին՝ պնդելով իր նախաքննական ցուցմունքները, որոնք մեղադրող կողմի միջնորդությամբ դատարանում հրապարակվեցին: Իսկ այդ ցուցմունքները, դատելով քրգործի նյութերից, տարբեր ժամանակահատվածների կտրվածքով թեեւ խիստ հակասական են, բայց նույնն են մի տեսանկյունից՝ լրագրողի սպանությունը, ամբաստանյալի պնդմամբ, պատվիրել է Արմեն Սարգսյանը, իսկ ինքը միայն միջնորդ է եղել քիլլերներին խոստացված գումարը Գեղամ Շահբազյանի միջոցով հասցնելու համար: «Ապերի» ցուցմունքը, ըստ էության, միակն է, որ ուղղակիորեն հաստատում է Ա.Սարգսյանի՝ Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուն լինելու հանգամանքը: Մյուս ամբաստանյալների նախաքննական ցուցմունքներն այդ իմաստով միայն միջնորդավորված բնույթ են կրել: Մենք մտադիր չենք այսօր անդրադառնալ «Ապերի» ցուցմունքներին մանրամասնորեն՝ նկատի ունենալով, որ առաջիկայում մենք փորձելու ենք համադրել նրա, Լյովա Հարությունյանի եւ Արմեն Սարգսյանի ցուցմունքները՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ որքանով է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը շինծու, ինչպես պնդում են, նրա պաշտպաններն ու ինքը: Առայժմ արձանագրենք միայն, որ Հովհ.Հարությունյանի նախաքննական ցուցմունքի համաձայն, Տ.Նաղդալյանին սպանելու վերաբերյալ Ա.Սարգսյանի հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 24-ին, երբ վերջինս զանգել է «Ապերին» եւ նրա միջոցով քիլլերներին փոխանցել՝ մինչեւ դեկտեմբերի վերջը սպանությունն իրագործելու անհրաժեշտությունը: Լրագրողի սպանության դիմաց կատարողներին գումար վճարելու վերաբերյալ «Ապերն» ու Ա.Սարգսյանը տարբեր ցուցմունքներ են տվել, որոնց դեռ կանդրադառնանք: Դատաքննության երեկվա նիստում, ապացույցների ուսումնասիրման սահմանված կարգի համաձայն, պետք է հրապարակվեին ամբաստանյալ Ա.Սարգսյանի բացակայությամբ մյուս ամբաստանյալների տված դատաքննական ցուցմունքների արձանագրությունները: Սակայն Ա.Սարգսյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ դատարանն իր իրավունքները խախտել է, երբ առանց իր կարծիքը լսելու դատավարությանը մասնակցելու իրավունքից ժամանակավորապես զրկել է իր երկրորդ պաշտպան Հովիկ Արսենյանին: Ամբաստանյալը միջնորդեց հետաձգել դատաքննությունը՝ մինչեւ հստակ լինի Հ.Արսենյանի՝ դատաքննությանը հետագա մասնակցության հարցը, եւ անհրաժեշտության դեպքում, նաեւ, պրոցեսում նոր փաստաբան ընդգրկելու հարցը: Դատախազությունը, որ «Ապերի» ցուցմունք տալու հերթը հասնելուց ի վեր ինքն էր հեշտությամբ համաձայնում ամենատարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հետաձգելու առաջարկություններին, երեկ արդեն միանգամայն այլ կեցվածք դրսեւորեց՝ համառորեն առարկելով հետաձգելուն: Այդուհանդերձ, դատարանը մասամբ բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ այսօր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել