Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական համերգ՝ «հայկական գներով»

Հոկտեմբեր 03,2003 00:00

Ռուսական համերգ՝ «հայկական գներով» Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Յուրմալայում անցկացված «Նովայա վոլնա» էստրադային երգի միջազգային մրցույթի գալա համերգի մասնակիցները հոկտեմբերից կսկսեն իրենց համերգային շրջագայությունը տարբեր երկրներ։ Նրանք առաջինը կայցելեն Հայաստան։ Հոկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու նորահայտ աստղեր Վադիմ Ազարին (ՌԴ), Լեոնին (Շվեդիա), Նիկոլին (Լատվիա), Նելլին (Մոլդովա) եւ «Ռադիոկաֆե» (ՌԴ) խմբին։ Ելույթ կունենան նաեւ երիտասարդների շրջանում սիրված երգիչ Դիմա Բիլանը եւ «Դինամիտ» խումբը։ Իր երբեմնի մրցակիցներին այստեղ կմիանա Յուրմալայում Հայաստանը ներկայացրած երգչուհի Էմմին։ Հայաստանյան այս շոուի կազմակերպիչն է Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը։ Ըստ նրա, երեք ժամանոց շոու-ծրագիրը «գծագրվել» է ռուսաստանյան հանրահայտ «ԱՐՍ» մշակութային կենտրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյի, նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւի եւ «Նովայա վոլնայի» պրոդյուսեր Եվգենի Օռլովի կողմից։ Ն. Սարգսյանը փաստեց, որ, ցավոք, նման շոուների կազմակերպմանը խոչընդոտում է «թափով» հովանավորների բացակայությունը։ «Մենք ընդամենը ունենք մի տաքսի «Մարի» եւ մի «Պիպո» ռեստորան,- ասաց Ն. Սարգսյանը։- Համերգի տոմսերն էլ մատչելի են 1500-3000 դրամ։ Թող ինձ ներեն գործընկերներս, դա հայ արտիստի գին է»։ Իսկ հովանավորների բացը երգչուհին հույս ունի լրացնել հանդիսատեսի մեծ թվի հաշվին։ «70-ականներին երեւանյան դահլիճները միշտ լեփ-լեցուն էին։ Հիմա հանդիսատեսը մի քիչ հետ է սովորել։ Պիտի ձեւեր մտածենք նրան կրկին դահլիճ բերելու»,- ասում է երգչուհին։ Ըստ նրա, շոու-բիզնեսը «փող բերող» ոլորտ է. «Իսկ լավ հովանավորները գումար կդնեն որեւէ երգչի վրա, եթե վստահ լինեն, որ գումարը ավելացած կվերադառնա։ Դրսում, համենայնդեպս, այդպես է։ Իսկ Հայաստանում դեռեւս չի ստացվում»։ Երգչուհին համոզված է, որ իր դստեր՝ Էմմիի «Նովայա վոլնային» մասնակցելով՝ Հայաստանի համար նոր դռներ են բացվել։ Երգչուհու փոխանցմամբ, Լեոնիդ Ագուտինը քանիցս շեշտել է, որ հայաստանցի երգչուհին հայտնություն էր, նույն կարծիքին է եղել նաեւ Եվգ. Օռլովը։ «Եվ սա այն դեպքում, երբ Էմմին այդ բիզնեսն է մտել առանց փողի ու անմիջապես մրցույթից հետո թողարկված CD-ում Մ. Ռասպուտինայի, Ֆ. Կիրկորովի, Ք. Օրբակայտեի, Ա. Ռուսսոյի եւ այլ աստղերի ձայնագրությունների կողքին տեղ է գտել նաեւ Էմմիի կատարումը»,- նկատեց Ն. Սարգսյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել