Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԵՐԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Հոկտեմբեր 04,2003 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՎԵՐԻ ՀԵՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ» Ասում է կրթությամբ մաթեմատիկոս, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Հոկտեմբերի 17-ից «Արդարություն» դաշինքը վերսկսում է հանրահավաքները։ Ի՞նչ խնդիր են հետապնդելու հանրահավաքներն այս անգամ, եւ որքա՞ն լուրջ թափ կարող են հավաքել։ – Այո, իսկապես, դաշինքը որոշել է հանրահավաքները վերսկսել, թե ինչպիսին են լինելու հանրահավաքները, դեռ պիտի քննարկենք, բայց ակնհայտ է, որ երկու կարեւորագույն հարց դրվելու է հանրահավաքի ժամանակ, մեկը «Հանրաքվեի մասին» օրենքի հարցն է, որովհետեւ այս ԱԺ-ում այն մեխանիկական քվեարկությամբ չի անցնի, եթե հասարակական ճնշում չլինի։ Նույնիսկ հասարակական ճնշման առկայության դեպքում Հայաստանի պես պետությունում դժվար է ասել, թե դա ինչ հետեւանքների կբերի։ Բայց մյուս կողմից էլ՝ առանց ճնշումների ընդհանրապես հարց չի լուծվում։ Եվ երկրորդը սոցիալական հարցերն են՝ կապված գների բարձրացման հետ։ Իհարկե, բազմաթիվ ուրիշ հարցեր եւս կշոշափվեն հանրահավաքների ժամանակ։ Հանրահավաքների մի շարք սկսել, որի միջոցով իշխանությունը կտապալվի եւ իշխանության բեկորների վրա ժողովուրդը կհասնի իր երջանկությանը, իհարկե, այսպիսի խնդիր հիմա դնելը ռեալ չէ, բայց, մյուս կողմից էլ՝ ժողովրդի դժգոհությունը արտահայտելով հանրահավաքների միջոցով հնարավոր է նպաստի այս կամ այն հարցի լուծմանը։ Եվ, ինչո՞ւ չէ՝ եթե շղթայական ալիք եղավ, ապա հնարավորություն կլինի ավելի մեծ վերահսկողություն ունենալ իշխանության վրա։ Հայաստանում, ցավոք սրտի, ամեն ինչը 0-1 կարգավիճակով է գնահատվում, կամ դու իշխանությանը գցում ես, կամ՝ չես գցում։ Բայց արանքում բազմաթիվ հարցեր կան եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ բավականին լկտի են արտահայտվում՝ իշխանությունը մենք վերցրել ենք եւ ինչ կուզենք կանենք։ Գոնե պետք է ապացուցենք, որ ինչ-որ ուզում են, չեն կարող անել եւ ժողովուրդը զսպող դեր պիտի կատարի ընդդիմության հետ միասին։ – Դաշինքի ներսում արդյո՞ք լուրջ տարաձայնություններ կան, եթե այո՝ ինչպե՞ս են դրանք դրսեւորվում։ – Դաշինքի ներսում կիսելու բան չկա, որ հակասություններ առաջանան։ Ես զարմանում եմ նման լուրեր տարածողների վրա, միգուցե ոմանց ցանկությունն է, որ դաշինքը տրոհվի կամ ոմանց անհավատությունը, որ ընդհանրապես հայկական քաղաքական ուժերը կարող են երկար միասին լինել։ Ուզում եմ ասել, որ դաշինքի ներսում կիսելու հարցեր չկան եւ քաղաքական պայքարի շարունակության վերաբերյալ նույնպես թեժ վեճեր չկան, որոնք կբերեին տարբեր ճանապարհներով գնալու ցանկությանը։ Ես կարծում եմ, որ դաշինքի ներսում, այսպես կոչված, առճակատման մասին խոսակցությունները լրիվ շինծու են։ – Լավ, ընդդիմությունն իշխանություն է ուզում, ասում է՝ Քոչարյանը պետք է հեռանա։ Բայց չէ՞ որ Ղարաբաղի հարցով եկավ Ռոբերտ Քոչարյանը, եւ ինչպե՞ս եւ ինչո՞ւ հեռանա, բա հարցն ո՞վ է լուծելու, ընդդիմությունը պատրա՞ստ է իր վրա վերցնել Ղարաբաղը։ – Նախ, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռոբերտ Քոչարյանը երկրորդական մարդկանցից մեկն էր։ Ղարաբաղյան շարժումն իր մեջ հսկայական ծավալ է ընդգրկում եւ շատ հարցերում Ռ. Քոչարյանը եղել է աշակերտ, բավականին խելոք աշակերտ եւ շատ բան է սովորել։ Բայց ես կտրականապես դեմ էի Ռ. Քոչարյանին վարչապետ նշանակելուն, առավել եւս՝ նախագահ դառնալու իր ցանկությունն ինձ համար անհասկանալի էր եւ վիրավորական։ Սա անձնական հարց չէ։ Նրան վարչապետ բերելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը խախտեց քաղաքական պատկերը՝ մի կողմից ասվում էր Հայաստանը՝ առանձին, Ղարաբաղը՝ առանձին, բայց մյուս կողմից Ղարաբաղի նախագահին բերում է վարչապետ։ Եվ միայն մեկ խնդիր լուծելու համար՝ մեզ իշխանության եւ ինչ-որ իմաստով ընդդիմության վրա «տղա կանչեր»։ – Արդյո՞ք, Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին եւ ոչ՝ Վազգեն Սարգսյանը։ – Կներեք, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ եւ բացառվում է, որ Վազգեն Սարգսյանի որեւէ ասածը Լեւոն Տեր-Պետրոսյանը չուզելով աներ։ Որոշողը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Եվ հետո, ընդդիմության նպատակն այն չէր, որ անպայման Ռ. Քոչարյանը հեռանա։ Եթե ժողովուրդն ազնվորեն քվեարկեր Ռ. Քոչարյանի օգտին, ես՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, առաջինն իր ձեռքը կսեղմեի եւ կաշխատեի համագործակցել բազմաթիվ հարցերում, որովհետեւ դա կլիներ ժողովրդի ընտրությունը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ներկա ընդդիմության մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բացարձակապես տեղյակ չեն Ղարաբաղի հարցին խորությամբ, բայց կան նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք տեղյակ են։ Եթե խոսքն իմ մասին է, ապա ի սկզբանե ես այդ խնդիրների մեջ եմ եղել։ – Դառնանք տնտեսական աճին, այնուամենայնիվ, իշխանության ներկայացրած թվերը փաստում են, որ երկրում բավականին լուրջ աճ կա։ – Ես թվերի նկատմամբ վստահություն չունեմ, որովհետեւ դեռ Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ այդ թվերի հետ այնպիսի խաղեր սկսվեցին, որ միայն Դավիթ Կոպերֆիլդը կարող էր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թվերի հետ։ Բայց առանց թվերի էլ երեւում է, որ Հայաստանում առաջխաղացում կա։ Բայց այդ առաջխաղացումը կբավարարի՞, որ Հայաստանը դառնա տարածաշրջանում զարգացած պետություն։ Կարծում եմ՝ ոչ։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել