Լրահոս
Օրվա լրահոսը

3700-ԻՑ ԲՈՂՈՔԵԼ Է 30՞-Ը

Հոկտեմբեր 04,2003 00:00

3700-ԻՑ ԲՈՂՈՔԵԼ Է 30՞-Ը Երեկ, երբ «Առնո Բաբաջանյան» դահլիճում ավարտվեց ուսուցիչների տոնին նվիրված միջոցառումը, «Առավոտը» մի քանի հարց ուղղեց Սերգո Երիցյանին: – Մարզերում առկա ուսուցչի 680 թափուր տեղերի համար ունե՞ք դիմումներ, «օպտիմալացված» ուսուցիչներից որեւէ մեկը ցանկություն հայտնե՞լ է՝ մարզեր մեկնելու: – Դիմումներ դեռ չկան, քանի որ այս երկու օրը կարգը պիտի մշակենք: Կհայտարարենք, թերթերում կհրապարակենք, եւ կանցնենք դիմումների ընդունմանն ու քննարկմանը: – Նախարարությունում շա՞տ են դիմում-բողոքները՝ կապված սխալ ուղով տարված «օպտիմալացման» հետ, եւ դրանցով որեւէ մեկը զբաղվո՞ւմ է: – Շատ կան, եւ հիմա ստեղծված են հատուկ խմբեր նախարարության մեջ, որոնք մեկնում են տեղերը, ստուգում են, եւ մենք մի տաս օրվա ընթացքում դա կավարտենք ու ընդհանուր առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացնենք կառավարությանը: – Հարցս վերաբերում էր ոչ միայն օպտիմալացման արդյունքում իրար սխալմամբ միացված դպրոցներին, այլեւ կոնկրետ ուսուցիչներին, որոնց նկատմամբ կամայական մոտեցումներ են դրսեւորել տնօրենները: – Այո, այո, մենք հատուկ խորհրդակցություն ենք արել, մանրամասն քննարկել ենք այդ հարցերը, եւ դիմումներն՝ ըստ հասցեների: Այսինքն, կոնկրետ՝ ո՞ր դպրոցից, որտեղի՞ց, եւ մեր տեսչական ծառայությունը, նաեւ՝ դպրոցական ամբողջ վարչությունը զբաղված է դրանով, որովհետեւ մեզ համար էլ է դա կարեւոր, թե ի՞նչ ձեւով է գնում գործընթացը, եւ ի՞նչ արդյունքներ ունենք: – Այսօրվա դրությամբ ի՞նչ կոնկրետ թիվ կարող եք նշել՝ քանի՞ ուսուցիչ զրկվեց աշխատանքից: – 3700: – Իսկ քանի՞ բողոք կա: – 30-ից ոչ ավելի: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել