Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցի եւ եվրոպացի երեխաների տարբերությունը

Հոկտեմբեր 04,2003 00:00

Ղարաբաղցի եւ եվրոպացի երեխաների տարբերությունը ԱՄՆ անցումային ժողովրդավարության ինստիտուտը շահագրգռված է ժողովրդավարության տարածմամբ կովկասյան տարածաշրջանում, որը պետք է դառնա Եվրոպայի մի մասը: Այդ մասին, ըստ Արմինֆոյի, Ստեփանակերտում հայտարարել է ինստիտուտի ղեկավար, ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը: Նրա խոսքով, 8 տարվա ընթացքում ինստիտուտը զբաղվում է վերջին 10 տարում ձեւավորված անկախ պետություններում ժողովրդավարության խնդիրներով: «Մենք շարունակում ենք համագործակցությունն այն երկրների հետ, որոնք ցանկանում են ինտեգրվել եվրոպական հանրությանը»,- ասել է Բրյուս Ջեքսոնը: Ամերիկացի հյուրը լրագրողներին հաղորդել է, որ եղել է նաեւ Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում, որտեղ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ: Նա նշել է Կովկասում ժողովրդավարական գործընթացների խորացման ոլորտում եվրոպական ոչ կառավարական կառույցների հետ համագործակցելու իր մտադրության մասին: Բրյուս Ջեքսոնը հանդիպում է ունեցել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի անդամների, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության եւ լրագրողների հետ: Միեւնույն ժամանակ, Մեդիամաքս գործակալության հաղորդմամբ, պրն Ջեքսոնը նշել է, թե «առանց հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ ղարաբաղյան խնդրի լուծման չի կարելի խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանի լիարժեք զարգացման մասին: Շատերը Բրյուսելում եւ Վաշինգթոնում գտնում են, որ Կովկասի մասին կարելի է խոսել միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, սակայն մենք արդեն այսօր պետք է պատրաստ լինենք բանավեճին, եւ այդ պատճառով մեզ տեղեկատվություն է պետք»,- ասել է Բրյուս Ջեքսոնը: Նա նշել է նաեւ, թե «մենք դեռեւս պատրաստ չենք մեր ապագա աշխատանքի մասին լուրջ հայտարարություններ անել, սակայն ձգտում ենք շփումներ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների հետ` տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներն ակտիվացնելու նպատակով»: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած հանդիպումից հետո Ջեքսոնն ասել է, որ զգացել է ԼՂՀ նախագահի մտահոգվածությունը տարածաշրջանում առկա չլուծված խնդիրներով: «Դա ողբերգություն է, որ Ղարաբաղի երեխաները չունեն Եվրոպայում ապրող երեխաների հնարավորությունները, եւ այդ անարդարությունը պետք է շտկել»,- նշել է ԱՄՆ Անցումային շրջանում ժողովրդավարությունների ինստիտուտի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել