Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԷՐ ԲԱԺԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 08,2003 00:00

ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԷՐ ԲԱԺԱՆՈՒՄ «Լիակատար պատասխանատվության համար» փոխնախարարների պաշտոնները պետք է կուսակցականացվեն: Կոալիցիոն խորհուրդը երեկ գիշեր երկար-բարակ բանակցությունների մեջ էր՝ փոխնախարարական պորտֆելների բաժանման գործընթացը, ըստ էության, կոալիցիայի երկու անդամներին՝ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին հանգիստ չի տալիս։ Հանրապետականն ավելի հանգիստ է իրեն դրսեւորում, որովհետեւ «երկրորդ ժամկետ» նստելով կառավարությունում, կարողացել է դիրքերն ամրապնդել ու ձեռք բերածը որեւէ կերպ զիջելու մտադրություն չի դրսեւորում։ Ըստ ամենայնի, փոխնախարարական պորտֆելների շուրջ առաջացած կրքերը ուղղորդելու եւ կարգավորելու մտադրություն ունի նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինիս ակտիվ միջամտության արդյունքում է ՀՀԿ-ն համաձայնել որոշ զիջումների՝ այս պահին կոալիցիայի ներսում առճակատումը Ռոբերտ Քոչարյանին բոլորովին ձեռնտու չէ եւ նա ձգտելու է եռյակին իրար գլխի պահել այնքան ժամանակ, որքան իրեն է հարկավոր։ Երեկ ԱԺ-ում հայտնված ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը, ըստ ամենայնի, «հատուկ ուղերձով» էր եկել, եւ ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին թերեւս հրահանգավորեց՝ չափը չանցնել եւ գոհանալ Աստծո տվածով։ Սրանք մեր ենթադրություններն են միայն, որոնք չի բացառվում, որ իրականության հետ աղերսներ ունենան։ Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն եւ ի՞նչ են նրանք ստանալու հանրապետականից։ Երեքն էլ պնդում են, որ կարեւորը սկզբունքներն են, սկզբունքային պայմանավորվածությունը՝ եթե կոալիցիոն պատասխանատվությունն ամբողջական է, ապա ունեցած լծակները եւս պետք է լինեն հավասար։ ՀՅԴ բյուրոյի հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց. «Դաշնակցությունը քանակի խնդիր չի դնում, Դաշնակցությունը գտնում է, որ համատեղ ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, կոալիցիայի կողմերը մասնակից դառնան երկրի կառավարման պրոցեսին։ Հակառակ դեպքում պարզապես դիզբալանս է առաջանում եւ անհասկանալի է դառնում համատեղ պատասխանատվությունն իրականացնելու ընթացքը։ Մեր պահանջը հետեւյալն է՝ քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է տեղյակ լինել քաղաքական նշանակումներից եւ քաղաքական նշանակումները տարածվեն բուրգի այն մասի վրա, որտեղ քաղաքական եւ հայեցողական պաշտոններն են»։ Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշեց, որ այսօր փոխնախարար կամ հայեցողական որեւէ պաշտոն զբաղեցնող մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, պետք է իրենց տեղում շարունակեն աշխատել, «բայց պետք է իմանան, որ նրանք պատասխանատու են կոալիցիայի առաջ, պետք է իմանան, որ կոալիցիան էլ իրենց աշխատանքի համար է պատասխանատու»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ սա է խնդիրը եւ պետք է լուծվի, սա է, որ երկար ժամանակ «նենգափոխվեց, ձեւափոխվեց եւ այլն եւ այլն, մենք շատ նորմալ, բնական պահանջ ենք դրել եւ այդ պահանջը պետք է իրականացվի։ Ամենեւին խոսքը քանակի մասին չէ, սկզբունքը պետք է ընդունվի կոալիցիայի խորհրդի նիստում եւ այս հարցը մենք պետք է մինչեւ վերջ իրականացնենք»։ Փաստորեն, հաստատվեց մեր ավելի վաղ արտահայտած այն միտքը, թե՝ ոչ թե նոր նշանակումների առատություն կլինի, այլ՝ արդեն գործող փոխնախարարներն ու հայեցողական մի շարք պաշտոնյաներ կբոցավառվեն, ասենք, «Մահ կամ ազատություն» գաղափարով եւ հաշվետու կդառնան նույն կոալիցիային։ Արմեն Ռուստամյանը կարեւորեց նաեւ գործադիրում ժամանակ առ ժամանակ առաջացող թափուր տեղերի հարցը. «այդ թափուր տեղերում պետք է նշանակումներ կատարվեն ըստ կոալիցիայի ունեցած համաձայնությունների»։ Առաջացած թափուր տեղերում, ըստ Արմեն Ռուստամյանի, նշանակվում են ՀՀԿ ներկայացուցիչներ, իսկ «Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ն չունեն ներկայացուցիչներ։ Այսինքն՝ սա էլ նորմալ վիճակ չէ, երբ մենք հսկայական մի դաշտի վերաբերյալ ինֆորմացիա չունենալով՝ չենք կարող ծրագրավորել մեր հետագա աշխատանքները, ներկայացնել համապատասխան լուծումներ եւ առաջարկություններ»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ խոսքը միայն գործադիրում լիարժեք մասնակցության մասին է։ Մեզ հետաքրքիր էր, թե երեկվա նիստում կրքերը որքան կարող են շիկանալ, ու եթե ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի սցենարը ՀՀԿ-ն չբավարարի, կլինի՞ կոալիցիայի ապահարզան։ Արմեն Ռուստամյանը կանխատեսումներ չարեց, ասելով, թե խորհրդի նիստում հարցը կա եւ կքննարկվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031