Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանդիսատեսը հյուրերի սրտով է

Հոկտեմբեր 08,2003 00:00

Հայ հանդիսատեսը հյուրերի սրտով է Երեկ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հյուրերը ասուլիս էին հրավիրել հատուկ հայ հանդիսատեսին իրենց երախտագիտությունը հայտնելու։ ՌԴմշակույթի փոխնախարար Իգոր Օվչիննիկովը, Սառա Հիքսոնը (Մեծ Բրիտանիա), «Չելովեկ» պլաստիկ դրամայի թատրոնի գեղղեկավար Իգոր Գրիգուրկոն (Ուլան-Ուդե), «Արտ եւ շոկ» փորձարարական թատրոնի դերասան Վերոնիկա Նասալսկայան (Ղազախստան), «Մոտուս» ընկերությունից դերասան Վոյտա Շվեյդան (Չեխիա) միաբերան խոստովանեցին, որ հայ հանդիսատեսը զգացմունքային է, գրագետ, շռայլ՝ իր գնահատականներում ու ծաղիկներ նվիրելիս։ Ս. Հիքսոնը գոհ էր ոչ միայն թատրոնների ու թատերախմբերի ելույթներից, այլեւ Հայաստանի տեսարժան վայրեր այցելելուց։ Նա նույնիսկ հասցրել էր երկու օր էլ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում դասախոսություն կարդալ ուսանողների համար արտ-մենեջմենթի ոլորտի վերաբերյալ։ Ս. Հիքսոնը անչափ հավանել էր հատկապես Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնում ներկայացված Վահան Բադալյանի «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ» բեմադրությունը։ Ի. Օվչիննիկովը հայկական դերասանական դպրոցը որակեց հզոր, որը մեծ ու լուսավոր էներգիա է փոխանցում։ Իսկ հայ հանդիսատեսին անվանեց պրոֆեսիոնալ։ Բայց ցավով նկատեց, որ այսօր ողջ աշխարհում թատրոնը տանուլ է տվել հեռուստատեսությանը եւ ուր որ է տանուլ կտա ինտերնետին, եթե իսկապես արժեքավոր ու բարձրարվեստ ներկայացումներ չլինեն։ Ի. Գրիգուրկոն երջանիկ էր Փարաջանովի տուն-թանգարան այցելելու մտքից, որին միշտ իր կուռքն է համարել ու պատմություններ լսել նրա մասին իր դասախոսներից։ Վ. Նասալսկայան, որի պապիկն, ի դեպ, հայ է, նշեց. «Ամբողջ Երեւանը լցված է մշակութային էներգիայով։ Հայերն ինտելիգենտ են եւ իրենց շփումներում, եւ գնահատականներում»։ «Սիբյու» փառատոնի կազմակերպիչ Կ. Կիրյուկը, որ երկրորդ անգամ էր Հայաստանում, հայտարարեց, որ չի եկել այստեղ կոմպլիմենտներ անելու։ Նպատակը նոր գործընկերներ, շնորհալի դերասաններ ու թատերախմբեր «հայտնաբերելն» է, որոնց կհրավիրի մասնակցելու 2004թ. մայիսի 28-ից հունիսի 6-ը Ռումինիայում կայանալիք «Սիբյուին»։ Պատրաստվում է համագործակցել Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ։ «Թատերասեր հասարակայնությունն այստեղ այնքան լավ է տրամադրված, որ միջակ ներկայացումներին էլ է դրական արձագանքում, մի բան, որ բնորոշ չէ եվրոպացի հանդիսատեսին։ Վերջիններս ավելի անբարյացակամ են»,- ասաց պրն Կիրյուկը։ Հյուրերին զարմացրել էր նաեւ երիտասարդ հանդիսատեսների մեծ թիվը։ Այս առիթով Ս. Հիքսոնը փաստեց. «Օրինակ, Բրիտանիայում երիտասարդները համարյա թատրոն չեն այցելում։ Իսկ ձեզ մոտ անգամ օտարալեզու ներկայացումներին են նրանք շատ»։ Նշենք, որ հյուրերը եւս 2 օր կանցկացնեն Հայաստանում։ Դեռ պետք է գնահատեն Վանաձորի, Արտաշատի, Ստեփանակերտի դրամատիկական, ինչպես նաեւ Կամերային եւ Մնջախաղի թատրոնների ներկայացումները։ «Հայֆեստ» փառատոնը կփակվի հոկտեմբերի 9-ին Կ. Խեթագուրովի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» (Հարավային Օսեթիա) եւ Հայ դերասանների միության բեմադրած «Համլետ» ներկայացումներով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031