Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇՔՇՈՒԿԻ

Հոկտեմբեր 08,2003 00:00

ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇՔՇՈՒԿԻ Օրերս անդրադարձել էինք շրջակայքում անթույլատրելի հեռավորության վրա կառուցված բենզալցակայանների հետ կապված «Նաիրի» ստադիոնի ճակատագրին։ Մեր դիրքորոշումը հստակ է. ոչինչ չպետք է խանգարի Հայաստանում մարզաբազաների լիարժեք գործունեությանը։ Առավել եւս, որ դա նաեւ պետական ծրագիր է։ Սպորտի ոլորտը, թերեւս, միակն է, որտեղ մինչեւ օրս ոչ մի քառակուսի մետր տարածք չի օտարվել։ Ավելին, եկող տարվանից սկսվելու է Լինսի հիմնադրամով մարզական օբյեկտները վերակառուցելու գործընթացը, որպեսզի դրանք շուրջտարի գործելու հնարավորություն ունենան։ Համենայնդեպս, հիմա այդ ուղղությամբ նախապատրաստական լուրջ աշխատանք է կատարվում։ Քանի որ «Նաիրին» էլ մարզական ոլորտի կառույց է, փորձեցինք տեղեկանալ, թե խնդրի առնչությամբ ի՞նչ է մտածում հանրապետության մարզական ղեկավարությունը։ Ահա թե ինչ ասաց Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը։ «Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը պետական հոգածության ներքո են։ Սպորտի զարգացման նախապայմանը մարզաբազաների խիտ ցանց ունենալն է։ Եղածը պահպանելու համար դժվար պայքար ենք մղել եւ կորուստներից խուսափել հաջողվել է։ Մարզական օբյեկտ նորոգելը, առավել եւս հիմնովին վերակառուցելը ծանր գործ է ներկայիս սուղ պայմաններում։ «Նաիրին» սովորական մարզադպրոց չէ։ Այստեղ մեր մարզական պատմության էջերն են գրվել։ Եվ այն, որ «Փյունիկ» ակումբն այդ բեռը վերցրել է իր ուսերին, միայն ողջունել կարելի է։ Առավել եւս, որ ստադիոնը միջազգային չափանիշներին բարձրացնելու ծրագիր ունի։ Ցավալի է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակին ճիշտ չեն կողմնորոշվել, ու սխալը կարող է խանգարել ծրագիրն ամբողջապես իրականացնելուն։ Իմ կարծիքով, եթե արագ լուծում չտրվի, հարցը պետք է մտցվի ՀԱՕԿ-ի գործկոմ եւ օրակարգային քննարկման առարկա դառնա, հաստատվի համապատասխան դիրքորոշում եւ արվի հայտարարություն»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Մեզ մտահոգողը սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ Ուզում ենք հավատալ, որ կոնկրետ քայլերով իրենց ծանրակշիռ խոսքը կասեն Երեւանի նորանշանակ քաղաքապետը, կառավարությունը։ Եվ եթե նրանց ուժն էլ չպատի՝ սպորտի հարցերում նախանձախնդիր ՀՀ նախագահը։ Իսկ որպեսզի խնդիրը չլրջանա ու չխորանա եւ որպեսզի բենզակայանների տերերն էլ չտուժեն, առաջարկում ենք հետեւյալ տարբերակը։ Նրանց թույլտվություն տվողները թող փոխհատուցեն կատարած ծախսերը եւ նոր հողհատկացում անեն ավելի հարմար տեղերում, թեկուզ, մի քանի հարյուր մետր այն կողմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031