Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ լիազորագրով

Հոկտեմբեր 09,2003 00:00

Կեղծ լիազորագրով Խմբագրություն եկած 89-ամյա Աղվան Վիրաբյանը վրդովմունքով պատմեց, որ իր հարազատ դուստրն ու թոռնուհին իրենից խլել են իր սեփական բնակարանը։ Ըստ Ա. Վիրաբյանի, կնոջը բուժելու նպատակով մի քանի տարի առաջ մեկնել են Լոս Անջելես, որտեղ մշտապես բնակվում է իրենց ավագ դուստրը։ Որոշ ժամանակ անց այնտեղ է հայտնվել երեւանաբնակ դուստրը՝ Գոհարը։ Իսկ ավելի ուշ՝ 2000թ. սեպտեմբերին՝ նաեւ Գոհարի դուստրը՝ Նոնան։ Վերջինիս անակնկալ այցը Գոհարը հորը բացատրել է նրանով, որ Նոնայի եւ նրա ամուսնու ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելու համար անհրաժեշտ է պապի համաձայնությունը, քանի որ հայրը չկա։ Ծերունին հավատացել է եւ նրանց հետ մեկնել ՀՀ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսություն՝ նոտարական կարգով համաձայնությունը վավերացնելու։ Բայց Գոհարի խորամանկ գործողությունների արդյունքում ինքն առերես չի հանդիպել նոտարական գործողությունը ձեւակերպող եւ վավերացնող անձին՝ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Ն. Ղալումյանին։ Գոհարը պատճառաբանել է, թե նա տեղում կլինի հաջորդ օրը։ Որպեսզի տարիքն առած մարդուն երկրորդ անգամ չստիպեն հասնել հյուպատոսություն, հորն առաջարկել է իր ստորագրությունը դնել մաքուր թղթի վրա, որի վրա առանց իր ներկայության հաջորդ օրը կձեւակերպվի եւ կվավերացվի համաձայնությունը։ Հավատացել է ու ստորագրել նրա ցույց տված տեղում։ Իսկ երբ 2001թ. մայիսին վերադարձել է Երեւան, պարզվել է, որ իր ստորագրած մաքուր թղթի վրա ձեւակերպվել է լիազորագիր, որով Ա. Վիրաբյանն իբր լիազորել է թոռնուհու ամուսնուն՝ Ն. Գրբոյանին իր՝ Երեւանի Թոթովենցի փող. 10/1 շենքի 10-րդ բնակարանի նկատմամբ իրավաբանական որոշ գործողություններ կատարել, այդ թվում՝ նվիրել, վաճառել, սեփականատերերին էլ հանել գրանցումից։ Արդյունքում բնակարանը նվիրվել է Նոնային, իսկ օրինական տերերը՝ Աղվան Վիրաբյանը եւ նրա կինը հանվել են գրանցումից։ Լիազորագիրը, որով ծերունիներին զրկել են սեփականությունից կազմված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 40 եւ 49 հոդվածների կոպիտ խախտումներով: Այդ հոդվածների համաձայն, նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել դիմած անձի ինքնությունը, գործունակությունը եւ իրավունակությունը՝ այդ մասին նշելով վավերացվող փաստաթղթի վրա։ Լիազորագրի վերջնամասում նոտարական վավերացում կատարողը հավաստում է. «Լիազորագիրը կազմվել եւ ստորագրվել է ՀՀ քաղաքացի Աղվան Վիրաբյանի կողմից, իմ ներկայությամբ»։ Մինչդեռ լիազորագիրը կազմվել է վավերացումից մեկ օր առաջ (կազմվել է 2000թ. սեպտեմբերի 27-ին, հաստատվել է սեպտեմբերի 28-ին), այլ մարդու ձեռքով։ Լիազորագրի հետ կապված հայտնաբերվել են նաեւ այլ խախտումներ: Սակայն այս ապացույցները հաշվի չառնելով՝ վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տ. Սահակյան) վերաքննելով գործը, մերժել է Ա. Վիրաբյանի հայցը: Ա. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել